Հա

Մարզական

27/07/2022 - 10:00

Բարձունքներից հորիզոնն աւելի ընդարձակ է երեւում. Զրոյց՝ «Սիմորղ» պատւոգրի արժանացած լեռնագնաց Անգինէ Հայրապետեանի հետ

 

Իրանի լեռնագնացութեան եւ մագլցման մարզաձեւերի ֆեդերացիայի «Սիմորղ» մրցանակի դափնեկիր, երկու տասնամեակ առեւտրի եւ ֆինանսական հարցերով խորհրդատուի փորձառութեամբ, գեղանկարիչ, էքստրիմ մարզաձեւերի սիրահար, գործն աւարտին հասցնելու մեծ կարողութեամբ Անգինէ Հայրապետեանն այն հայուհիներից է, ով հասարակութեան մօտ ձեւաւորւած կարծրատիպը յաղթահարելով այն դարձրել է վերելքի համար խթանիչ հոգեվիճակ:

 «Սիմորղ»-ը նախագիծ է, որին մասկազմելու համար պէտք է Իրանի 31 նահանգների բարձրագոյն գագաթները բարձրանալ

 

ՀԱՏԻՍ- Իրանի լեռնագնացութեան եւ մագլցման մարզաձեւերի ֆեդերացիայի «Սիմորղ» մրցանակի դափնեկիր, երկու տասնամեակ առեւտրի եւ ֆինանսական հարցերով խորհրդատուի փորձառութեամբ, գեղանկարիչ, էքստրիմ մարզաձեւերի սիրահար, գործն աւարտին հասցնելու մեծ կարողութեամբ Անգինէ Հայրապետեանն այն հայուհիներից է, ով հասարակութեան մօտ ձեւաւորւած կարծրատիպը յաղթահարելով այն դարձրել է վերելքի համար խթանիչ հոգեվիճակ:

Հազիւ երեսուն տարեկանի դէմք ու ճկունութեամբ քառասունամեայ այս հայուհին, գլխի աննշան շարժումով ու առանց քաշւելու պատասխանում է տարիքի մասին տւածս անզգոյշ հարցին: Իւրայատուկ յատկանիշերի մասին պատմածս այս ցուցակը կարելի կը լինէր համալրել նաեւ բարձրութիւններում կանգնածի, բայց միւսներին վերեւից չնայելու նրա տեսակով, իհարկէ եթէ զրոյցը սահմանափակած չլինէինք ծովի մակերեւոյթից 1200 մետր բարձրութեան վրայ թերթիս խմբագրատանը կատարւած կէսժամեայ հանդիպումով:

Անգինէն Ազատ համալսարանի արդիւնաբերական կառավարման ճիւղի շրջանաւարտ է: Աւելի քան 18 տարի է աշխատակցում է «Թորոսեան-Աւանէսեան» արդիւնաբերական ընկերութեանը: Հայոց «Արարատ» եւ «Յ. Թովմասեան» դպրոցների սաներից է, մանկուց սիրել է գեղանկարիչ դառնալ: Հանդէս է եկել անհատական եւ խմբական ցուցահանդէսներով, այդ թւում Շիրազում կայացած Իրանի առաջին սիմպոզիումի ցուցահանդէսում՝ երկու տարի առաջ:

 

Հարց- Մինչեւ «Սիմորղ»-ին ու բարձրացած գագաթներին անցնելը չէիք պատմի ձեր կտաւների ու նկարչուհու աշխարհի մասին:

Անգինէ- Մանկուց սիրել եմ գեղանկարչութիւնը: Սովորել եմ Այիդայի եւ Շահրիար Վոսուղի մօտ: Ամէն բան աւելի լուրջ է դառնում, երբ լուրջ վերաբերւես: Յայտագրւեցի Շիրազի սիմպոզիումին ու ընդունւեցի խմբակային կարեւոր այդ ցուցահանդէսին՝ ջրաներկ կտաւներիցս մէկով: Այս տարի Թեհրանում է կայանալու, որին եւս մասնակցելու փորձ կանեմ...սիրում եմ բնութիւնը եւ նկարներիս թեման նոյնպէս մօտ է դրան:

 

Հարց- Ինչքա՞ն ժամանակ է, ինչ լեռնագնացութեամբ էք տարւած:

Անգինէ- Ստոյգ՝ մէկ տարի չորս ամիս:

 

Հարց- Մի քիչ տարօրինակ է հնչում, միաժամանակ՝ հետաքրքիր: «Սիմորղ»-ն աւելի մեծ փորձառութիւն է ենթադրում երեւի:

Անգինէ- «Սիմորղ»-ը նախագիծ է, որին մաս կազմելու համար պէտք է Իրանի 31 նահանգների բարձրագոյն գագաթը բարձրանալ: Իսկ իմ դէպքում ամէն բան սկսեց Դամաւանդի գագաթին լինելու երազանքից: Նախ միացայ «Լալէյէ քուհի» լեռնագնացութեան խմբի: Նրանց հետ բարձրացայ Թեհրանի (նահանգի) բարձրագոյն լեռան՝ «Խոլէ նօ» գագաթը: Դա նախապատրաստական վերելքն էր Դամաւանդի համար: Յետոյ խմբի հետ բարձրացանք Սաբալանը: Յետոյ թողեցի խումբը, քանի որ տարիքային առումով մեծ էր տարածութիւնը:

 

Հարց- Առանց խմբի ու փորձառութեան շարունակելն անհնարին գործ է:

Անգինէ- Անմիջապէս միացայ Դարիւշ Հաբիբիի գլխաւորած «Ալբարուս» թիմին: Այս փոփոխութիւնը որակ հաղորդեց գործին: Այդտեղից էլ ընկերուհիներիցս մէկից իմացայ «Սիմորղ»-ի մասին ու որոշեցի իրականացնել 31 գագաթի ծրագիրը:Արդէն երկու երեքն իրականացւած էին, մնում էր անցնել միւսներին: Դա իրանական տոմարով 1399-ի էսֆանդ ամիսն էր: Ու սկսւեց Իրանով մէկ մեր շրջագայութիւնը:

 

Հարց- 31 գագաթ եւ 15 ամիս: Դուրս է գալիս, որ ամիսը երկուսից երեք գագաթ էք բարձրացել:

Անգինէ- Նայած ամիս: Երբեմն եղանակն այլ բաներ է թելադրում, յատկապէս ձմռանը, որ հազիւ մէկ կամ երկու գագաթ բարձրացանք: Փոխարէնը, երբ եղանակը բարենպաստ էր, անցնում էինք հեռաւոր շրջաններ: Այնտեղ միանգամից ճանապարհին եղած նահանգների գագաթները մէկը միւսի յետեւից բարձրանում էինք: Այդ ընթացքում նաեւ այլ գագաթներ ենք բարձրացել, որոնք «Սիմորղ»-ի ցուցակում չկան:

 

Հարց- Ամենասեղմ ծրագիրը ո՞ր ուղղութեան վրայ էր:

Անգինէ- Խուզեստանի Քէյնու (3745 մ.) գագաթից անմիջապէս յետոյ յաջորդ առաւօտ արդէն կանգնած Քոհգիլուեէ-Բոյերահմադի Ղաշմասթան (4450 մ.) գագաթին լուսանկարւում էինք: Քանի ժամ անց Չհարմահալէ Բախթիարի տեղափոխւեցինք ու անմիջապէս բարձրացանք Քոլունչի (4221 մ.) լեռը: Սա երեք օր տեւեց:

 

Հարց- Սովորաբար քանի՞ օր է պէտք ուժերը վերագտնելու եւ հանգստանալու համար: Չէ որ յաջորդ վերելքին գուցէ մարմինն սպառի իրեն ու լեռնագնացը կանգնի բարդ հետեւանքների առջեւ:

Անգինէ- Մեզ ուղեկցում էր հմուտ եւ փորձառու լեռնագնացներից մէկը, պրն. Հաբիբին: Իր ուղեկցութեամբ ու ցուցումներով երբեք յոգնածութիւն չենք զգացել: Մեր երեք հոգանոց խումբը, որտեղ ես եւ ընկերուհիս՝ Անին հաստատակամ շարունակում էինք Սիմորղային մեր ծրագիրը պրն. Հաբիբիի ուղեկցութեամբ կենսակերպ էր դարձրել լեռնագնացի կեանքով ապրելը:

 

Հարց- Ինչպէ՞ս էիք փաստում բարձրացած գագաթների մասին: Կամ ո՞վ եւ ինչպէ՞ս պիտի հաստատի դա:

Անգինէ- Լուսանկարւում էինք նախքան բարձրանալը, բարձրանալիս, եւ գագաթին կանգնած դիրքերում: Դրանք համապատասխան զեկուցագրի հետ ներկայացրեցինք ֆեդերացիային: Ամէն բան լուսանկարներով ու տեսագրութիւններով է հաստատւել:

 

Հարց- Խօսենք ծախսերի մասին:

Անգինէ- Թանկ հաճոյք է: Լեռնագնացութիւնը որպէս մարզաձեւ այն ասպարէզն է, որտեղ պիտի ձգտես լաւագոյնին: Խօսքը գոյքերի ու համապատասխան յարմարանքների մասին է նաեւ: Սկսած զգեստից վերջացրած սննդակարգով: Դրանք պէտք է լինեն լաւագոյնը, որպէսզի նեղ ու դժւարին պահերին ձեզ փրկել կարողանաք: Սրան յաւելէք նաեւ ճանապարհածախսն ու ուղեկցողի վարձավճարները...

 

Հարց- Պատմէք դէպքերի մասին, եթէ պատահել են իհարկէ:

Անգինէ- Դէպքերից կարող եմ պատմել Քերմանշահում ուժգին քամու մասին: Նախորդ օրը եղանակի տեսութեան համաձայն քամու ուժգնութեան մասին նշւած էր 40 կմ. արագութիւն: Իսկ երբ բարձրացանք, քամու արագութիւնը երկու անգամ գերազանցեց սպասւածին ու մեզ աջ ու ձախ էր շպրտում: Ինձ, որ քշում տանում էր արդէն: Ուղեկցորդը մեզ հաւաքեց ու ասաց, մէկս միւսից բռնւած շարունակենք...Իսկ Քուրդստանում, երբ բարձրանում էինքՇահու լեռը, միանգամից յայտնւեցինք բուքի մէջ: Ձիւնածածկ ճանապարհը բարձրանալիս մեր ուղեկցորդը տեղացիներից մէկին վճարելով՝ ներգրաւեց խմբում: Յետոյ, երբ արդէն գագաթից իջել էինք, ուղեկցորդը պատմեց, որ բարձրանալիս արջի ոտնահետք է նկատել ու նոյն պատճառով էլ գիւղից հմուտ տեղանքը ճանաչող բնիկ կանչեց՝ խումբն ուղեկցելու: Երկուսով աւելի ապահով կը լինէր, նշել է պրն. Հաբիբին: Իսկ այստեղ մեծ է դերը պատասխանատւութեան զգացումով ուղեկցողի: Քերմանում, երբ այլ ուղեկցորդի ցուցումներով էինք բարձրանում, նա կարծես թէ փորձում էր խմբին համոզէր, որ օրն ու եղանակը բարենպաստ չէ վերելքի համար: Նրանց համար մէկ է՝ դու կը բարձրանաս գագաթ թէ ոչ: Նա իր գումարն ամբողջութեամբ ստանալու է խմբից: Բայցմենք նրանց ստիպեցինք մեր յետեւից բարձրանալ մինչեւ գագաթ:

 

Հարց- Միասին վերցրած քանի՞ հազար մետր էք բարձրացել:

Անգինէ- Չեմ հաշւել:

 

Հարց- Միջին հաշւով բոլոր գագաթներն էլ չորս հազարին մօտ բարձրութեան վրայ են: Երեւի 31-ի բազմապատկենք...

Անգինէ- Չգիտեմ: Նման բարձրութիւններում իւրաքանչիւր հարիւր մետրը կարող է փոխել ամէն ինչ: Սկսած քամու ուժգնութիւնից, վերջացրած արեան ճնշումով ու կիզող արեւով ու ցրտով եւ այլնով:

 

Հարց- Հետաքրքիր է իմանալ առաջին ու վերջին գագաթների մասին:

Անգինէ- Առաջինը Դոմիրն (3505 մ.) էր՝ Կենտրոնական նահանգում Արաք քաղաքի մօտ, իսկ վերջինը Սոմամուսն էր (3721 մ.) Գիլանում:

 

Հարց- Փաստօրէն առաջին հայ կինն էք, ով արժանացել է «Սիմորղ»-ի:

Անգինէ- Չէի ցանկանայ «առաջին» ասելով այլ տպաւորութիւն թողնել, բայց եթէ հաշւել է պէտք, ապա գուցէ հէնց առաջինը իրանահայ լեռնագնացների մէջ: Չնայած ինձ նմաններին երեւի սա խթանիչ ուժ էր ու պէտք էր շարունակելու համար: Նրանք, ովքեր փորձառու լեռնագնացներ են այլ կերպ են մտածում: Այստեղ մրցոյթ չէ ու դու մրցելու համար չէ որ գագաթ ես բարձրանում:

 

Հարց- Անդամակցում ես իրանական «Ալբարուս» խմբին: Հայկական խմբերի մասին ինչքանով ես տեղեակ:

Անգինէ- Գիտէի որ «Սիփան»-ի լեռնագնացութեան խումբը կար: Բայց չգիտէի, որ դեռ շարունակում է իր աշխատանքները: Դամաւանդի համար պրն. Մասիս Ֆալլահից օգնութիւն խնդրեցի ու խորհուրդների համար դիմել էի նրան: Բայց չգիտէի, որ ինքն էլ է «Սիփան»-ի անդամ:

 

