Հա

Մարզական

26/04/2022 - 10:00

«Յաղթանակս ԵԱ-ում նւիրում եմ հայ ազգին, մեր զոհւած տղերքին». Էրիկ Իսրայէլեան

Եւրոպայի չեմպիոնութեանը հասայ՝ մեկնարկում յաղթելով թուրքին: Յաղթանակս նւիրում եմ հայ ազգին եւ մեր զոհւած տղերքին: Ուրախ եմ, որ իմ նպատակներից մէկն իրականացաւ:

«alikonline.ir» - Եւրոպայի չեմպիոնութեանը հասայ՝ մեկնարկում յաղթելով թուրքին: Յաղթանակս նւիրում եմ հայ ազգին եւ մեր զոհւած տղերքին: Ուրախ եմ, որ իմ նպատակներից մէկն իրականացաւ:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց բռնցքամարտի երիտասարդների Եւրոպայի նորընծայ չեմպիոն Էրիկ Իսրայէլեանը:

Ապրիլի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացւած բռնցքամարտի երիտասարդների Եւրոպայի առաջնութիւնում 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայէլեանը նւաճեց չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 17-ամեայ երեւանցի բռնցքամարտիկը յաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին:

 

- Էրիկ, շնորհաւորում եմ երիտասարդների Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը նւաճելու կապակցութեամբ: Ի՞նչ զգացողութիւններ ունես: Սպասւա՞ծ էր յաղթանակդ:

- Շնորհակալ եմ շնորհաւորանքի համար: Զգացողութիւններս շատ մեծ են, որովհետեւ դարձել եմ Եւրոպայի չեմպիոն, հասել իմ նպատակներից մէկին:

Յաղթանակները բարդ են տրւում: Սպասւած էր յաղթանակս: Գնացել էի ոսկու յետեւից եւ յետ վերադարձա յաղթանակած, ինչի համար շատ ուրախ եմ:

 

- Ոսկէ մեդալի ճանապարհին 5 մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:

- Մենամարտեր չեմ կարող առանձնացնել, որովհետեւ բոլոր մրցակիցներս էլ ուժեղ բռնցքամարտիկներ էին: Ես հոգեպէս եւ ֆիզիկապէս պատրաստւել էի այս յաղթանակին: Պատրաստւել էի նաեւ այնպէս, որ իմ մենամարտերի ժամանակ կողմնապահութիւն չլինի եւ ստացւեց դա ինձ մօտ:

 

- Ամէն դէպքում ո՞ր մենամարտն ամենալարւածը ստացւեց:

- Այս հարցում էլ չեմ կարող որեւէ մենամարտ առանձնացնել լարւածութեամբ, չնայած իմ քաշում կային Եւրոպայի չեմպիոն, մեդալակիրներ տարբեր տարիների, բայց դա ինձ առանձնապէս չէր անհանգստանում, քանի որ ես գնացել էի մէկ բանի համար՝ չեմպիոն դառնալու նպատակով:

 

- Եզրափակիչ մենամարտի մասին ի՞նչ կասես:

- Եզրափակիչում տան տէրերի հետ էի վիճարկում ոսկէ մեդալը. Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկ էր, որը Եւրոպայի փոխչեմպիոն է: Չէի կենտրոնացել այն մտքի վրայ, որ Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ իրենց երկրում է տեղի ունենում եզրափակիչը: Իմ առջեւ դրել էի մի նպատակ. մտնել ռինգ, ջախջախել մրցակցին եւ չեմպիոնի կարգավիճակով դուրս գալ ռինգից:

 

- Եւրոպայի չեմպիոնի տիտղոսով պարգեւատրւելիս պատւոյ հարթակին ի՞նչ զգացողութիւններ ունեցար:

- Շատ լաւ զգացողութիւններ ունէի: Երբ դեռ չէր սկսել առաջնութիւնը, առաջին օրերին իմ մէջ արդէն զգում էի, որ կանգնելու եմ պատւոյ հարթակի առաջին տեղի աստիճանին, որովհետեւ քրտնաջան աշխատել էի: Ես գիտէի, որ շատ երկար ճանապարհ եմ անցել, յաղթահարել եմ ամէն ինչ, ու վստահ էի, որ կը յաղթահարեմ նաեւ Եւրոպայի առաջնութեան ցանկացած մենամարտ, կիրականանայ իմ նպատակը ու իրականացաւ:

 

- Հաւատո՞ւմ ես ներքին ձայնիդ:

- Այո, այդպէս է ստացւում: Եւրոպայի առաջնութիւնում այսպիսի բան չէր եղել, այսպիսի մենամարտեր դեռ չէին, որ հայ մարզիկը այսպէս մասնակցի: Ես չեմ լսել դեռ նման բան ու չեմ յիշում: 5 յաղթանակ, որից 3-ը նոկաուտով առաջին ռաունդներում, առաջին իսկ վայրկեաններին, իսկ այն երկու մենամարտում յաղթանակը շատ մեծ առաւելութեամբ:

 

- Էրիկ, քանի տարեկանից ես զբաղւում բռնցքամարտով: Ո՞ւմ խորհրդով ես ընտրել բռնցքամարտը:

- Բռնցքամարտով զբաղւում եմ 11 տարեկանից: Ես 17 տարեկան եմ, Երեւանից: Առաջին քայլերս արել եմ մարզիչ Արմէն Յակոբեանի մօտ: Մարզւում եմ «Դինամօ» մարզական ակումբում: Մանկուց սիրել եմ բռնցքամարտը: Ինձ միշտ գրաւել է այս մարզաձեւը, միայն «բռնցքամարտ» անունը արդէն գրաւիչ է: Չնայած սիրել եմ, հետեւել եմ տարբեր բռնցքամարտիկների մենամարտերի, բայց մարզաձեւով սկսել եմ զբաղւել հայրիկիս որոշմամբ:

Տարբեր միջազգային մրցաշարերի յաղթող եմ ճանաչւել, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, մասնակցել եմ նաեւ 2021 թւականի երիտասարդների Եւրոպայի առաջնութեանը եւ նւաճել բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում յաղթել էի Բուլղարիան ներկայացուցիչին, բայց մրցավարների կողմնապահութեան պատճառով յաղթանակը տւեցին մրցակցիս, եւ ես բաւարաւեցի բրոնզէ մեդալով:

 

- Զրոյցի սկզբում նշեցիր, որ Եւրոպայի չեմպիոնութիւնը քո նպատակներից մէկն էր: Ո՞րն է մեծ նպատակն ու երազանքդ մեծ սպորտում:

- Նպատակները շատ են սիրողական բռնցքամարտում, բայց նաեւ իմ նպատակն է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն: Դրա համար պէտք շատ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել, մարզւել ու մարզւել:

 

- Ո՞ւմ ես նւիրում յաղթանակդ։

- Նւիրում եմ հայ ազգին, մեր զոհւած տղերքին: Ինձ համար շատ կարեւոր էր այս յաղթանակը: Այս յաղթանակին հասայ՝ մեկնարկում թուրքին յաղթելով: Մեկնարկային մենամարտում մրցակիցս ազգութեամբ թուրք էր, բայց ներկայացում էր Գերմանիան: Մենամարտը վայրկեաններ անգամ չտեւեց, ես նրան տապալեցի յատակին եւ յաղթեցի նոկաուտով:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։