Հա

Մարզական

26/04/2022 - 13:20

«Պրոֆեսոր» պատւանունով հայ մարզիչը. Մեհրաբեանը մարզել է Իրանի ու ԱՄԷ-ի հաւաքականները

Sputnik Արմենիան պատմում է յայտնի իրանահայ ֆուտբոլիստ եւ մարզիչ Գառնիկ Մեհրաբեանի մասին։ Նա ոչ միայն հայկական թիմ է մարզել, այլեւ եղել է Իրանի եւ ԱՄԷ-ի հաւաքականների մարզիչը, աշխատել Միացեալ Նահանգներում։

«alikonline.ir» - Sputnik Արմենիան պատմում է յայտնի իրանահայ ֆուտբոլիստ եւ մարզիչ Գառնիկ Մեհրաբեանի մասին։ Նա ոչ միայն հայկական թիմ է մարզել, այլեւ եղել է Իրանի եւ ԱՄԷ-ի հաւաքականների մարզիչը, աշխատել Միացեալ Նահանգներում։

Իրանահայ ֆուտբոլային շրջանակներում թերեւս դժւար է գտնել մէկ այլ մասնագէտի, որն այդքան հանրայայտ լինի, որքան Գառնիկ Մեհրաբեանը։ Լեգենդար մարզիչը մինչ օրս համընդհանուր սէր ու յարգանք է վայելում ոչ միայն Իրանում, այլեւ նրա սահմաններից դուրս եւ կրում է «պրոֆեսոր» մականունը։

Գառնիկ Մեհրաբեանը ծնւել է 1937 թւականի սեպտեմբերին, Թեհրանում։ Նրա մասին առաջին անգամ ֆուտբոլային շրջանակներում լսեցին 1954 թւականին, երբ սկսեց խաղալ «Թաջ» թիմում՝ որպէս կիսապաշտպան։ Տասնեօթամեայ տաղանդաւոր երիտասարդը շուտով հաստատւեց ակումբի հիմնական կազմում։

Մեհրաբեանը «Թաջ»-ում անցկացրեց ինը մրցաշրջան՝ վայելելով երկրպագուների սէրն ու յարգանքը։

Յատկանշական է, որ նա ոչ միայն ձգտում էր բարելաւել իր խաղամակարդակը, այլեւ ուշադիր հետեւում էր մարզիչ Ալի Դանայֆարդի աշխատանքին, որին երկրպագուներն աստւածացնում էին՝ անւանելով «Թաջի հայր»։ Մեհրաբեանը կարծես կանխազգում էր, որ հետագայում զբաղւելու է մարզչական գործունէութեամբ։ «Նա ազնիւ, յարգւած մարդ էր։ Հէնց նրան եմ պարտական ​​այն ամենի համար, ինչ սովորել եմ ֆուտբոլում»,- ասել է մեր հայրենակիցը։

1963 թւականը շրջադարձային էր Գառնիկ Մեհրաբեանի կեանքում։ Նա տեղափոխւեց Թեհրանի հայկական «Արարատ» ակումբ, որում առաջին երկու մրցաշրջաններն անցկացրեց որպէս խաղացող-մարզիչ, իսկ յետոյ զբաղւեց բացառապէս մարզչական աշխատանքով։

Իրանահայերի սիրելի թիմում խաղում էին բարձրակարգ վարպետներ, որոնց մարզելը մեծ պատասխանատւութիւն էր։ Շուրջ տասը տարի Մեհրաբեանը պատւով կատարեց իր առաքելութիւնը՝ բազմաթիւ յիշարժան էջեր գրելով իրանական ֆուտբոլի տարեգրութեան մէջ։ Նրա ամենայայտնի սաներից են Անդրանիկ Էսկանդարեանն ու Կարօ Հախվերդեանը, որոնք մեծ յաջողութիւնների են հասել իրանցիների` «Մելլիների» հաւաքականում։ Հետաքրքրութիւնն «Արարատ»-ի նկատմամբ, որն այն ժամանակ գտնւում էր թեհրանահայերի հոգածութեան ներքոյ, կտրուկ աճեց, երբ թիմը սկսեց հանդէս գալ Իրանի առաջնութեան բարձրագոյն լիգայում։ Գառնիկ Մեհրաբեանը նոր շունչ հաղորդեց ակումբին, արմատապէս փոխեց մարտավարութիւնը։

«Արարատ»-ը Մեհրաբեանի գլխաւորութեամբ դարձաւ յարձակողական ոճի մարտունակ թիմ։ Նոյնիսկ պատահել է այնպէս, որ իրանական ֆուտբոլային հսկաների՝ «Էսթեղլալ»-ի եւ «Պերսեպոլիս»-ի չեմպիոնական մրցավազքի ճակատագիրը որոշւել է հէնց հայկական ակումբի հետ սկզբունքային խաղերում։

Մեհրաբեանի աշխատանքն աննկատ չմնաց, եւ նա 1973 թւականին հրաւէր ստացաւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գլխաւորելու երկրի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների հաւաքականը։ Հայ մասնագէտն անմիջապէս նկատում էր խոստումնալից ֆուտբոլիստներին, որոնց օգնում էր բացւել եւ կատարելագործել խաղային հմտութիւնները։ Պատահական չէ, որ երկու տարի անց նա ընդգրկւեց ազգային հաւաքականի մարզչական խմբում։ 1975 թւականին «Մելլիների» ընտրանին գլխաւորեց իռլանդացի փորձառու մասնագէտ Ֆրենք Օ’ Ֆարրէլը, որը մինչ այդ հանդէս էր եկել Իռլանդիայի ազգային հաւաքականում, իսկ 1970-ականների սկզբին մարզչական մկրտութիւն էր ստացել տիտղոսակիր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում։ Գառնիկ Մեհրաբեանն Իրանի հաւաքականում դարձաւ իռլանդացի մասնագէտի աջ ձեռքը, առաջին օգնականը։

Օ'Ֆարրէլը նախընտրում էր պաշտպանական մարտավարութիւնը, հետեւաբար, Մեհրաբեանն առաջարկեց իռլանդացուն մտածել Անդրանիկ Էսկանդարեանի մասին։ «Ես նրան ասացի, որ Էսկանդարեանի շնորհիւ կարող է լուծել պաշտպանութիւնում առկայ խնդիրները։ Ես նրան չյորդորեցի Էսկանդարեանին հաւաքական հրաւիրել զուտ նրա համար, որ իմ հայրենակիցն է, այլ պարզապէս Անդրանիկն իրօք այդ պահին ամենայարմար տարբերակն էր ազգային ընտրանու պաշտպանական գծի համար»,- յիշում է Գառնիկ Մեհրաբեանը։ Ի վերջոյ, Էսկանդարեանի ընտրութիւնն արդարացւեց, Իրանի հաւաքականն Էսկանդարեանի հետ 1976 թւականին դարձաւ Ասիայի չեմպիոն, իսկ 1978 թւականին մասնակցեց Արգենտինայում կայացած աշխարհի առաջնութեանը։

Հետագայում «պրոֆեսոր» Մեհրաբեանն ապացուցեց, որ կարող է յաջողութեամբ աշխատել ոչ միայն հայկական թիմի հետ։ Թաւրիզի « Մաշին Սազի» ակումբը նրա շնորհիւ զգալիօրէն բարելաւեց դիրքերը երկրի առաջնութիւնում։ «Ես Թաւրիզ եկայ 1978 թւականին, տեղի երկրպագուներն ինձ ընդունեցին ջերմութեամբ։ Թիմի իւրաքանչիւր խաղի ժամանակ լեփ-լեցուն տրիբունաներում մարզասէրները խանդավառութեամբ աջակցում էին իրենց սիրելի թիմին։ Յատկապէս զօրեղ մրցակիցների հետ խաղերից առաջ իմ սաներին յորդորում էի չվախենալ, գործել կազմակերպւած ու համարձակ` մոռանալով այն հանգամանքը, որ մրցակիցներից շատերը հանդէս էին գալիս ազգային հաւաքականի կազմում»,- յիշում է Մեհրաբեանը։ Հոգեբանական աշխատանքը տալիս էր սպասւած արդիւնքը, «Մաշին Սազի»-ն իւրաքանչիւր խաղում ճակատամարտ էր տալիս մրցակիցների հետ, իսկ երկրպագուները գլխաւոր մարզչին տանում էին ձեռքերի վրայ։

Շուտով հայ մասնագէտի մասին խօսեցին Իրանից դուրս, եւ նա 1980 թւականին տեղափոխւեց ԱՄԷ, որտեղ ընդգրկւեց այդ երկրի ազգային հաւաքականի մարզչական խմբում։ Ի դէպ, արաբների գլխաւոր մարզիչն էր իրանցի Հեշմաթ Մոհաջերանին, որը շատ լաւ գիտէր Գառնիկ Մեհրաբեանի ներուժը, եւ անձամբ պնդել էր, որ իր անմիջական օգնականը լինի հայ մասնագէտը։ Յատկանշական է, որ մեր հայրենակիցը ԱՄԷ-ում մարզել է նաեւ տեղի «Ռաս Ալ-Խայմա» եւ «Դիբբա Ալ-Հիսն» ակումբները։

Իրանում տեղի ունեցած իսլամական յեղափոխութիւնը, իսկ յետոյ նաեւ պատերազմն Իրաքի հետ փոխեցին շատերի, այդ թւում՝ մարզիչների ու ֆուտբոլիստների ճակատագրերը։ Շատերը մեկնեցին արտասահման։ Նրանց թւում էր նաեւ Գառնիկ Մեհրաբեանը, որը հետագայում բնակութիւն հաստատեց ԱՄՆ-ի Գլենդէլ քաղաքում։ Անխոնջ մասնագէտն այնտեղ էլ ձեռքերը ծալած չնստեց` 2007 թւականին հիմնելով իր ֆուտբոլային ակադեմիան եւ «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։