Համահայկական 8-րդ ամառային խաղերը տեղի կունենան 2023 թւականի օգոստոսի 5-19-ը:
Բացման արարողութիւնը կը կայանայ Գիւմրիում, փակման արարողութիւնը՝ Երեւանում: Խաղերի պաշտօնական բացման, փակման օրերի եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապւած մի շարք այլ որոշումներ կայացւել են «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ» ՀԿ գործադիր կոմիտէի նիստում:
Կայացել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ» ՀԿ գործադիր կոմիտէի նիստը
«alikonline.ir» - Համահայկական 8-րդ ամառային խաղերը տեղի կունենան 2023 թւականի օգոստոսի 5-19-ը:
Բացման արարողութիւնը կը կայանայ Գիւմրիում, փակման արարողութիւնը՝ Երեւանում: Խաղերի պաշտօնական բացման, փակման օրերի եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապւած մի շարք այլ որոշումներ կայացւել են «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ» ՀԿ գործադիր կոմիտէի նիստում: Նիստին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանը,փոխնախագահներ Ալբերտ Բոյաջեանը եւ Ռոլանդ Շառոյեանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից, ինչպէս նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, որը նաեւ Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտէի նախագահ է: Տեղեկացնում է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ» ՀԿ գործադիր կոմիտէի ֆէյսբուքեան էջը:
ՀԽՀԿ նախագահը ողջունել եւ շնորհակալութիւն է յայտնել գործկոմի կազմին՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանելու եւ նիստին ներկայ գտնւելու համար։ Ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտէի նախագահ Արայիկ Յարութիւնեանը ողջունելով խաղերի անցկացման գաղափարը նշել է, որ 2019 թւականին կայացած 7-րդ խաղերին կազմակերպմանը կառավարութիւնն առաւելագոյնս աջակցել է եւ հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Նա վստահեցրել է՝ յաջորդ խաղերին շատ աւելի լաւ մարզադաշտեր, մարզադահլիճներ կունենանք: Օրինակ մարզահամերգային համալիրն այս պահին մի քանի դահլիճներով եւ ենթակառուցւածքներով արդէն կարող է բազմաթիւ մրցումներ ընդունել: «Համահայկական խաղերը պէտք է լինեն լաւագոյն ցուցիչը եւ իրադարձութիւնը, որոնք ցոյց կը տան մեր միակամութիւնը եւ այն, որ զարգացման բոլոր ուղղութիւնները, որ ունենք եւ այն իրադարձութիւնները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժւարութիւններով հանդերձ»-ասել է նա:
Գործկոմի նիստում քննարկւել է նաեւ համահայկական խաղերի մարզաձեւերի ցանկն ընդլայնելու հարցը, մասնաւորապէս, դրանում ընդգրկելու կանանց ֆուտբոլը։ Քննարկւել է նաեւ Համահայկական խաղերի ընթացքում անցկացնել հաշմանդամային սպորտի մարզական խաղեր, որոնք կը լինեն ցուցադրական բնոյթի։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Համահայկական ձմեռային խաղերին եւ որոշւել է, որ 2025 թւականի փետրւարին անցկացնել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը:
Գործկոմի անդամ Յարութիւն Եաւրեանը նկատել է, որ գործկոմի նիստը խորհրդանշական է՝ յիշեցնելով, որ ուղիղ 25 տարի առաջ, հէնց հոկտեմբերին ու հէնց նոյն վայրում կայացել է ՀԽՀԿ գործադիր կոմիտէի առաջին նիստը՝ Համահայկական խաղերի հիմնադիրներից Աշոտ Մելիք-Շահնազարեանի նախագահութեամբ, Ալբերտ Բոյաջեանի, Իշխան Զարաքեանի եւ իր մասնակցութեամբ:
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարեանի առաջարկով որոշւել է Գործկոմի եւ Համահայկական 8-րդ խաղերի կառավարական կազկոմիտէի համատեղ նիստն անցկացնել 2023 թւականին Երուսաղէմում: