Շատ էի սպասել այս օրւան: Յաղթանակս նւիրում եմ ընտանիքիս եւ ամբողջ հայ ազգին:
Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում Ալբանիայից ասաց ծանրամարտի Եւրոպայի նորընծայ չեմպիոն Ռաֆայէլ Յարութիւնեանը:
«alikonline.ir» - Շատ էի սպասել այս օրւան: Յաղթանակս նւիրում եմ ընտանիքիս եւ ամբողջ հայ ազգին:
Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում Ալբանիայից ասաց ծանրամարտի Եւրոպայի նորընծայ չեմպիոն Ռաֆայէլ Յարութիւնեանը:
Յունիսի 1-ին Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցաւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում
81 կգ քաշային կարգում բոլորին յետ թողեց Ռաֆայէլ Յարութիւնեանը: Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):
- Ռաֆայէլ, շնորհաւորում եմ չեմպիոնի տիտղոսը նւաճելու կապակցութեամբ: Ի՞նչ տպաւորոթիւններ ունես: Սպասւա՞ծ էր յաղթանակդ:
- Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ յաղթանակիս կապակցութեամբ: Տպաւորութիւններիս մասին միայն կասեմ, որ այժմ հանգստութիւն եմ զգում, որովհետեւ ինչպէս շատերը, ես նոյնպէս շատ էի սպասել այս օրւան:
- Ինչպէ՞ս կը մենաբանես ելոյթդ. պոկում վարժութեան առաջին մօտեցումը ձախողեցիր: Ինչպէ՞ս ինքդ քեզ տրամադրեցիր երկրորդ, երրորդ մօտեցումներին:
- Ձախողմանս պատճառը վստահութիւնն էր, ինչի պատճառով աւելի քիչ էի տրամադրւել առաջին մօտեցմանը, քան երկրորդին, երրորդին:
Գոհ եմ իմ մրցելոյթից, քանի որ յաղթեցի: Պոկում վարժութիւնում ես բարելաւեցի իմ անձնական ռեկորդը: Հրումում աւելին էի արել եւ, կարծում եմ, պատրաստ էի կրկնել մարզումների ընթացքում բարձրացրածս կիլոգրամները, ինչու չէ նաեւ աւելացնել:
- Բաւական երկար ճանապարհ ես անցել այս արդիւնքին հասնելու համար: Կար ժամանակ, երբ քեզ տեսնում էինք 81 կգ քաշայինների պայքարում B խմբում: Ի՞նչը բերեց քեզ այս յաղթանակին:
- Կոնկրետ այդ մրցաշարում, որտեղ ես B խմբում էի հանդէս եկել, ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ երրորդ տեղին պարտւեցի ընդամէնը մէկ կիլոգրամով:
Այս յաղթանակին հասել եմ միայն չյանձնւելով, որի համար շնորհակալ եմ իմ ընկերներին եւ բոլոր մարզիչներին, որոնք իրենց ներդրումն ունեն իմ նւաճման մէջ:
- Ո՞րն է լինելու յաջորդ քայլդ, յաջորդ կէտը, որին ձգտելու ես հասնել:
- Յաջորդն ըստ ժամանակացոյցի մինչեւ 23 տարեկանների Եւրոպայի առաջնութիւնն է, իսկ դրանից յետոյ մեծահասակների աշխարհի առաջնութիւնը: Նախնական տւեալներով՝ երկուսին էլ մասնակցելու եմ:
- Ո՞ւմ ես նւիրում յաղթանակդ:
- Առաջինն իմ ընտանիքին, որն ինձ համար լայն հասկացողութիւն է: Յաղթանակս նւիրում եմ նաեւ ամբողջ հայ ազգին:
Լուսինէ Շահբազեան