Հարց- Այսօրւայ փորձառութիւնն ու հմտութիւնը վաստակած Անգինէն ինչով է տարբերւում առաջին օրւայ Անգինէից:

Անգինէ- Գուցէ մի քանի հազար մետր բարձրութեան տարբերութեամբ (ծիծաղում է): Շատ բան է փոխում լեռը մարդու մօտ: Ինքդ էլ չես նկատում, թէ երբ է այն կենսակերպ դառնում: Ընթացքում սովորում ես, որ ոչ հարցեր պիտի տալ այն մասին, թէ երբ ենք տեղ հասնելու, եւ ոչ էլ նման հարց տւողին պատասխանել է պէտք: Կարող է կոտրել ու պայմանական դարձնել կամքը:

 

Հարց- Բազմանդամ թիմերի հետ աւելի ապահո՞վ չէ:

Անգինէ- Մարդուց մարդ տարբեր է մօտեցումը երեւի: Մարդաշատ թիմերի հետ այնքան էլ հեշտ ու դիւրին չէ: Պէտք է պահել խմբի ոգին ու ենթարկւել լիդերին: Այստեղ կայ դանդաղ շարժւելու եւ խմբի ռիթմով քայլելու փաստը: Այնպէս, որ ապահովութեան կողքին պակասում է ճկունութիւնը: Ինձ աւելի շատ ճկունութիւնն է դուր գալիս:

 

Հարց- Ինձ համար էլ է անսովոր ու անընդունելի նման հարցը: Բայց կայ կարծիք, որ կին լեռնագնացներն աւելի դանդաղ են շարժւում կամ բարձրանում...

Անգինէ- Մենք երեքով էինք բարձրանում: Համարեա բոլոր գագաթների դէպքում էլ այդպէս եղաւ: Ես, Անին եւ պրն. Հաբիբին, ով մեր ուղեկցողն էր: Վերելքներից մէկում մեզ ընկերակցելու խնդրանքով մի բարետես երիտասարդ միացաւ: Ճանապարհի կէսին նա տարածութիւն թողեց ու զգալի էր, որ դժւարանում է մեզ հետ քայլ պահել: Յետոյ, երբ գագաթից էինք վերադառնում հանդիպեցինք ճանապարհին ու ասաց, որ չէր կարողանում հասնել մեր արագութեանը եւ միայն այն պատճառով է շարունակել, որ հասնի ու շնորհաւորի ինձ իմ «Սիմորղ» ծրագրի աւարտի կապակցութեամբ: Դա իմ վերջին վերելքն էր: Նա ասած, որ որպէս տղամարդ իրեն համոզել է, որ յետ չմնայ կանանցից ու յամառօրէն շարունակել էր վերելքը:

 

Հարց- Հետագայ ծրագրերի մասին...

Անգինէ- Այս ուրբաթ ընկերուհուս «Սիմորղ»-ի ծրագրի շրջանակներում իրեն ընկերակցելու եմ Սաբալանի վերելքի ծրագրում: Իսկ ամռանը (օգոստոսին) ուզում եմ բարձրանալ Արարատի գագաթ: Մինչ այս եղել եմ նաեւ Արագածի գագաթին: Աւելի մեծ ծրագիր ունեմ 7-հազարից բարձր նախագծի համար, որը կոչւում է «Ձեան լուսան» (կամ ձմեռային լուսան):

 

Հարց- Ի՞նչ կարծիքի էք տուրիստական վերելքների մասին, որտեղ դուք գնելով վերելքի փաթեթներ, այցելում էք տարբեր գագաթներ:

Անգինէ- Հնարաւորութիւնների ու ուղեւորութիւնների առումով դրանք տարբերւում են միայն ձեր ուսապարկի պարունակութեան ու քաշով: Այնտեղ երեւի վրանի կամ մի շարք այլ հարցերի առումով դիւրութիւններ լինեն: Բայց մէկ է, ուղեկցորդի հարցում նոյնն է, որտեղ դուք ստիպւած կը լինէք վարձատրել եւ հետեւել նրան:

 

Հարց- Մէկ տարի երեք ամիսը ռեկորդային ցուցանիշ է իր ժամանակի եւ արագութեան առումով:

Անգինէ- Գուցէ եւ այդպէս է: Բայց յետոյ տեղեկացայ, որ երկու շաբաթւայ, այսինքը՝ 14 օրւայ ռեկորդ կայ: Դա դժւարութեամբ, բայց հաստատւել է ֆեդերացիայի կողմից: Լեռնագնացներից մէկն իր ծրագիրն է ներկայացրել: Պատկերացնո՞ւմ էք: Այսինքն օրը երկու գագաթ, կամ երբեմն երեք...­

 

 

 

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։