Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցաւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում:
«alikonline.ir» - Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցաւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում: Տեղեկացնում է Sport.News.am-ը:
81 կգ քաշային կարգում բոլորին յետ թողեց Ռաֆայէլ Յարութիւնեանը: Երիտասարդների աշխարհի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):
Այս քաշային կարգում Հայաստանի միւս մասնակից Կարէն Մարգարեանը երկամարտի 337 կգ-ով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Պոկում վարժութիւնում Ռաֆայէլ Յարութիւնեանը ձախողեց առաջին մօտեցումը, որի համար պատւիրել էին 155 կգ-ը: Երկրորդ մօտեցմամբ դժւարութեամբ, բայց բարձրացրեց 155 կգ-ն: Երրորդ մօտեցման համար հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանը պատւիրեց 160 կգ եւ Ռաֆայէլ Յարութիւնեանը յաջողութեամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Այս վարժութիւնում Ռաֆայէլ Յարութիւնեանը նւաճեց փոքր արծաթէ մեդալ:
Կարէն Մարգարեանն առաջին մօտեցմամբ բարձրացրեց 152 կգ, երկրորդ մօտեցմամբ ձախողեց 156 կգ-ը, երրորդ մօտեցումը եւս ձախողեց եւ այս վարժութիւնն աւարտեց 152 կգ-ով:
Հրում վարժութիւնը Ռաֆայէլ Յարութիւնեանը պայքարը սկսեց 187կգ-ով: Երկրորդ մօտեցման համար Փաշիկ Ալավերդեանը պատւիրեց 194 կգ, որը հրելու դէպքում Ռաֆայէլ Յարութիւնեանը դառնում է Եւրոպայի չեմպիոն եւ Հայաստանի հաւաքականի անդամը յաջողութեամբ հրում է 194 կգ-ը՝ ապահովելով իր տեղը երկամարտի առաջին տեղում:
Ռաֆայէլ Յարութիւնեանը հրաժարւեց երրորդ մօտեցումից եւ նւաճեց այս վարժութեան փոքր ոսկէ մեդալը:
Կարէն Մարգարեանը առաջին փորձով հրեց 185 կգ: Երկրորդ մօտեցմամբ ձախողեց 190 կգ-ը, երրորդով՝ 192 կգ-ն: