Հա

Մարզական

04/01/2023 - 11:00

Մազանդարանի ընտրանիի գլխաւոր մարզիչ Հրաչիկ Յակոբեանը «ԱԼԻՔ»-ում

ՀԱՏԻՍ - Սարի քաղաքում բնակւող մեր հայրենակիցներից Հրաչիկ Յակոբեանը կրկնել է իր չեմպիոնի կոչումը 55-ից 59 տարեկանների լողի Մազանդարանի նահանգային մրցաշարում աահմանելով 25 մետր տարածութիւնը 20 վայրկեանում մրցանիշ: Հրաչիկը առաջ է անցել նաեւ մինչեւ 34 տարեկանների տարիքայիններից:

ՀՐԱՉԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԸ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ԼՈՂՈՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

կամ

երբ 55-ից 59 տարիքայինում սահմանում ես մինչեւ 34 տարեկանների մրցանիշ

 

ՀԱՏԻՍ - Սարի քաղաքում բնակւող մեր հայրենակիցներից Հրաչիկ Յակոբեանը կրկնել է իր չեմպիոնի կոչումը 55-ից 59 տարեկանների լողի Մազանդարանի նահանգային մրցաշարում աահմանելով 25 մետր տարածութիւնը 20 վայրկեանում մրցանիշ: Հրաչիկը առաջ է անցել նաեւ մինչեւ 34 տարեկանների տարիքայիններից:

Անցեալի փորձից գիտես, որ տարիքը չեն հարցնում: Իսկ Հրաչիկի դէպքում կարելի է սահմանափակւել 55-ից 59 տարեկանի սահմաններում: Մրցոյթը, որին մասնակցել է տկն. Յակոբեանը հէնց այդ տարիքայինում էր:

Լուրը կարող էր կարճ լինել ու ամփոփիչ: Սակայն, երբ Հրաչիկ Յակոբեանը թերթիս խմբագրատուն այցելեց պայմանաւորւածութեան համաձայն, նրան էր ընկերակցում իր ամուսինը, 65-ամեայ Արմէն Պօղոսեանը, ով նոյնպէս Սարիի յայտնիներից է, շատերին յայտնի «Ղաֆ» անունը կրող խմբի աւագ լեռնագնացներից:

Արմէնը փոխեց մեր զրոյցի թեման, կամ այլ ձեւակերպմամբ նոր ուղղութեան վրայ տարաւ մեր հանդիպումը: Նա 9 տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարից յետոյ տեղաշարժւել կարողանում է միայն անւասայլակով: Տեղաշարժւում է Հրաչիկի օգնութեամբ: Արմէնը հասցրել է նաեւ բարձրանալ Արագածի գագաթ, ինչով նա համարւում է Մազանդարանի միակ հայը, որը նման ծրագիր է իրականացրել:

Արմէնի դժբախտ պատահարի մասին հարցին Հրաչիկը թէեւ ակնարկներ արեց, թէեւ այն գուցէ կապ չունի մեր զրոյցին, այնուամենայնիւ, պատմեց: «Դէպքը տեղի ունեցաւ մեր առաջին հարցազրոյցից օրեր անց: Պատահարից յետոյ Արմէնը շուրջ մէկ ամիս անգիտակից վիճակում էր: Իսկ դրանից յետոյ արդէն տեղաշարժւում է անւասայլակով»:

Մտածում ես ամուսնական այս զոյգերի մարզական կեանքի մասին գրել ու մասին միայն, բայց ընթացքում բացայայտւում է, որ գործ ունենք պրոֆեսիոնալ մարզական կեանքով ապրող ու Սարիում բնակւող հայ ընտանիքի հետ:

Աւագ դուստրը՝ Առլին Պօղոսեանը մայրիկի օրինակով զբաղւում է ջրային մարզաձեւերով եւ այժմ բնակւում է Հայաստանում: Առլինը շուրջ 8 տարի է, ինչ Երեւանում իր աշակերտների հետ պարապում է լող եւ արդէն իսկ իր դաստիարակած արհեստավարժ լողորդներ ունի ցուցակում: Իսկ մինչեւ Հայաստան տեղափոխւելը, Առլինը շուրջ 8 տարի մարզւել է իր մօր վերահսկողութեան ներքոյ: Հասցրել է նաեւ համալրել Մազանդարանի մինչեւ 16 տարեկանների ընտրանին: Ամուսնանալուց յետոյ նրանք տեղափոխւեցին Երեւան:

Ընտանիքի միակ որդին Էմիլն է, ով շարունակում է հայրիկի ուղին ու ինչպէս տկն. Յակոբեանն է նկարագրում դժւար է նրան տանը գտնել, յատկապէս եթէ առջեւում ազատ օրեր են լինում: Էմիլն արդէն 15 տարի է ինչ մայրիկի ասութեամբ՝գագաթից գագաթ է թռչկոտում:

Տան փոքրիկը Այլին Պօղոսեանն է, գրող, բանաստեղծուհի: Այլինի բանաստեղծութիւնների անդրանիկ հատորը լոյս է տեսել չորս տարի առաջ վերնագրւած (պարսկերէն) «Ինձ քո երազն է փախցրել թէ գիրկդ»-ով:

Վետերան չեմպիոնը ունի նաեւ երկու թոռնիկ, որոնց մասին պատմելիս աչքերը թացանում են ու ասում՝ շուտով անցնելու են արհեստավարժ մարզումների...

Հարցերին հիմնականում պատասխանում էր Հրաչիկ Յակոբեանը: Իր մարզական անցեալի մասին պատմելիս նա պարզեց, որ լողը նրա առաջին ընտրութիւնը չի եղել: Թեհրանի «Սարդարապատ քաղաքամասում ամենասիրւած մարզաձեւերից էր վոլէյբոլը: Դա էլ եղաւ իմ առաջին ընտութիւնը: Աւելի ուշ անցայ թեթեւատլետի: Համահայկական խաղերին մասնակցում էինք ամենապատրաստւած կազմով: Այնպէս, որ ես ապահովում էի մնացած չորս ոսկէ մեդալները, իսկ մի հատ էլ վերջում էի ստանում թիմային հաշւարկի արդիւնքում: Այն օրերի Համահայկականը համ ու հոտով իսկական Օլիմպիական խաղեր էր յիշեցնում: Յատկապէս թեթեւատլետի մրցումների առումով»:

Հրաչիկը շարունակելով թեման նշեց, որ ինքը նաեւ նիզականետում էր կատարում, որի համար պատրաստւում էր ազգ. հաւաքականի կազմ դուրս գալ, ինչը սակայն յեղափոխութեան իրադարձութիւնների բերումով սառեցւեց հէնց ընտրական փուլում:

Նա յաւելեց, որ իր մարզական կեանքը փոխւեց նաեւ Յեղափոխութեան յաղթանակով: «Ստիպւած անցանք փակ տարածքներում մարզւելու հնարքների: Ջրային մարզաձեւերը յարմարագոյնն էր: Ինձ համար եւս այն նոր աշխարհ էր: Իսկ ամենամեծ յաջողութիւններս էլ հէնց այս մարզաձեւում եմ ունեցել»,- նշում է տկն. Հրաչիկը:

Հրաչիկն իր շուրջ 40 տարւայ արհեստավարժ մարզական կեանքում հասցրել է պատրաստել մարզային չեմպիոններ, ինչպէս նաեւ Իրանի լողի ընտրանիին պատրաստ լողորդներ, որոնցից չորսը համալրել են Իրանի ապագայ աստղերի ցուցակը:

Իր սահմանած մրցանիշի - 25 մետրը՝ 20 վայրկեանում- մասին հարցին պատասխանելիս նա տալիս է ճիշտ պատկերացում կազմելու հնարաւորութիւն: «Մինչեւ 18 տարեկանների մրցումներում այդ ռեկորդը 13-ից 14 վայրկեան է: Իսկ իմ սահմանածը համընկնում է 34 տարեկանների ռեկորդին, այսինքը՝ հասցրել եմ հաւասարւել շուրջ 25 տարով երիտասարդների հետ»,- նշում է տկն. Հրաչիկը ժպտադէմ նայելով ամուսնուն:

Իսկ դիտարկմանս, թէ կազմւածքով ու տեսքով նոյնպէս կարող էք մրցակցել նրանց հետ, ծիծաղով ձեռնոց է նետում. «Թող նրանք մեզ 25 տարի առաջ տեսած լինէին ու նոր մտածէին ջուրը մտնելու մասին»:

Հրաչիկ Յակոբեանը մարզական կեանքի կողքին նաեւ հիդրոթերապիստ է ու զբաղւում է համապատասխան բուժումների համար ծառայութիւնների մատուցմամբ:

Ունեցել է սեփական փոքր տարածքով լողաւազանը, որտեղ մարզել է իր աշակերտներին:

Սարի քաղաքի հայ համայնքի մասին

Հրաչիկ Յակոբեանը պատմեց, որ Սարիում բնակւող հայերի թիւը հասնում է 80-ի: Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղի «Արարատ» միութիւնն է սարիաբնակ հայերի հանդիպման հիմնական կենտրոնը: «Ամէն ինչ արւում է այդ հարազատ միութիւնում: Մեր երկրորդ տունն է այն: Համայնքը միշտ գիտի, թէ երկու շաբաթը մէկ, կարող է «Արարատ»-ում հանդիպել իր հայրենակիցներին: Մեր հանդիպումները տեղի են ունենում երկու շաբաթը մէկ: Պարտադիր է դա»:

Հրաչիկը պատմեց նաեւ, որ Սարիում ժամանակին գործել է հայկական «Արարատ» դպրոցը: Ինքը եւս դասաւանդել է այնտեղ: Սակայն ցաւօք համայնքի նոսրացումը մի կողմից, իսկ երեխաների չլինելը միւս կողմից պատճառ դարձան, որ դպրոցի օջախը մարի,- ասում է սարիաբնակ մեր հայրենակիցը:

 

Սարիաբնակ փոքրիկ հայը

Սարիաբնակ հայերի մասին հարցերին պատասխանելիս Հրաչիկը տեղեկացրեց, որ համայնքի կրտսերը փոքրիկ Մոնթէն է, Անտոնեանը, «...ով իր ծնունդով մեծ յոյս ներշնչեց բոլորիս սրտերում»:

 

Սարին, հայերը, իրենց սրճարանը, եւ գերեզմանատունը

Հրաչիկը պատմելով Սարիի տեսարժան վայրերի մասին, շտապեց տալ նաեւ «Երեւան-Քաֆէ»-ի անունը, որտեղ հայերը յաճախ են ժամանակ անցկացնում: «Չնայած քաֆէն աշխատում է բոլոր այցելուների համար: Քաղաքի կենտրոնում է: Կարող ես հայկական միջավայրում քեզ զգալ հանգիստ ու վստահ լինել, որ ուր որ է հարազատ ընկերներիցդ մէկին ես հանդիպելու այստեղ»,- ասում է Հրաչիկն ու ձեռքի հեռախօսը վերացրած փորձում է ստուգել ինտերնետային տաքսիի հնարաւորութիւնը:

Գլխի ես ընկնում, որ ժամանակը կարճ է բայց մտքում շարունակում են նոր հարցեր ծագել: Շտապում ես հարցնել եկեղեցի, գերեզմանատան եւ այլ հնարաւորութիւնների մասին:

Հրաչիկը պատմում է, որ Սարիում կայ հայկական գերեզմանատուն: Եկեղեցի չկայ, բայց մատուռ կայ, որտեղ ամէն տարի տեղի է ունենում Խաղողօրհնէքի արարողութիւն: «Մեզ մօտ Խաղողօրհնէքին Թեհրանից հիւրեր ենք ունենում: Ժամանում է նաեւ երգչախումբը: Գալիս են նաեւ Գորգանի հայերը: Այստեղ այդ օրերին այնքան աշխոյժ է լինում կեանքը, որ մտածում ես Թեհրանի հայկական քաղաքամասերից մէկում ես գտնւում»:

Հրաչիկը պատմեց նաեւ այն մասին, որ իրենց տանն են հիւրընկալել Սրբազան Հօրը, երբ այցի էր գնացել Սարի: «Կարծում եմ շուտով կունենաք նաեւ մեր եկեղեցին»,-ասում է տկն. Հրաչիկը:

Հրաչիկին ու Արմէնին հրաժեշտ տւեցինք, սակայն Սարիի մասին թղթակցութիւն կազմելու մտքից պոկւել քեզ չի յաջողւի: Պատկերացնում ես «Երեւան-քաֆէ»-ում նստած, իրիկնադէմին արածդ լուսանկարներն ես ստուգում ու կարգի բերում ցաքուցրիւ գրառումներդ, որոնք արել ես այցերի ընթացքում...

Մինչ նոր հանդիպում Սարիաբնակ հայերի հետ:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։