Հա

Մարզական

24/11/2022 - 10:00

ԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորւաթիայի թիմերը գոլ չխփեցին, Ճապոնիան մեկնարկային խաղում յաղթեց Գերմանիային, Իսպանիայի տպաւորիչ յաղթանակը եւ Բելգիայի յաղթական մեկնարկը

Երէկ՝ նոյեմբերի 23-ին Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ։ Գրանցւեց ոչ ոքի՝ 0:0: 

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 23-ին Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ։ Գրանցւեց ոչ ոքի՝ 0:0: Գրում է Sport.News.am-ը:

Կողմերը երկուական հարւած կատարեց դարպասին, բայց դարպասապահները սէյւերով փրկեցին դրութիւնը։

Աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում սենսացիան պարտութիւն կրեց Գերմանիայի հաւաքականը։ Հանս-Դիտէր Ֆլիկի գլխաւորած թիմը մրցեց Ճապոնիայի թիմի հետ, որը կամային յաղթանակ տարաւ 2:1 հաշւով։

Առաջինը յաջողութեան հասան գերմանացիները։ 33-րդ րոպէին Գերմանիան ստացաւ 11-մետրանոցի իրաւունք։ «ՌԲ Լայպցիգ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Դաւիդ Ռաումի նկատմամբ կանոնները խախտեց ճապոնացիների դարպասապահ, ճապոնական «Շիմիցու Ս-Պուլս»-ը ներկայացնող 33-ամեայ Շուիչի Գոնդան, որը 7 սէյւ կատարեց այս խաղում։

11-մետրանոցն արդիւնաւէտ իրացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի 32-ամեայ կիսապաշտպան Իլկայ Գիւնդոգանը։

Առաջին խաղակէսի աւելացւած ժամանակում մրցակցի դարպասը գրաւեց Գերմանիայի թիմի եւ Լոնդոնի «Չելսի»-ի 23-ամեայ կիսապաշտպան Կայ Հաւերցը, սակայն VAR-ի կիրառումից յետոյ գրանցւեց խաղից դուրս վիճակ եւ հաշիւը չփոխւեց։

Երկրորդ խաղակէսում Ճապոնիայի հաւաքականը կարողացաւ երկու անգամ գրաւել Մանուէլ Նոյէրի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպէին պատասխան գոլը խփեց գերմանական «Ֆրայբուրգ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Ռիցու Դոանը։ 83-րդ րոպէին ճապոնացիների յաղթական գոլի հեղինակը դարձաւ գերմանական «Բոխում»-ի 28-ամեայ յարձակւող Տակումա Ասանոն։

Երէկ՝ երեկոյեան ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականը գեղեցիկ յաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնութիւնում։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում Լուիս Էնրիկէի գլխաւորած թիմը 7:0 հաշւով պարտութեան մատնեց Կոստա Ռիկայի թիմին։

Արդէն 11-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Դանի Օլմոն։ Այս գոլը 100-րդն էր Իսպանիայի համար աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ մրցաշարերում։

21-րդ րոպէին կատալոնական «Բարսելոնա»-ի 33-ամեայ պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ Մադրիդի «Ռէալ»-ի 26-ամեայ յարձակւող Մարկօ Ասենսիոն։

31-րդ րոպէին 11-մետրանոցն արդիւնաւէտ իրացրեց «Բարսելոնա»-ի 22-ամեայ յարձակւող Ֆերան Տորէսը։

54-րդ րոպէին Տորէսը նաեւ իր երկրորդ գոլը խփեց։ 74-րդ րոպէին Մադրիդի «Աթլետիկօ»-ի 30-ամեայ յարձակւող Ալւարօ Մորատայի փոխանցումից յետոյ ՊՍԺ-ի եւ Կոստա Ռիկայի թիմի 35-ամեայ դարպասապահ Կէյլոր Նաւասի պաշտպանած դարպասը գրաւեց «Բարսելոնա»-ի 18-ամեայ կիսապաշտպան Գաւին։

90-րդ րոպէին իսպանացիների 6-րդ գոլը խեց ՊՍԺ-ի 25-ամեայ կիսապաշտպան Կառլոս Սոլէրը։ Աւելացւած երկրորդ րոպէին էլ Օլմոյի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ Մորատան՝ 7:0:

Կոստա Ռիկայի հաւաքականի խաղացողները ոչ մի հարւած չկատարեցին մրցակցի դարպասին, Իսպանիան 7 հարւած կատարեց, 7-ն էլ աւարտւեց գոլով։ Սա աշխարհի առաջնութիւններում Իսպանիայի հաւաքականի տարած ամենախոշոր յաղթանակն է։

Իսպանիան 3 միաւորով գլխաւորեց E խմբի մրցաշարային աղիւսակը։ Նոյնքան միաւոր ունի երկրորդ տեղում գտնւող Ճապոնիան, որը 2:1 հաշւով կամային յաղթանակ էր տարել Գերմանիայի թիմի նկատմամբ։

Երէկւայ վերջին խաղում աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում 2018թ․ աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Բելգիայի հաւաքականը մրցեց աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի ուղեգիր երկրորդ անգամ նւաճած Կանադայի թիմի հետ։ Իսպանացի Ռոբերտօ Մարտինէսի գլխաւորած թիմը յաղթեց նւազագոյն հաշւով։

11-րդ րոպէին կանադացիները ստացան 11-մետրանոցի իրաւունք, սակայն Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի 22-ամեայ պաշտպան Ալֆոնսօ Դեւիսը չկարողացաւ գրաւել Տիբօ Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Մադրիդի «Ռէալ»-ի 30-ամեայ դարպասապահը սէյւ կատարեց։

Բելգիայի հաւաքականը յաջողութեան հասաւ 44-րդ րոպէին։ Բելգիական «Անտւերպէն»-ի 33-ամեայ պաշտպան Տոբի Ալդերւէյրէլդի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ թուրքական «Ֆեներբահչէ»-ի 29-ամեայ յարձակւող Միշի Բատշուային։

 

ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր

Գերմանիա - Ճապոնիա՝ 1:2

Իլկայ Գիւնդոգան, 35, 11մ - Ռիցու Դոան, 75, Տակումա Ասանօ, 83

Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 7:0

Դանի Օլմօ, 11, Մարկօ Ասենսիօ, 21, Ֆերան Տորէս, 31, 11մ, 54, Գաւի, 74, Կառլոս Սոլէր, 90, Ալւարօ Մորատա, 90+2

 

ԱԱ-2022, F խումբ, առաջին տուր

Մարոկկօ - Խորւաթիա՝ 0:0

Բելգիա - Կանադա՝ 1:0

Միշի Բատշուայի, 44

Չիրացրած 11մ՝ Ալֆոնսօ Դեւիս (Կանադա), 11

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։