Երէկ՝ դեկտեմբերի 1-ին Մարոկկոյի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականները նւաճեցին աշխարհի առաջնութեան 1/8 եզրափակիչի ուղեգրեր։ Անցած առաջնութեան բրոնզէ մեդալակիր Բելգիայի հաւաքականը լքեց պայքարը։
«alikonline.ir» - Երէկ՝ դեկտեմբերի 1-ին Մարոկկոյի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականները նւաճեցին աշխարհի առաջնութեան 1/8 եզրափակիչի ուղեգրեր։ Անցած առաջնութեան բրոնզէ մեդալակիր Բելգիայի հաւաքականը լքեց պայքարը։ Գրում է Sport.News.am-ը:
Խմբային մրցաշարի վերջին տուրում Խորւաթիայի եւ Բելգիայի հաւաքականները խաղացին ոչ ոքի՝ 0:0:
E խմբում Խորւաթիան 5 միաւորով գրաւեց երկրորդ տեղը։ Խմբի յաղթող դարձաւ Մարոկկոյի հաւաքականը, որը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Կանադայի թիմին։
Մարոկկոյի թիմին յաղթանակ բերեցին Լոնդոնի «Չելսի»-ի 29-ամեայ կիսապաշտպան Հակիմ Զիեշի գոլն արդէն չորրորդ րոպէին եւ իսպանական «Սեւիլիա»-ի 25-ամեայ յարձակւող Իւսէֆ Էն-Նեսիրիի գոլը 23-րդ րոպէին։ Նրան գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամեայ պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Մարոկկոյի հաւաքականը վաստակեց 7 միաւոր։ Կանադան երեք պարտութիւն կրեց։
Երէկ՝ ուշ երեկոյեան Աշխարհի առաջնութիւնում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին F խմբում ընդգրկւած թիմերը։
Ճապոնիայի հաւաքականը 2:1 հաշւով կամային յաղթանակ տարաւ Իսպանիայի հաւաքականի նկատմամբ եւ առաջին տեղից դուրս եկաւ 1/8 եզրափակիչ։
11-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց Իսպանիայի հաւաքականի եւ Մադրիդի «Աթլետիկօ»-ի 30-ամեայ յարձակւող Ալւարօ Մորատան, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսի»-ի 33-ամեայ պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։
Ճապոնիայի հաւաքականը հաշւի հաւասարութիւնը վերականգնեց 48-րդ րոպէին գերմանական «Ֆրայբուրգ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Ռիցու Դոանի գոլի շնորհիւ։ Արդիւնաւէտ փոխանցումը կատարեց ֆրանսիական «Ռէյմս»-ի 29-ամեայ յարձակւող Ձիւնեա Իտոն։
3 րոպէ անց Ճապոնիայի յաղթական գոլը խփեց գերմանական «Դիւսելդորֆ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Աօ Տանական անգլիական «Բրայթոն»-ի 25-ամեայ կիսապաշտպան Կաորու Միտոմայի փոխանցումից յետոյ։
Ճապոնիան վաստակեց 6 միաւոր, իսկ Իսպանիան 4 միաւորով նահանջեց երկրորդ տեղ՝ նոյնպէս նւաճելով փլէյ-օֆֆի ուղեգիր։
Գերմանիայի հաւաքականը 4:2 հաշւով առաւելութեան հասաւ Կոստա Ռիկայի թիմի նկատմամբ։
Արդէն 10-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց Գերմանիայի հաւաքականի եւ Միւնխէնի «Բաւարիա»-ի 27-ամեայ յարձակւող Սերժ Գնաբրին։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Լայպցիգ»-ի 24-ամեայ կիսապաշտպան Դաւիդ Ռաումը։
58-րդ րոպէին Կոստա Ռիկայի պատասխան գոլը խփեց Կոստա Ռիկայի «Էրեդիանօ»-ի 30-ամեայ կիսապաշտպան Ելցին Տեխեդան։ 70-րդ րոպէին կոստառիկացիներին առաջ մղեց կոլումբական «Միլեոնարիոս»-ի 27-ամեայ պաշտպան Խուան Վարգասը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձաւ Լոնդոնի «Չելսի»-ի 23-ամեայ կիսապաշտպան Կայ Հաւերցը, որն աչքի ընկաւ 73-րդ եւ 85-րդ րոպէներին։ Աւելացւած առաջին րոպէին էլ Բրեմէնի «Վերդէր»-ի 29-ամեայ յարձակւող Նիկլաս Ֆիւլկրուգը խփեց Գերմանիայի չորրորդ գոլը։
Գերմանիայի հաւաքականը 4 միաւորով գրաւեց երրորդ տեղը՝ Իսպանիայից յետ մնալով խփած եւ բաց թողած գոլերի տարբերութեամբ․ Գերմանիա՝ 6:5, Իսպանիա՝ 9:3:
Գերմանիայի հաւաքականը 2014-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նւաճելուց յետոյ երկրորդ առաջնութիւնում անընդմէջ չի կարողանում յաղթահարել խմբային փուլի արգելքը։
ԱԱ-2022. E խումբ, երրորդ տուր
Խորւաթիա - Բելգիա՝ 0։0
Կանադա - Մարոկկօ՝ 1։2
Նաիֆ Ագէր, 40, ինքնագոլ - Հակիմ Զիեշ, 4, Իւսէֆ Էն-Նեսիրի, 23
Մրցաշարային դրութիւն․ Մարոկկօ՝ 7, Խորւաթիա՝ 5 միաւոր, Բելգիա՝ 4, Կանադա՝ 0։
ԱԱ-2022. F խումբ, երրորդ տուր
Ճապոնիա - Իսպանիա՝ 2:1
Ռիցու Դոան, 48, Աօ Տանակա, 51 - Ալւարօ Մորատա, 11
Կոստա Ռիկա - Գերմանիա՝ 2:4
Ելցին Տեխեդա, 58, Խուան Վարգաս, 70 - Սերժ Գնաբրի, 10, Կայ Հաւերց, 73, 85, Նիկլաս Ֆիւլկրուգ, 90+1
Մրցաշարային դրութիւն․ Ճապոնիա՝ 6 միաւոր, Իսպանիա՝ 4, Գերմանիա՝ 4, Կոստա Ռիկա՝ 3։