Հա

Մարզական

09/08/2022 - 14:20

«Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացաւ յաղթահարել լրացուցիչ լարւածութիւնը եւ վստահ յաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ». Տիգրան Լ. Պետրոսեան

Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացաւ յաղթահարել լրացուցիչ լարւածութիւնը եւ վստահ յաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, ինչը շատ կարեւոր էր բոլորիս համար: Ոչ միայն շախմատի, այլեւ մեր երկրի համար շատ հաճելի պահ էր:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հաւաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսեանը՝ մեկնաբանելով Հնդկաստանի Չենայ քաղաքում աւարտին մօտեցող Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հաւաքականի յաղթանակը Ադրբեջանի նկատմամբ: 

«alikonline.ir» - Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացաւ յաղթահարել լրացուցիչ լարւածութիւնը եւ վստահ յաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, ինչը շատ կարեւոր էր բոլորիս համար: Ոչ միայն շախմատի, այլեւ մեր երկրի համար շատ հաճելի պահ էր:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հաւաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսեանը՝ մեկնաբանելով Հնդկաստանի Չենայ քաղաքում աւարտին մօտեցող Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հաւաքականի յաղթանակը Ադրբեջանի նկատմամբ: Նախավերջին տուրում Արման Փաշիկեանի գլխաւորած թիմը մրցեց Ադրբեջանի թիմի հետ եւ յաղթեց մեծ առաւելութեամբ՝ 3:1:

 

- Տիգրան, նախ շնորհաւորում եմ բոլորիս 10-րդ տուրում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի հաւաքականի յաղթանակի կապակցութեամբ: Ինչպէ՞ս կը գնահատէք տղաների պարտիաները:

- Շատ ուրախ եմ, որ տղաները օգոստոսի 7-ի պարտութիւնից յետոյ իրենց մէջ ուժ գտան եւ յաղթեցին Ադրբեջանի հաւաքականին: Հոգեբանական առումով միշտ էլ դժւար է Ադրբեջանի հետ մրցախաղերում: Դժւար էր այս թիմի դէմ խաղալ, գործակիցներով մեզ գերազանցում են, նրանք ունեն Շահրիեար Մամեդեարով, որն աշխարհի ակնյայտ ուժեղագոյներից է, մօտ 10 տարի թոփ-10-ի մէջ է:

Մամեդեարովը Գաբրիէլ Սարգսեանի հետ խաղում էր սպիտակներով: Անկեղծ ասած հէնց այդ պարտիայից էի վախենում, որ կարողանանք յաղթել սեւերով, բայց ամենահեշտն այս պարտիան ստացւեց: Սկզբնախաղից դուրս գալուց Մամեդեարովը սխալւեց, մի քանի զինւոր զոհաբերեց, որն իր հետեւանքով բաւականին ուժեղ հակախաղ էր ստանում սպիտակ ֆիգուրները: Այս դէպքում ինչ-որ բան լաւ չէր հաշւարկել եւ ուղղակի մնաց մի զինւոր պակաս: Հետագայում Գաբրիէլը անցաւ վերջնախաղ, որտեղ, օգտագործելով մէկ զինւորի առաւելութիւնը, վստահ յաղթանակ տարաւ:

Ռոբերտ Յովհաննիսեանը, ինչպէս միւս բոլոր պարտիաներում, այս պարտիայում էլ շատ վստահ խաղաց: Գրեթէ առանց կասկածի, աւելացնելով ճնշումն ու առաւելութիւնը, հասաւ յաջողութեան: Կարելի է ասել, Ռոբերտ Յովհաննիսեանի պարտիայի մեկնարկից 1,5 ժամ անց ակնկալւում էր, որ յաղթելու ենք, միայն յայտնի չէր՝ ինչ հաշւով:

Հրանտ Մելքումեանն ունէր փոքր առաւելութիւն, բայց, կարծես, տեսնելով, որ Գաբրիէլն ու Ռոբերտը վստահ յաղթում են, պարտիան աւարտեց ոչ ոքի:

Մանուէլ Պետրոսեանի մօտ դրութիւնը մի քիչ բարդ էր սկզբից, բայց հետագայում նա նոյնպէս ունէր առաւելութիւն: Ուղղակի երեւի փորձեց ռիսկի չգնալ եւ աւարտել ոչ ոքի, որպէսզի անակնկալ չլինի եւ յաղթանակ տանենք:

3:1 հաշւով յաղթել Ադրբեջանին շատ լաւ արդիւնք է, այն էլ Օլիմպիադայի նախավերջին տուրում:

Դեռ կայ վերջին խաղ եւ ամէն ինչ առջեւում է: Ուզբեկստանի հաւաքականն այսօր ոչ ոքի է խաղացել եւ ուզբեկների հետ կիսում ենք առաջին տեղը:

 

- Այս պահին ոսկէ մեդալի ի՞նչ հնարաւորութիւն էք տեսնում:

- Պէտք է փաստենք, որ Օլիմպիադան շատ յաջող է ստացւել մեզ համար, յաջող ենք հանդէս եկել: Անկախ վերջին տուրի արդիւնքից, շատ լաւ անցկացւած մրցաշար էր մեր հաւաքականի համար: Ցանկալի կը լինէր, որ վերջին խաղը կարողանանք յաղթել: Յաղթելու դէպքում երկրորդ տեղը միանշանակ է եւ անձնական ցուցանիշներով գուցէ շանսեր կունենանք նաեւ չեմպիոն դառնալ:

Նոյնը չեմ կարող ասել կանանց հաւաքականի մասին: Աղջիկները, ցաւօք, պարտւեցին Ադրբեջանի հաւաքականին: Այս պահին արդէն մեդալի որեւէ յաւակնութիւն չունենք: Կանանց թիմը նոյնպէս բաւականին լաւ մրցաշար անցկացրեց: Մրցաշարի ընթացքում գտնւել են բարձր տեղերում: Յուսանք՝ վերջին խաղը յաղթելով, տեղ կը գրաւենք լաւագոյն տասնեակում:

 

- Տիգրան, նախորդ տասը տուրերի ընթացքում ո՞րն էր ամենալարւածը:

- Շատ են եղել լարւած տուրեր: Կային պարտիաներ, որ դժւար էր կանխագուշակել արդիւնքը: Մրցաշարից առաջ թւում էր, թէ ամենաբարդը լինելու է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հաւաքականների հետ մրցախաղերը, բայց, թերեւս, քիչ թէ շատ հեշտ այդ դիմակայութիւնները ստացւեցին: Շատ էին բարդ ու լարւած պարտիաները: Նոյնը երէկւայ Ուզբեկստանի հետ դիմակայութիւնը։ Կարող եմ ասել՝ որքան հեշտ յաղթեցին ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին, այդքան հեշտ երէկ պարտւեցին Ուզբեկստանին:

 

- Նշեցիք, որ Ադրբեջանի հետ միշտ յաւելեալ լարւածութիւն է լինում:

- Իսկապէս կայ լրացուցիչ լարւածութիւն, բայց նշեմ, որ նրանց մօտ այդ լարւածութիւնն աւելի ակնյայտ է, քան մեզ մօտ: Նոյնը այս խաղում էր: Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացաւ յաղթահարել այդ լարւածութիւնը եւ վստահ յաղթանակ տանել, ինչը շատ կարեւոր էր բոլորիս համար: Ոչ միայն շախմատի, այլեւ մեր երկրի համար շատ հաճելի պահ էր:

 

- Վաղը (օգոստոսի 9-ին, Խմբ.) վերջին տուրում մեր մրցակիցը Իսպանիայի հաւաքականն է: Ի՞նչ սպասել այս դիմակայութիւնից:

- Իսպանիայի հաւաքականի առաջին երկու համարներ Շիրովն ու Վալիեխոն վերջին մի քանի տարիներին այդքան ակտիւ չեն մասնակցում մրցումների, չեմ կարծում, որ շատ վտանգաւոր են: Աւելի շատ վտանգաւոր են երրորդ եւ չորրորդ խաղատախտակները: Ամէն դէպքում՝ բաւականին յարմար հաւաքական է վերջին տուրում յաղթելու համար: Յաղթելու դէպքում երկրորդ տեղն ապահովում ենք: Վիճակահանութեան առումով մեր բախտը բերել է:

 

- Վերջին որոշիչ տուրից առաջ ի՞նչ խօսքերով կաջակցէք մեր հաւաքականին:

- Կը ցանկանամ, որ մէկ վերջին անգամ կենտրոնացնեն բոլոր ուժերը: Հասկանալի է, որ բոլորն արդէն ֆիզիկապէս յոգնել են: Օլիմպիադան երկար մրցաշար է,  շատ էներգիա է տանում մարդուց, քանի որ լարւածութիւնը շատ մեծ է, յատկապէս երբ պայքարում ես բարձր տեղերի համար: Յաջողութիւն եմ մաղթում: Ես վստահ եմ մեր տղաների վրայ, որ կը կարողանան պատւով դուրս գալ այս իրավիճակից եւ սպասում ենք յաղթանակած վերադարձի հայրենիք:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

  • Տիգրան Պետրոսեանը՝ երեւանեան մենահամերգի ու կինոերաժշտութեան մասին
    Տիգրան Պետրոսեանը՝ երեւանեան մենահամերգի ու կինոերաժշտութեան մասին

    «Սառոյցի թագաւորները» շոուի մասնակից, ջութակահար, կոմպոզիտոր Տիգրան Պետրոսեանը հայրենիքում մենահամերգ կունենայ: Սանկտ Պետերբուրգում բնակւող երաժիշտը ապրիլի 16-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում խոստանում է հետաքրքիր եւ իւրայատուկ շոու ներկայացնել: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Տիգրան Պետրոսեանը պատմում է առաջիկայ համերգի, Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նւագախմբում նւագելու եւ իր գրած կինոերաժշտութեան մասին:

  • Մագնուս Կառլսէնի այցը՝ Երեւան
    Մագնուս Կառլսէնի այցը՝ Երեւան

    Աշխարհի թիւ մէկ շախմատիստ, նորւեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսէնը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հրաւէրով ժամանեց Երեւան:
    Կառլսէնը այցելեց Տիգրան Պետրոսեանի անւան Շախմատի տուն, որտեղ նախքան հայ պատանիների հետ շախմատ խաղալը, յարգանքի տուրք մատուցեց Տիգրան Պետրոսեանի յիշատակին:

  • Երեւանում մեկնարկեց Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնը
    Երեւանում մեկնարկեց Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնը

    Երէկ Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Եւրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ է եղել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։