Հա

Մարզական

22/09/2022 - 10:40

«Հայաստանն է իմ մոտիւացիան, մեր երկրի պատիւը բարձր պահելը». Մարիամ Մկրտչեան

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դէմ խաղին պատրաստւելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների լուրը շոկային էր ինձ համար: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրայ:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների աշխարհի նորընծա չեմպիոն, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչեանը:

«alikonline.ir» - Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դէմ խաղին պատրաստւելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների լուրը շոկային էր ինձ համար: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրայ:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների աշխարհի նորընծա չեմպիոն, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչեանը:

Ռումինիայում անցկացւած շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչեանը հռչակւեց աշխարհի չեմպիոն՝ 11 հնարաւորից վաստակելով 11 միաւոր: Այս տարիքային խմբում 18-ամեայ Մարիամը Հայաստանի շախմատիստուհիներից առաջինը դարձաւ աշխարհի չեմպիոն։

 

- Մարիամ, շնորհաւորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նւաճելու կապացութեամբ: Յաղթանակդ սպասւա՞ծ էր, պատկերացնո՞ւմ էիր, որ կը կարողանաս բացառիկ արդիւնքով աւարտել առաջնութիւնը:

- Չեմպիոնութիւնս սպասւած էր: Ճիշտ է՝ մրցաշարից առաջ 100 տոկոսով վստահ չէի, որ կը ստացւի չեմպիոն դառնալ, նոյնիսկ չէի էլ մտածում դրա մասին: Իմ նպատակը լաւագոյնս հանդէս գալն էր: Չեմպիոն դառնալու ցանկութիւնը միշտ եղել է եւ ուրախ եմ, որ այս անգամ ստացւեց:

 

- Ասում են՝ չեմպիոնի տիտղոսը նւաճելու համար միայն լաւագոյն մարզավիճակում լինելը քիչ է, նաեւ հոգեբանօրէն չեմպիոնութեան պատրաստ լինելն է կարեւոր: Ի՞նչն օգնեց աշխարհի առաջնութիւնում:

- Առաջին անգամ էի մասնակցում մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնութեանը: Նախորդ տարի եւս պէտք է մասնակցէի, բայց մրցաշարը տեղի չունեցաւ: Դրանից առաջ մասնակցել էի մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների Եւրոպայի առաջնութեանը, այսինքն՝ արդէն փորձ ունէի պատանեկան առաջնութիւններից: Համաձայն եմ այդ մտքի հետ: Նախ չեմպիոն դառնալու համար նախապատրաստական լուրջ աշխատանք է պէտք տանել, որը մենք արել էինք անձնական մարզիչ Զաւէն Անդրէասեանի հետ: Դրանից բացի իսկապէս շատ մեծ դեր ունի յաղթելուն հոգեբանօրէն պատրաստ լինելը: Աշխարհի առաջնութիւնում իմ՝ հոգեբանօրէն լաւ պատրաստ լինելուն, նպաստեց այն, որ սրանից առաջ հաւաքականի կազմում մասնակցել էի երկու լուրջ մրցաշարի՝ Համաշխարհային օլիմպիադային եւ կանանց Եւրոպայի անհատական առաջնութեանը: Այս երկու մեծ մրցաշարերն ինձ մեծ փորձ, հմտութիւն եւ գիտելիքներ տւեցին: Արդէն այս մրցաշարին մօտեցել էի աւելի հանգիստ, իմ տարիքային խմբում աւելի վստահ էի ինձ զգում, արդիւնքում ստացւեց չեմպիոնութիւն:

 

- Ի՞նչ զգացողութիւններ ունես աշխարհի չեմպիոն դառնալուց յետոյ:

- Այդ էյֆորիան չի պահպանւել, քանի որ սա դեռ ամենալուրջ յաղթանակը չի, որը ես կարող եմ գրանցել իմ կարիերայում: Այժմ պատրաստւում եմ մէկ այլ մրցաշարի՝ մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնութեանը, որը տեղի է ունենալու Իտալիայում ընդամէնը երեք շաբաթ յետոյ: Թուլանալու, հանգստանալու եւ յաղթանակս վայելելու ժամանակ չունեմ այժմ:

 

- Մարիամ, 11 հնարաւորից 11 միաւոր: Ո՞ր տուրը բարդ ստացւեց, ո՞րը կառանձնացնես քեզ համար եւ ո՞րը սպասւածքից հեշտ յաղթեցիր:

- Պարտիաներից չեմ կարող առանձնացնել որեւէ մէկը: Բոլորն էլ կարեւոր էին ինձ համար եւ բարդ: Ամէն տուրում յաղթելուց յետոյ ես մօտեցայ չեմպիոնութեան, այդքանով իւրաքանչիւր պարտիա կարեւոր էր ինձ համար:

 

- Հայաստանի դէմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին մրցեցիր ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ: Հոգեբանական առումով ինչպէ՞ս յաղթահարեցիր այդ տուրը:

- Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դէմ խաղից առաջ պատրաստւելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների լուրը շոկային էր ինձ համար, իսկ յաջորդ օրը ես պէտք է մրցէի ադրբեջանցու դէմ: Դժւար պատրաստւեցի, պէտք է ամէն տեսակ վատ մտքերս վանէի ինձանից եւ գնայի խաղի: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրայ:

 

- Ստացւե՞ց:

- Ստացւեց, այո: Յաղթեցի կարճ ժամանակահատւածում, 35-րդ քայլում: Այդ եւ նախորդ պարտիաներս ամենակարճը տեւեցին՝ 2-2:30 ժամ: Ադրբեջանցի շախմատիստուհին պարտիայի վերջում ինձ շնորհաւորեց: Առաջնութեան վերջում էլ, երբ ճանաչւեցի յաղթող, մօտեցաւ եւ երկրորդ անգամ շնորհաւորեց յաղթանակի կապակցութեամբ:

 

- Հայաստանում պատերազմական լարւած իրավիճակն ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ քեզ վրայ չեմպիոն դառնալու ճանապարհին: Ի՞նչը քեզ մոտիւացրեց այս իրավիճակում:

- Հէնց երկրիս անունը՝ Հայաստանն է իմ մոտիւացիան: Ցանկացած իրավիճակում ցանկացած մրցաշարում ինձ մեր երկրի անունը, պատիւը բարձր պահելն է մոտիւացնում: Նոյնը Ռումինիայում էր. այս իրավիճակում աւելի շատ ես ցանկանում յաղթել, որպէսզի աւելի շատ մարդ իմանայ, թէ դու որ երկրից ես, որ պետութիւնն ես ներկայացնում: Չեմպիոն դառնալու ճանապարհին աւելի լաւ մոտիւացիա ինձ համար չէր կարող լինել: Հայաստանը ներկայացնելու պատասխանատւութիւնը դրդում է քեզ, որ աւելի հաւաքւած, ուշադիր լինես, որպէսզի կարողանաս լաւ ներկայանալ:

 

- Նշեցիր, որ այս յաղթանակին նպաստեց նաեւ հաւաքականի կազմում նախորդ երկու կարեւոր մրցաշարերին մասնակցելը: Ինչպէ՞ս ես քեզ զգում ազգային հաւաքականում:

- Գտնում եմ, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Կը փորձեմ անել առաւելագոյնը, որպէսզի աւելի լաւ կարողանամ ելոյթ ունենալ եւ մեծահասակներում ցոյց տամ աւելի բարձր արդիւնքներ:

 

- Ինչպէ՞ս ես սկսել զբաղւել շախմատով:

- Շախմատով ինքս եմ ուզել զբաղւել 7 տարեկանից: Ես եմ մայրիկիս համոզել, որ ինձ տանի խմբակ: Ինքս էլ որոշում եմ կայացրել, որ ցանկանում եմ շարունակել պրոֆեսիոնալ զբաղւել շախմատով: Նոր եմ աւարտել դպրոցը, բայց որոշում եմ կայացրել ոչ մի համալսարան չդիմել, ժամանակս նւիրել միայն շախմատին, մրցաշարերին, մարզումներին: Իմ այս որոշումը շոկային էր դպրոցի ուսուցիչներիս, բարեկամներիս, շրջապատիս համար, այսպէս ասած՝ լաւ չընդունւեց: Դպրոցում շատ լաւ եմ սովորել, բայց որոշեցի ամբողջ ժամանակս նւիրել շախմատին, որպէսզի աւելի մեծ յաջողութիւնների հասնեմ:

Այս յաղթանակի հիմքում կանգնած են այն մարդիկ, որոնք իմ ամբողջ շախմատային կարիերայի ընթացքում ինձ հետ են՝ դպրոցի ուսուցիչս՝ Սեւակ Բաղդասարեան, Արարատ Սանթրեանը, Արտաշէս Մինասեանը, գրոսմայստեր Վահէ Բաղդասարեանը, Զաւէն Անդրէասեանը եւ, իհարկէ մայրիկս, ում դերը շատ մեծ է: Նա միշտ աջակցել է ինձ եւ նրա շնորհիւ է, որ հասել եմ այս յաջողութիւններին:

 

- Ինչո՞վ է գրաւում քեզ շախմատը:

- Սա մի ֆենոմենալ աշխարհի է, որտեղ ես ընկել եմ: Ինձ գրաւում է արդիւնքը: Իմ արդիւնքներն ինձ երջանկացնում են: Դու քեզ զրկում ես շատ բաներից այն դէպքում, երբ քո հասակակիցները գնում ես զբօսնելու, հաճելի ժամանակ են անցկացնում, դու մարզւում ես, սովորում եւ արդիւնքը աշխարհի չեմպիոնութիւնն է, Հայաստանի չեմպիոնութիւնը, քեզ երջանիկ ես զգում:

 

- Մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումն ի՞նչ տւեց քեզ:

- Տւեց ձգտում, նպատակասլացութիւն, որ շարունակեմ զբաղւել շախմատով, կատարելագործւել: Սա եւս մէկ յաջողութիւն էր, որն ինձ կօգնի աւելի լաւ մարզւել: Իւրաքանչիւր յաղթանակից յետոյ ես աւելի եմ ոգեւորւում, դրանից յետոյ փորձում եմ աւելի լաւ աշխատել, որ աւելի բարձր արդիւնքի հասնեմ:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։