Երէկ՝ մայիսի 22-ին, տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան ֆուտբոլի ակադեմիայի աշխատանքների մեկնարկման համաձայնագրի ստորագրման միջոցառումը:
«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 22-ին, տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան ֆուտբոլի ակադեմիայի աշխատանքների մեկնարկման համաձայնագրի ստորագրման միջոցառումը:
«Արարատ»-ի ֆուտբոլային նոր ակադեմիան իր աշխատանքները մեկնարկում է նոր ոճով՝ 6-14 տարիքային անձանց համար: Նախագիծն «Արարատ»-ն իրականացնում է՝ համագործակցելով իրանահայ անւանի ֆուտբոլիստ Էդմոնդ Բզիկի հետ:
«Արարատ»-ի ֆուտբոլային ակադեմիայի համաձայնագրի ստորագրման միջոցառումը մեկնարկեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանի ելոյթով, նա ողջունեց ներկաներին, ապա կարեւորեց օրւայ խորհուրդը, որն առնչւում է մարզական ոլորտի զարգացմանը եւ մասնաւորապէս կարեւորեց ֆուտբոլի վետերանների ներկայութիւնը՝ միջոցառմանը: Այնուհետեւ անդրադարձաւ ոլորտի զարգացման ուղղութեամբ ֆուտբոլի ակադեմիայի համար նախատեսւած ծրագրերին:
Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի նախագահ Հենրիկ Խալոյեանն, որի ընթացքում ներկայացրեց կազմակերպութեան զարգացման ուղղութեամբ մարզական ոլորտի, մասնաւորապէս՝ ֆուտբոլի մարզաձեւի ունեցած կարեւորութիւնը եւ շեշտեց, որ այսօր էլ կազմակերպութիւնը շարունակում է վայլելել «Արարատ»-ի ֆուտբոլի արձանագրած ժամանակի փառքն ու հեղինակութիւնը: Նրա խօսքով՝ մասնաւորապէս՝ ֆուտբոլի մարզումների եւ ընդհանուր առմամբ ֆուտբոլային համակարգի վերականգնումը «Արարատ»-ի համար օրակարգային այն կարեւոր կէտերից մէկն է, որը դարձել է ակադեմիայի հիմնման շարժառիթը:
Հենրիկ Խալոյեանը, կարեւորեց նոր սերնդի դաստիարակութեան, զարգացման եւ առաջընթացի ապահովման ուղղութեամբ, մարզական ոլորտի ունեցած նշանակալի ազդեցութիւնը եւ ֆուտբոլի ակադեմիայի ձեւաւորումը համարեց այն կարեւոր քայլերից մէկն, որը կարող է նպաստել նոր սերնդի բազմակողմանի աճին: Այնուհետեւ անդրադարձաւ «Արարատ»-ի եւ վաստակաւոր ֆուտբոլիստ Էդմոնդ Բզիկի միջեւ ձեւաւորւած նոր համագործակցութեան համաձայնագրին:
Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահը շեշտեց, որ համագործակցութեան միջոցով նպատակ ունեն համախմբել ֆուտբոլասէր պատանիների եւ երիտասարդութեանը, այնուհետեւ անդրադարձաւ ֆուտբոլի դպրոցի տարիքային բաժանման հարցին:
Օրւայ ընթացքում նաեւ ելոյթ ունեցաւ վաստակաւոր ֆուտբոլիստ Էդմոնդ Բզիկը, նա ուրախութիւն յայտնեց ձեւաւորւած համաձայնագրի եւ «Արարատ»-ի ֆուտբոլի վերականգման ուղղութեամբ կատարւած քայլերի վերաբերեալ: Նա շեշտեց, որ իր ջանքերը գործադրելու է ապահովելու դրական արդիւնքներ: