Հա

Մարզական

21/09/2022 - 11:30

«Մինչեւ մեկնարկս նորութիւններ եմ կարդացել, գլխումս միայն Հայաստանի իրադարձութիւններն էին». Արսէն Յարութիւնեան

Կային սխալներ, որոնք լարւածութեան մէջ թոյլ տւեցի եւ դրա համար պատժւեցի՝ զրկւելով ոսկէ մեդալից: Ուզում եմ աւելի լաւ ու շատ մարզւել, մեդալներ նւաճել, կարողանալ այնպէս անել, որ մարդիկ մի քիչ ժպտան:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութեան կրկնակի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի կրկնակի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը:

«alikonline.ir» - Կային սխալներ, որոնք լարւածութեան մէջ թոյլ տւեցի եւ դրա համար պատժւեցի՝ զրկւելով ոսկէ մեդալից: Ուզում եմ աւելի լաւ ու շատ մարզւել, մեդալներ նւաճել, կարողանալ այնպէս անել, որ մարդիկ մի քիչ ժպտան:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութեան կրկնակի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի կրկնակի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը:

Սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում Արսէն Յարութիւնեանը նւաճեց Հայաստանի միակ մեդալը: Եւրոպայի կրկնակի չեմպիոնը մարզական կարիերայում նւաճեց իր երկրորդ բրոնզէ մեդալը: Եզրափակիչի ճանապարհին Յարութիւնեանը քառորդ եզրափակիչում պարտւեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռէյ Հիգուտին, որն էլ դարձաւ աշխարհի չեմպիոն:

 

- Արսէն, շնորհաւորում եմ աշխարհի առաջնութեան երկրորդ բրոնզէ մեդալը նւաճելու կապակցութեամբ: Ի՞նչը պակասեց ոսկէ մեդալի համար:

- Շնորհակալ եմ շնորհաւորանքի համար: Սա այն չէր, ինչ ես ուզում էի: Գնացել էի ոսկէ մեդալի յետեւից: Այս անգամ մի քիչ լարւածութիւնս էր շատ: Քառորդ եզրափակիչում լարւածութեան պատճառով շուտ պարտւեցի: Աշխարհի չեմպիոն դառնալու ցանկութիւնս շատ էր, դրանից աւելի էի լարւում:

 

- Քառորդ եզրափակիչում ճապոնացի ըմբիշի հետ գօտեմարտում պարտւեցիր 1 րոպէում՝ ոչինչ չկարողանալով անել: Ինչո՞ւ: Ի՞նչ տեղի ունեցաւ:

- Սովորաբար դժւարանում եմ գօտեմարտի սկզբնասում, յատկապէս, երբ մրցակիցս ուժեղ է: Հէնց սկզբից հնարքի տակ ընկայ, ճապոնացի ըմբիշը այդ մէկ հնարքով աւարտեց գօտեմարտը: Նա իր շանսը ձեռքից բաց չթողեց: Եթէ 8:0-ով աւարտէր իր հնարքը, կանգնելու էի եւ յաղթէի նրան: Պահը բռնեց եւ մինչեւ վերջ աւարտին հասցրեց: Մինչ ես ուզում էի դուրս գալ լարւածութիւնիցս, նա վերջացրեց գօտեմարտը:

Աշխարհի առաջնութեանը լիարժէք պատրաստ էի: Ջանք ու եռանդ չէի խնայել յաղթելու համար: Երեւի չստացւեց այն պատճառով, որ ինձ մօտ մի փոքր խառնւած վիճակ էր: Հոգեբանօրէն չկարողացայ ճիշտ տրամադրւել: Ճապոնացի ըմբիշն ինձնանից մի գլուխ բարձր էր, քանի որ օլիմպիական փոխչեմպիոն էր, բայց ինձանից ուժեղ չէր: Ուղղակի, այդ օրը նրա օրն էր եւ յաղթեց:

 

- Սփոփիչ գօտեմարտում վերջին վայրկեաններին 6:11 հաշւով պարտւելիս, յաղթեցիր 12:11: Կամային յաղթանա՞կ էր, թէ՞ մշակւած տակտիկա: Ինչպէ՞ս ստացւեց:

- Սփոփիչ գօտեմարտում մրցեցի ալբանացի Դուդաեւի հետ: Վստահութիւն կար, որ ցանկացած վայրկեանին նրան կը յաղթեմ: Յանկարծ տեսայ, որ գօտեմարտի աւարտին 35 վայրկյան է մնացել եւ, ես պարտւում եմ 5 միաւորի տարբերութեամբ: Միանգամից գնացի հնարքի, իմ ամենասիրած հնարքը կատարեցի, 6 միաւոր վաստակեցի եւ յաղթեցի: Նաեւ նպաստեց Հաբեթնակ Կուրղինեանին չելենջը:

Ալբանացին եւս ուժեղ ըմբիշ էր: Նա 65 կգ քաշայինների Եւրոպայի բրոնզէ մեդալակիր էր: Քաշային կարգը փոխել էր, ծանր էր ինձ համար: Որքան էլ ես չյոգնող ըմբիշ եմ, նրա հետ գօտեմարտում յոգնեցի: Ինձ իմ ինքնավստահութիւնն է օգնում պարտւելիս երկրորդ շունչ հաւաքել եւ հաշւի մէջ առաջ անցնել:

 

- Բրոնզէ մեդալի գօտեմարտի մասին ի՞նչ կասես. 12:0 հաշւով յաղթանակ ժամանակից շուտ:

- Ամերիկացի ըմբիշն էլ թոյլ չէր: Այստեղ հաւաքւեցի, արդէն չկար լարւածութիւն, այսպէս ասած՝ տաք էր քառորդ եզրափակիչում թոյլ տւած սխալս: Հասկանում էի, որ պէտք է միաւոր չտամ, շանս չտամ: Այս ըմբիշն էլ ճապոնացու պէս կարող էր սկզբնամասում օգտւել իմ սխալից, միաւոր վաստակէր եւ մինչեւ վերջ պահէր գօտեմարտն իր միաւորով: Ճիշտ տակտիկայով գօտեմարտեցի: Այստեղ իմ ուժեղ հնարքները չէի օգտագործում, քանի որ նա եւս ուժեղ էր այդ հնարքներից: Շատ լուրջ տակտիկա էի գծել եւ ամբողջ գօտեմարտն իմ գծածով գնաց: Չէի սպասում, որ այդքան շուտ եւ այդ հաշւով կը յաղթեմ, քանի որ մտածում էի՝ բարդ գօտեմարտ է ստացւելու:

 

- Եզրափակիչի ուղեգիրը կորցնելուց յետոյ, ի՞նչն ուժ տւեց յաջորդ օրը շարունակել մեդալի համար պայքարը:

- Պարտութիւնից յետոյ շատ դժւար է տրամադրւել երրորդ տեղի համար գօտեմարտերին: Առաւել բարդ են տրւում սփոփիչ գօտեմարտերը: Դրա համար պէտք է ուժեղ լինես, որ կարողանաս քեզ բերել այն հոգեվիճակին, որ պէտք է շարունակել պայքարը բրոնզէ մեդալի համար: Չեմ ընդունում, երբ պարտւում են եւ հրաժարւում հետագայ պայքարից, բրոնզէ մեդալի համար գօտեմարտից: Ինձ համար դա ճիշտ սպորտային քայլ չի: Ես կարողանում եմ ինձ հաւաքել պարտութիւնից յետոյ եւ առաւել ոգեւորւած գնում եմ բրոնզէ մեդալ նւաճելու:

Սա աշխարհի առաջնութիւն է, սովորական մրցաշար չի եւ բրոնզէ մեդալն էլ շատ կարեւոր է: Իւրաքանչիւր մրցաշարի մեկնում եմ պայքարելու, ոսկէ մեդալ նւաճելու մեծ նպատակով, բայց եթէ փոխւում է մեդալի գոյնը, պէտք է հնարաւորութիւնը ձեռքիցդ բաց չթողնես: Եթէ բաց ես թողնում շանսդ, հետագայում զղջում ես: Մէկ անգամ երիտասարդների աշխարհի առաջնութիւնում ինձ տրւած հնարաւորութիւնը բաց եմ թողել ձեռքիցս. չկարողացայ բրոնզէ մեդալ նւաճել, քանի որ չուզելով էի գօտեմարտում: Արդիւնքում պարտւեցի եւ դա ինձ մեծ դաս եղաւ: Մինչ օրս աչքերիս առաջ գալիս է այդ դրւագը: Երբեք չեմ հրաժարւում բրոնզէ մեդալի համար ոչ մի պայքարից:

Անկեղծ՝ պատրաստ էի չեմպիոնութեան: Կային սխալներ, որոնք թոյլ տւեցի լարւածութեան մէջ եւ դրա համար պատժւեցի, զրկւեցի ոսկուց: Չեմ մանրամասնի, թէ ինչ սխալ արեցի: Իսկապէս, ահռելի աշխատանք էի կատարել մարզիչներիս հետ: 5 հաւաք էինք անցել, ծանր մարզումներ՝ ցաւերով, մկանային ցաւերով, արցունքներով: Իսկապէս, այս անգամ ես զգում էի, որ պատրաստ եմ չեմպիոն դառնալ: Օրինակ՝ 2021 թւականի աշխարհի առաջնութիւնում այսպէս պատրաստ չէի: Անչափ ուրախացել էի, որ կարողացել եմ բրոնզէ մեդալ նւաճել: Ես գիտակցում էի, որ բրոնզն իմ գագաթնակէտն էր այդ պահին:

 

- Հայաստանում տեղի ունեցող պատերազմական իրավիճակը որքանո՞վ ազդեց քեզ վրայ մրցագորգում:

- Ամէն ինչ խառնւել էր իրար: Մինչեւ իմ մրցելոյթի օրը, մինչեւ մեկնարկիս առաւօտը ամբողջ ժամանակ նորութիւններն եմ կարդացել: Գլխումս միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններն էին եւ հիմա էլ շարունակում են մնալ: Աշխարհի առաջնութիւնից յետոյ պէտք է ամուսնանայի: Երկրում պատերազմական վիճակ, ես պլանաւորել եմ իմ կեանքի ամենակարեւոր քայլերից մէկն անել, այդ մտքերին զուգահեռ, մեծ ցանկութիւն ունէի մեդալ նւաճել, որ այս դժւար իրավիճակում կարողանայի մի պահ ուրախացնել իմ ժողովրդին, ծնողներիս:

Բրոնզէ մեդալի համար ուրախ չեմ, բայց շատ ուրախ եմ, որ կարողացայ մեդալով վերադառնալ: Դրսում շատերը մօտենում են ինձ, շնորհակալութիւն յայտնում մեդալի համար: Տեսնում եմ, որ մարդիկ իսկապէս այս լարւած իրավիճակում ուրախացել են մեր մեդալներով: Դրանից աւելի եմ ոգեւորւում: Ուզում եմ աւելի լաւ, աւելի շատ մարզւել, որ էլի մեդալներ նւաճեմ, ոսկէ մեդալներ նւաճեմ, կարողանամ այնպէս անել, որ մարդիկ մի քիչ ժպտան:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։