Հա

Մարզական

10/05/2022 - 10:15

«Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին». Գարիկ Կարապետեան

Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ այս խորհրդանշական՝ յաղթանակի օրւան: Սա բոլորիս յաղթանակն է՝ հաւաքականինը, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգինն ու Հայաստանինը:

«alikonline.ir» - Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ այս խորհրդանշական՝ յաղթանակի օրւան: Սա բոլորիս յաղթանակն է՝ հաւաքականինը, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգինն ու Հայաստանինը:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում Յունաստանից ասաց ծանրամարտի երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետեանը:

Յունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացւած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետեանը երկրորդ տարին անընդմէջ նւաճեց չեմպիոնի տիտղոսը:

Երկամարտում Կարապետեանը գրանցեց 370 կգ արդիւնք (170+200), 15 կգ-ով աւելի նախորդ տարւայ արդիւնքից:

 

- Գարիկ, երկրորդ տարին անընդմէջ նւաճում ես երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ տպաւորութիւններ ունես: Յաղթանակդ սպասւա՞ծ էր:

- Շատ ուրախ եմ այս յաղթանակի համար: Սպասւած էր: Բոլորն էլ սպասում էին, որ կրկնեմ նախորդ տարւայ յաջողութիւնս: Զգացողութիւններս բառերով կը դժւարանամ փոխանցել: Ինձ յատկապէս շատ ոգեւորեց այն, որ յաղթանակովս ոչ միայն ես եմ ուրախացել, այլ նաեւ ամբողջ ազգը ինձ հետ միասին: Քանի որ յաղթանակի օրն եմ դարձել չեմպիոն, նւիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ բոլորիս համար կարեւոր՝ յաղթանակի օրւան:

Երբ նախորդ տարի դարձայ աշխարհի չեմպիոն, ուրախութիւնս շատ աւելի մեծ էր, կրկնապատիկ էր: Այս անգամ մի փոքր այլ էր: Յոյզերի առումով համեմատաբար հանգիստ էի, ասես՝ սովորած լինէի: Զգացողութիւններս կրկնապատկւեցին, երբ տեսայ, թէ ինչպէս է իմ ազգն ուրախացել իմ յաղթանակով:

 

- Պոկում վարժութիւնում 170 կգ արդիւնք գրանցեցիր, հրումում՝ 200 կգ: Սա այն էր, ինչ կարո՞ղ էիր այդ պահին, թէ՞ կարող էիր աւելին:

- Կարծում եմ՝ երկու վարժութիւններում էլ 5 կգ աւելի կարող էի բարձրացնել, եթէ եւս մեկական մօտեցման հնարաւորութիւն ունենայինք: Մարզումներին այս քաշերից աւել չէի արել, բայց այս պահին, այս մրցահարթակում պատրաստ էի նաեւ աւելին անել:

 

- Ինչպէ՞ս ընտրեցիր ծանրամարտը կեանքի ուղի: Ե՞րբ եւ որտե՞ղ ես արել առաջին քայլերդ:

- Ես Գիւմրիից եմ, 19 տարեկան: Ծանրամարտով զբաղւում եմ 10 տարեկանից: Հայրս նախկին ծանրորդ է՝ Ալեքսան Կարապետեան: Նրա խորհրդով որոշեցի շարունակել այդ ճանապարհը: Առաջին անգամ նրա հետ եմ յաճախել մարզման եւ ինքն էլ եղել է իմ առաջին մարզիչը: Մարզւում եմ Գիւմրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

 

- Ի՞նչն է գրաւում ծանրամարտում:

- Ամէն ինչ ինձ դուր է գալիս այս մարզաձեւում՝ ծանրաձողի հետ կռւելը, մրցակիցների հետ պայքարը, ուժը, ծանրութիւնը յաղթահարելը:

 

- Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

- Դեռ 19 տարեկան եմ: Եւս երկու տարի հանդէս կը գամ երիտասարդական հաւաքականում: Երազանքս օլիմպիական ոսկէ մեդալակիր դառնալն է, մեծահասակներում աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոնի կոչումները նւաճելը: Երբ տեղափոխւեմ մեծահասակներ, քաշս կը փոխեմ 102 կգ եւ կը պայքարեմ օլիմպիական վարկանիշների համար: Չեմ կարծում, որ կը հասցնեմ պայքարել 2024 թւականի Փարիզի Օլիմպիական խաղերի համար, բայց 2028-ին վստահ արդէն կը լինեմ պայքարում:

 

- Հայաստանի ազգային հաւաքականն աշխարհի ուժեղագոյններից է: Ո՞ւմ հետքերով կը ցանկանայիր գնալ:

- Մեծերի հաւաքականից բոլորն ինձ հոգեհարազատ են. իմ ընկերներն են:  Իւրաքանչիւրի յաղթանակով շատ եմ ուրախանում: Ինձ բոլորը ոգեշնչում են: Նրանցից իւրաքանչիւրի յաղթանակով ուրախանում եմ, հպարտանում:

Ինչպէս իւրաքանչիւրի յաղթանակ, իմ այս յաղթանակն էլ բոլորինս է. միայն իմը չէ, մեր հաւաքականինն է, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգին է եւ Հայաստանինը:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։