Հա

Մարզական

27/06/2022 - 14:10

«Մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ». Ռեքս Կալամեան

Մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ, ինձ այստեղ ամէն ինչ դուր է գալիս: Հայաստանի հաւաքականը շատ աշխատասէր բասկետբոլիստներով է համալրւած, ինչն ամենակարեւորն է ինձ համար:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանի բասկետբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ, NBA մարզիչ Ռեքս Կալամեանը:

«alikonline.ir» - Մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ, ինձ այստեղ ամէն ինչ դուր է գալիս: Հայաստանի հաւաքականը շատ աշխատասէր բասկետբոլիստներով է համալրւած, ինչն ամենակարեւորն է ինձ համար:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանի բասկետբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ, NBA մարզիչ Ռեքս Կալամեանը:

Յունիսի 23-26-ը Երեւանում անցկացւած SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամեանի գլխաւորութեամբ Հայաստանի հաւաքականը 6 տարւայ դադարից յետոյ երեք խաղ անցկացրեց, որից երկուսում յաղթեց, մէկում՝ պարտւեց: Հայաստանի հաւաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը: Յաղթող դարձաւ Իրանի հաւաքականը:

Հայաստանի հաւաքականը յունիսի 27-ին կը մեկնի Մալթա, որտեղ յունիսի 28-ից յուլիսի 3-ը կը մասնակցի փոքր երկրների Եւրոպայի առաջնութեանը:

 

- Պարոն Կալամեան, Ձեր գլխաւորած թիմը երկու յաղթանակից յետոյ պարտւեց Սիրիայի հաւաքականին: Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի հաւաքականի ելոյթները SADA Cup-ում:

- Սիրիայի հետ խաղում վերջին մի քանի րոպէները մեզ համար բարդ ստացւեցին: Մի քանի հնարաւորութիւն բաց թողեցինք, նաեւ չիրացրինք վերջին պահերի տուգանայինները: Տղաներն իսկապէս լաւ խաղ ցոյց տւեցին: Մենք շատ բարդ աշխատանք էինք կատարել այս մրցաշարից առաջ:

Շատ ուրախ եմ, որ Մալթա մեկնելուց առաջ այս մրցաշարն ունեցանք: Հաւաքականը պատրաստւում է Մալթայում անցկացւելիք Եւրոպայի փոքր երկրների առաջնութեան, եւ այս մրցաշարը մեզ համար իսկապէս մեծ փորձութիւն էր: Ես գոհ եմ հաւաքականի խաղերից:

 

- Հայաստանի հաւաքականը գլխաւորելու առաջարկ ստանալիս ո՞րն է եղել առաջին միտքը: Ինչպէ՞ս արձագանգեցիք:

- Մենք այդ մասին խօսում էին շուրջ 5 տարի: Ես տարիներ առաջ եմ ստացել առաջարկը, բայց ժամանակիս սղութեան պատճառով երկարատեւ գործուղում չէի կարողանում ձեւակերպել: Իմ աշխատանքը NBA-ում ինձ թոյլ չէր տալիս լիարժէք տրւել Հայաստանի հաւաքականը գլխաւորելու պատասախանատու աշխատանքին: Վերջապէս հնարաւորութիւն ունեցայ երկար ընդմիջում վերցնել NBA-ում եւ գալ Հայաստան, ստանձնել հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը:

 

- NBA-ից հայկական բասկետբոլ. NBA-ում ձեռք բերած փորձը Հայաստանի հաւաքականում կիրառելիս խնդիրներ չէ՞ք ունենում:

- Շատ տարբեր է: Իրականում շատ բարդ է լինել NBA-ի խաղացող: Դա շատ բարդ ու երկար ճանապարհ է՝ NBA-ում խաղացող բասկետբոլիստների մակարդակին հասնելու համար: Հայաստանի հաւաքականը շատ լաւ բասկետբոլիստներ ունի, բայց որպէսզի նրանք հասնեն NBA խաղացողի մակարդակին, շատ բարդ ճանապարհ պէտք է անցնեն: Նախ ֆիզիկական տւեալները՝ NBA բասկետբոլիստները չափերով են մեծ, ուժով, արագութեամբ են տարբերւում: Հայ բասկետբոլիստները երկար ճանապարհ պէտք է անցնեն, որ հասնեն այդ աստիճանին:

 

- Ի՞նչ տպաւորութիւն ունէք ազգային հաւաքականից: Ինչպիսի՞ «կորիզ» ունենք:

- Ինձ համար նախապայման է՝ յաղթել բոլոր խաղերում, ում հետ, որ կը մրցենք եւ ինչ մրցաշար դա կը լինի: Այս ամենին զուգահեռ, պէտք է նաեւ իրատես լինենք: Այս մրցաշարում իւրաքանչիւր խաղում բարելաւեցինք մեր խաղաոճը, տեխնիկան, մարզավիճակը: Այսքանով արդէն շատ գոհ եմ:

 

- Ազգային հաւաքականին շուտով կը միանայ Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՒԵԼ Լիոն» խաղացող Քրիս Ջոնսը Ֆրանսիայից: Ի՞նչ կասէք նրա մասին: 

- Քրիսը շատ լաւ բասկետբոլիստ է, շատ արագ, բարձր հմտութիւններով խաղացող է: Հրաշալի նետումներ է անում զամբիւղ: Նա լիարժէք կը լրացնի մեր թիմը: Ուրախ եմ, որ եւս մէկ ուժեղ խաղացողով կը համալրւի թիմը:

 

- Ի՞նչ սպասելիքներ կան փոքր երկրների Եւրոպայի առաջնութիւնից:

- Փորձելու ենք յաղթել իւրաքանչիւր խաղում: Գնում ենք յաղթելու: Ես ունեմ թիմ, որը շատ լաւ զգում է խաղը, արդէն ունի լաւ խաղային փորձ: Ունենք շատ աշխատասէր թիմ, ինչն ամենակարեւորն է ինձ համար:

 

- Արդէն տեւական ժամանակ Հայաստանում էք: Ինչպէ՞ս էք զգում Ձեզ հայրենիքում:

- Սա իմ առաջին այցը չէ: Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Նախորդ այցս եղել է 20 տարի առաջ: Ինձ շատ է դուր գալիս հայկական մշակոյթը, մարդիկ: Իմ տատիկն է եղել այստեղից, եւ ես մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ: Ինձ այստեղ ամէն ինչն է գերում՝ մարդկանց էներգետիկան, վերաբերմունքը, եղանակը: Ինձ շատ է դուր գալիս հայկական քեաբաբը: Ես այն համտեսում եմ գրեթէ ամէն օր, երբ ազատ ժամանակ եմ ունենում երեւանեան իմ սիրելի ռեստորանում:

 

Լուսինէ Շահբազեան

Ֆոտօ՝ Էմմա Ասատրեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։