Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբեանը
«alikonline.ir»- Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ «Արարատ»-ի նախկին խաղացող, մարզիչ Գառնիկ Մեհրաբեանը:
Գառնիկ Մեհրաբեանը բազմաթիւ հեղինակային ակումբների, այդ թւում՝ իրանական «Էսթեղլալ»-ի նախկին խաղացողն էր եւ նա մահացել է արտերկրում, հաղորդում է khabaronline-ը:
Գառնիկ Մեհրաբեանը ծնւել է 1937 թւականի սեպտեմբերին, Թեհրանում։
Ֆուտբոլային կարիերան մեկնարկել է հեղինակաւոր «Թաջ» թիմում:
1963 թւականը շրջադարձային էր Գառնիկ Մեհրաբեանի կեանքում։ Նա հէնց այդ թւականին տեղափոխւել է «Արարատ», որտեղ առաջին երկու մրցաշրջաններն անցկացրել է որպէս խաղացող-մարզիչ, իսկ յետոյ զբաղւել է բացառապէս մարզչական աշխատանքով։
Շուրջ տասը տարի Մեհրաբեանը պատւով կատարել է իր առաքելութիւնը՝ բազմաթիւ յիշարժան էջեր գրելով իրանական ֆուտբոլի տարեգրութեան մէջ։ Նրա ամենայայտնի սաներից են Անդրանիկ Էսկանդարեանն ու Կարօ Հախվերդեանը, որոնք մեծ յաջողութիւնների են հասել Իրանի ազգային հաւաքականում։
Գառնիկ Մեհրաբեանը նոր շունչ է հաղորդել «Արարատ»-ի ֆուտբոլին:
«Արարատ»-ը Մեհրաբեանի գլխաւորութեամբ դարձել է յարձակողական ոճի մարտունակ թիմ։
Նոյնիսկ պատահել է այնպէս, որ իրանական ֆուտբոլային հսկաների՝ «Էսթեղլալ»-ի եւ «Պերսեպոլիս»-ի չեմպիոնական մրցավազքի ճակատագիրը որոշւել է հէնց հայկական ակումբի հետ սկզբունքային խաղերում։
Հետագայում Մեհրաբեանն ապացուցել է, որ կարող է յաջողութեամբ աշխատել ոչ միայն հայկական թիմի հետ։ Թաւրիզի «Մաշին Սազի» ակումբը նրա շնորհիւ զգալիօրէն բարելաւել է դիրքերը երկրի առաջնութիւնում։
Մեհրաբեանի աշխատանքն աննկատ չի մնացել, եւ նա 1973 թւականին հրաւէր է ստացել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գլխաւորելու երկրի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների հաւաքականը։ Հայ մասնագէտն անմիջապէս նկատել է խոստումնալից ֆուտբոլիստներին, որոնց օգնում էր բացւել եւ կատարելագործել խաղային հմտութիւնները։ Պատահական չէ, որ երկու տարի անց նա ընդգրկւել է ազգային հաւաքականի մարզչական խմբում։ 1975 թւականին «Մելլիների» ընտրանին գլխաւորել է իռլանդացի փորձառու մասնագէտ Ֆրենք Օ’ Ֆարրէլը, որը մինչ այդ հանդէս էր եկել Իռլանդիայի ազգային հաւաքականում, իսկ 1970-ականների սկզբին մարզչական մկրտութիւն էր ստացել տիտղոսակիր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում։ Գառնիկ Մեհրաբեանն Իրանի հաւաքականում դարձել է իռլանդացի մասնագէտի աջ ձեռքը, առաջին օգնականը։
Հայ մասնագէտը 1980 թւականին տեղափոխւել է ԱՄԷ, որտեղ ընդգրկւել է այդ երկրի ազգային հաւաքականի մարզչական խմբում:
Մեհրաբեանը, որը հետագայում բնակութիւն է հաստատել ԱՄՆ-ի Գլենդէլ քաղաքում 2007 թւականին հիմնել է իր ֆուտբոլային ակադեմիան եւ «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբը։
Աղբիւրը՝ Sputnikarmenia