Հա

Մարզական

29/08/2022 - 12:15

«Հին, ծուռ մարզասարքեր, բայց չեմպիոններ». Յարութիւն Մերդինեանը բացել է յաջողութեան գաղտնիքը

Մարմնամարզութիւնն աշխարհում ամենադժւար մարզաձեւերից մէկն է համարւում։ Բայց հայկական դպրոցը վաղուց է հաստատւել այս մարզաձեւում, իսկ վերջին տարիների արդիւնքներն ապացուցում են, որ Եւրոպայում մեզ հետ հաշւի են նստում բոլորը։ Հիմա էլ չեմպիոնական տարիքային ռեկորդ ենք սահմանում։ Յարութիւն Մերդինեանը 38 տարեկանում դարձաւ Եւրոպայի չեմպիոն։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նա փակագծեր է բացել եւ ասել` ինչ օգնեց այս տարիքում չեմպիոն դառնալ։

«alikonline.ir» - Միւնխէնում անցկացւած մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութեան չեմպիոն Յարութիւն Մերդինեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում պատմել է իր յաջողութեան, նորաստեղծ ընտանիքի եւ նպատակների մասին։ ՀՀ-ի անունը բարձր պահած մարզիկներն անհամբեր սպասում են նոր մարզադահլիճի կառուցմանը։

Մարմնամարզութիւնն աշխարհում ամենադժւար մարզաձեւերից մէկն է համարւում։ Բայց հայկական դպրոցը վաղուց է հաստատւել այս մարզաձեւում, իսկ վերջին տարիների արդիւնքներն ապացուցում են, որ Եւրոպայում մեզ հետ հաշւի են նստում բոլորը։ Հիմա էլ չեմպիոնական տարիքային ռեկորդ ենք սահմանում։ Յարութիւն Մերդինեանը 38 տարեկանում դարձաւ Եւրոպայի չեմպիոն։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նա փակագծեր է բացել եւ ասել` ինչ օգնեց այս տարիքում չեմպիոն դառնալ։

 

- Յարութի՛ւն, ինչպէ՞ս կը բացատրես քո ֆենոմենալ արդիւնքը։ 38 տարեկանում ինչի՞ շնորհիւ կարելի է դառնալ Եւրոպայի չեմպիոն ամենաբարդ մարզաձեւերից մէկում։

- Ինչ-որ կոնկրետ բան չկայ։ Ուղղակի ես միշտ ինձ պահում եմ ֆիզիկապէս լաւ մարզավիճակում։ Կարեւոր է տարիքին չնայելը։ Երբ հաշւի ես առնում, թէ քանի տարեկան ես, տրամադրւածութիւնդ փոխւում է։ Ու օրգանիզմդ էլ սկսում է այդ տարիքի սահմաններում մտածել ու աշխատել։

Եթէ ես զգում եմ, որ ֆիզիկապէս պատրաստ եմ, ինչի՞ չմասնակցեմ։ Ռիոյի օլիմպիական խաղերից յետոյ մասնակցել եմ Եւրոպայի առաջնութեանն ու աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերին՝ չէր ստացւում։ Հիմա շատ բան է փոխւել։ Ես ամուսնացայ, ընտանիք կազմեցի, աղջիկ ունեցայ։ Ու այս առաջնութիւնից առաջ մտածում էի` ինչքան հնարաւոր է, շատ մեդալ վաստակեմ, որ աղջիկս կրի այդ մեդալները։ Ստացւեց (ժպտում է)։

 

- Ընդամէնը մէկ մարմնամարզիկ՝ Վիկտոր Չուկարինն է կարողացել 35 տարեկանում ոսկէ մեդալ նւաճել։ Եղել են դէպքեր, որ այլ յարգի մեդալներ նւաճել են, բայց ոսկէ մեդալ նւաճելն ինչ-որ տեղ անհնար է թւում այս տարիքում։ Ստացւեց, որ ցանկութիւնն ու հնարաւորութիւնները համընկա՞ն։

- Ինձ աննկարագրելի շատ են օգնել մարզիչները։ Իւրաքանչիւր մարզիկ կարող է չկողմնորոշւել, չգտնել հարցերի պատասխանները։ Խորհրդակցեցի հաւաքականի մարզչի, անձնական մարզչիս հետ։ Հայկ Նազարեանը շատ օգնեց, ու մենք իմ վարժութեան մէջ տարր փոխեցինք։ Յակոբ Սերոբեանի խորհրդով շեշտը դրեցինք ոչ թէ վարժութեան բարդութեան, այլ վարժութիւնը կատարելու մաքրութեան վրայ։ Եւ արդիւնքը ստացանք։

