Հա

Մարզական

23/11/2022 - 11:10

ԱԱ-2022․Արգենտինայի սենսացիոն պարտութիւնը, Դանիայի եւ Թունիսի թիմերը յաղթողին չպարզեցին, Մեքսիկան ու Լեհաստանը խաղացին ոչ ոքի եւ Ֆրանսիայի հաւաքականի կամային յաղթանակը

Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդական Արաբիայի հաւաքականը սենսացիոն յաղթանակ տարաւ Ամերիկայի գաւաթակիր Արգենտինայի հաւաքականի նկատմամբ։ 

«alikonline.ir» - Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդական Արաբիայի հաւաքականը սենսացիոն յաղթանակ տարաւ Ամերիկայի գաւաթակիր Արգենտինայի հաւաքականի նկատմամբ։ Գրում է Sport.News.am-ը:

Երէկ՝ նոյեմբերի 22-ին Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում Սաուդկանան Արաբիայի թիմը 88 հազար հանդիսականների ներկայութեամբ հասաւ կամային յաղթանակի 2:1 հաշւով։

Խաղի հաշիւը 10-րդ րոպէին 11-մետրանոցից բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հաւաքականի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնութեան։

Առաջին խաղակէսում արգենտինացիների 3 գոլը չեղարկւեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միայն մէկ դէպքում կիրառւեց VAR համակարգը։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրաւեց Միլանի «Ինտեր»-ի 25-ամեայ յարձակւող Լաուտարօ Մարտինէսը, մէկ անգամ՝ Մեսսին։

Առաջին խաղակէսում 0:1 հաշւով պարտւելուց յետոյ Սաուդական Արաբիայի թիմը ֆրանսիացի գլխաւոր մարզիչ Էրւէ Ռենարի ղեկավարութեամբ երկրորդ խաղակէսի սկզբնամասում 5 րոպէում երկու գոլ խփեց։

48-րդ րոպէին աչքի ընկաւ Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 29-ամեայ յարձակւող Սալեհ Ալ Շեհրին, իսկ 53-րդ րոպէին՝ «Ալ Հիլալի» 31-ամեայ կիսապաշտպան Սալեմ Ալ Դաւսարին։

Երէկ՝ Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում մրցեցին D խմբում ընդգրկւած Դանիայի եւ Թունիսի հաւաքականները։ Գրանցւեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

Երէկ՝ երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում մրցեցին C խմբում ընդգրկւած Մեքսիկայի եւ Լեհաստանի հաւաքականները։ Գրանցւեց ոչ ոքի՝ 0:0:

58-րդ րոպէին խաղի հաշիւը բացելու հնարաւորութիւն ունէր «Բարսելոնա»-ի եւ Լեհաստանի հաւաքականի 34-ամեայ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին, որը վաստակեց 11-մետրանոցի իրաւունք, սակայն չկարողացաւ արդիւնաւէտ իրացնել։

Սէյւ կատարեց մեքսիական «Ամերիկա» ակումբի 37-ամեայ դարպասապահ Գիլերմօ Օչոան։

Զգալի տարածքային եւ խաղային առաւելութիւն ունէր Մեքսիկայի թիմը, սակայն 3 սէյւ կատարեց Լեհաստանի հաւաքականի եւ Թուրինի «Իւվենտուս»-ի 32-ամեայ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

Երէկւայ վերջին խաղում Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականը մցրեց աւստրալացիների հետ եւ հասաւ 4:1 հաշւով կամային յաղթանակի։

Առաջինը յաջողութեան հասան աւստրալացիները։ Արդէն 9-րդ րոպէին աչքի ընկաւ աւստրալական «Ադելաիդա Իւնայթեդ»-ի 30-ամեայ յարձակւող Քրէյգ Գուդւինը։

Դիդիէ Դեշամի գլխաւորած թիմը հաւասարութիւնը վերականգնեց 27-րդ րոպէին։ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամեայ պաշտպան Տէօ Էրնանդէսի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ Թուրինի «Իւվենտուս»-ի 27-ամեայ կիսապաշտպան Ադրիէն Ռաբեոն։

Տէօ Էրնանդէսը 13-րդ րոպէին փոխարինել էր եղբօրը՝ Լիւկա Էրնանդէսին, որը վնասւածք է ստացել։

5 րոպէ անց Իտալիայի չեմպիոն «Միլան»-ի 36-ամեայ յարձակւող Օլիւիէ Ժիրուն գրաւեց մրցակցի դարպասը։ Ժիրուին գոլային փոխանցումը կատարեց Ռաբեոն։

68-րդ րոպէին ֆրանսիացիների երրորդ գոլը խփեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն, որին գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»-ի 25-ամեայ յարձակւող Ուսման Դեմբելէն։

71-րդ րոպէին Մբապէի գերազանց փոխանցումից յետոյ դուբլ ձեւակերպեց Ժիրուն։

ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր

Արգենտինա - Սաուդական Արաբիա՝ 1:2

Լիոնէլ Մեսսի, 10, 11մ - Սալեհ Ալ Շեհրի, 48, Սալեմ Ալ Դաւսարի, 53

Մեքսիկա - Լեհաստան՝ 0:0

Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), 58

ԱԱ-2022. D խումբ, առաջին տուր

Դանիա - Թունիս՝ 0:0

Ֆրանսիա - Աւստրալիա՝ 4:1

Ադրիէն Ռաբեօ, 27, Օլիւիէ Ժիրու, 32, 71, Կիլիան Մբապէ, 68 - Քրէյգ Գուդւին, 9

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։