Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի եւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն հանրայայտ լրագրող Պիրս Մորգանին տւած հարցազրոյցով անդրադարձել է իր անձի շուրջ վերջին շրջանում տարածւող լուրերին եւ խօսել «Կարմիր սատանաների» ունեցած խնդիրներից:
«alikonline.ir» - Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի եւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն հանրայայտ լրագրող Պիրս Մորգանին տւած հարցազրոյցով անդրադարձել է իր անձի շուրջ վերջին շրջանում տարածւող լուրերին եւ խօսել «Կարմիր սատանաների» ունեցած խնդիրներից:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն հարցազրոյցի ընթացքում հանդէս է եկել սկանդալային յայտարարութիւններով, քննադատել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մարզիչ Էրիկ Տեն Հագին, ինչպէս նաեւ անդրադարձել Անգլիայի հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին յարձակւող Վէյն Ռունիի՝ իր հասցէին արած յայտարարութիւններին:
«Այն զգացողութիւնն ունեմ, կարծես ինձ դաւաճանել են «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում: Մարդիկ պէտք է իմանան ճշմարտութիւնը: Այո, ես ինձ դաւաճանւած եմ զգում եւ ոչ միայն այս տարի, այլ նաեւ նախորդ տարի եւս»,- ասել է պորտուգալացին:
Ռոնալդուին դուր չի եկել այն փաստը, որ ակումբն իրեն քաւութեան նոխազ է դարձել` թիմի ունեցած անյաջողութիւնների ֆոնին:
«Ես չեմ յարգում Էրիկ Տեն Հագին, քանի որ նա էլ ինձ չի յարգում: Չեմ հասկանում նաեւ, թէ ինչու է Վէյն Ռունին այդ կերպ խիստ քննադատում ինձ: Գուցէ, պատճառն այն է, որ ինքն աւարտել է կարիերան, իսկ ես շարունակում եմ բարձր մակարդակով խաղալ»,- ասել է նա:
Պորտուգալացին առանձնացրել է, որ անգլիական ակումբ է վերադարձել սրտի թելադրանքով եւ հաշւի է առել Ալեքս Ֆերգիւսոնի յորդորը` չմիանալ «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Ալեքս Ֆերգիւսոնի հեռանալուց յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը ոչ մի զարգացում չի ապրել: Առաջխաղացումը զրոյական է: Ֆերգիւսոնը բոլորից լաւ գիտի, որ ակումբը ճիշտ ճանապարհով չի գնում: Բայց ամենակարեւորը երկրպագուներն են: Նրանք միշտ իմ կողքին են: Ինձ համար երկրպագուներն ամէն ինչ են»,- ասել է պորտուգալացի յարձակւողը: