Հա

Մարզական

21/09/2022 - 10:00

«Աշխարհի առաջնութիւնում տարած յաղթանակը նւիրում եմ Հայաստանի սահմանը պահող զինւորներին». Մարիամ Մկրտչեան

Ռումինիայում աւարտւած շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնութեան չեմպիոնի տիտղոսը նւաճած Մարիամ Մկրտչեանը յաղթանակը նւիրում է Հայաստանի սահմանը պահող զինւորներին:

«alikonline.ir» - Ռումինիայում աւարտւած շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնութեան չեմպիոնի տիտղոսը նւաճած Մարիամ Մկրտչեանը յաղթանակը նւիրում է Հայաստանի սահմանը պահող զինւորներին, ըստ Sport.News.am-ի՝ փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հայաստանի գործող չեմպիոնուհին Մ18 աշխարհի առաջնութիւնում յաղթել էր բոլոր պարտիաներում՝ վաստակելով 11 միաւոր։

«Երբ մեկնում էի աշխարհի առաջնութեան, ընդհանրապէս չէի մտածում արդիւնքի մասին: Չէի մտածում՝ արդեօք կը կարողանա՞մ չեմպիոն դառնալ, թէ՞ ոչ …. Մտածում էի միայն այն մասին, որ պէտք է լաւագոյնս հանդէս գալ եւ առաւելագոյն միաւորներ վաստակել: Տեղում արդէն մտածում էի միայն յաջորդ պարտիայի մասին եւ այնպէս էր ստացւում, որ տուրից տուր յաղթում էի: Զգում էի, որ իմ հանդէպ վերաբերմունքն էլ փոխւել է, դահլիճում արդէն աւելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թէ ինչպէս էի խաղում, քանի որ 1957 թւականից ի վեր ոչ-ոքի չէր յաջողւել 11 անընդմէջ յաղթանակ տանել այս առաջնութիւնում: Այնպէս որ, ինձ համար եւս արդիւնքը շոկային էր։

Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ կարողացայ յաղթահարել բոլոր դժւարութիւններն ու յաղթող ճանաչւել աշխարհի Մ18 տարեկանների առաջնութիւնում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ իւրաքանչիւր յաղթանակով աւելի էի մօտենում չեմպիոնութեանը: Մրցակցութիւնն իսկապէս մեծ էր, մրցակիցներս աւելի փորձառու էին եւ նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպէս որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցութեան փորձ ունէի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր եւ չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել:

Հետեւում էինք այն ամենին, ինչ կատարւում էր մեր հայրենիքում: Հէնց յաջորդ օրը պէտք է մրցէի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանօրէն շատ ծանր էր խաղին պատրաստւելը, որպէսզի այդ լարւածութիւնն ու մտքերը չխանգարեն ինձ հէնց տախտակի առջեւ»,- ասել է Մարիամ Մկրտչեանը:

Հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչեանն Իտալիայում մասնակցելու է մինչեւ 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։