 

- Եւրոպայի առաջնութիւնում յաջող հանդէս եկաւ ոչ միայն մեր ազգային հաւաքականը, այլ նաեւ երիտասարդականը, որի կազմում Էրիկ Բաղդասարեանը չեմպիոն դարձաւ զուգափայտերի վրայ, իսկ փոքրամարմին Համլետ Մանուկեանը երկու արծաթէ մեդալ վաստակեց։ Ստացւում է, որ մենք նաեւ լաւ ապագայ ունենք այս ոլորտում։

- Երիտասարդները փայլուն հանդէս եկան։ Նախնական մրցումների ժամանակ մենք էինք ոգեւորում մեր երիտասարդ մարմնամարզիկներին։ Այնպէս ստացւեց, որ եզրափակիչներում նրանք մեզանից առաջ էին ելոյթ ունենում ու իրենց նւաճումներով ու գեղեցիկ վարժութիւններով արդէն իրենք մեզ ոգեւորեցին։ Նոյնիսկ պարտաւորեցնող էր, որ երիտասարդները մեդալ նւաճեցին, ուրեմն մենք էլ պէտք է լաւ հանդէս գայինք։ Ցաւում եմ, որ Վահագն Դաւթեանին բրոնզէ մեդալ չշնորհեցին։ Այստեղ մրցավարները վրիպեցին։ Արթուր Դաւթեանն էլ, անկասկած, կարող էր չեմպիոն հռչակւել։

 

- Մարմնամարզութիւնում յաջողութիւններ ենք գրանցում, բայց ցաւօք, արդէն որերորդ տարին է՝ մեր մարմնամարզիկները Երեւանում լիարժէք մարզւելու համար մարզադահլիճ չունեն։ Ու եթէ դուք չնախապատրաստւէիք Թբիլիսիում, որտեղ կան բոլոր պայմանները, կարող է եւ նման յաջողութեան չհասնէիք։

- Մարզադահլիճի ու մարզագոյքի կարիքը մենք շատ-շատ ենք զգում։ Ամէն տարի մարզագոյքը փոխւում է, արդիականացւում է, բայց մենք դեռեւս հին, ծուռ, թեք գործիքների վրայ ենք մարզւում։ Մեր մարզումները շատ աւելի կը հեշտանան, արդիւնքներն է՛լ աւելի կը բարձրանան նոր մարզադահլիճի ու նոր մարզագոյքի պարագայում։ Առիթից օգտւելով` ուզում եմ շնորհակալութիւն յայտնել մեր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյեանին, որը ջանքեր չի խնայում մարզադահլիճի կառուցումն արագացնելու համար։

 

- Մենք մարմնամարզութիւնում կարող ենք պայքարել ե՛ւ թիմով, ե՛ւ առանձին գործիքների վրայ։ 4-5 մարմնամարզիկով կարող ենք պայքարել 18-19 մեդալի համար։ Ինչպէ՞ս է սա յաջողւում։

- Այո՛, միւս բոլոր մարզաձեւերում կա՛մ թիմային պայքար է, կա՛մ մենապայքար։ Մեզ մօտ համադրւած է։ Ես նժոյգաթափերում մեդալ ունեմ, Արթուր Դաւթեանը` յենացատկերում ու նժոյգաթափերում, Էրիկ Բաղդասարեանը` զուգափայտերում։ Հնարաւորութիւններն իրօք շատ մեծ են, իսկ ժամանակակից մարզասարքերով պարապելն այս հնարաւորութիւններն է՛լ աւելի կը մեծացնի։

 

- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։

- Ես նպատակ ունեմ այս տարի մասնակցելու աշխարհի առաջնութեանը։ Գիտակցում եմ, որ շատ բարդ ու դժւար մրցակցութիւն է լինելու, որովհետեւ պայքարին միանալու են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի մարմնամարզիկները։ Բայց ամէն ինչ կանեմ, որպէսզի վարժութիւններս մաքուր կատարեմ ու նոր արդիւնքի հասնեմ։ Կը ցանկանայի առողջութիւն մաղթել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարեանին, որ նա միշտ մեր կողքին լինի, որովհետեւ նրան տեսնելով մենք մարզւում ենք ոգեւորւածութեամբ ու եռանդով։

Նշենք, որ մարմնամարզութեան աշխարհի 2022 թւականի առաջնութիւնն անցկացւելու է Լիւերպուլում սեպտեմբեր ամսին։ Մեր մարզիկները մեդալների հիմնական յաւակնորդների շարքերում են լինելու։

 

Խաչիկ Չախոյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։