Հա

Մարզական

09/01/2023 - 10:00

«Քանի դեռ սպորտում եմ, կը պայքարեմ օլիմպիական ուղեգրի համար». Յարութիւն Մերդինեան

Քանի դեռ սպորտում եմ, կը պայքարեմ օլիմպիական ուղեգրի, օլիմպիական մեդալի եւ բարձր նւաճումների համար: 2022 թւականին Եւրոպայի չեմպիոնութեամբ իրականացրի երազանքս՝ մեդալս նւիրեցի դստերս: Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզէ մեդալակիր Յարութիւն Մերդինեանը:

«alikonline.ir» - Քանի դեռ սպորտում եմ, կը պայքարեմ օլիմպիական ուղեգրի, օլիմպիական մեդալի եւ բարձր նւաճումների համար: 2022 թւականին Եւրոպայի չեմպիոնութեամբ իրականացրի երազանքս՝ մեդալս նւիրեցի դստերս:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզէ մեդալակիր Յարութիւն Մերդինեանը:

2022 թւականը Յարութիւն Մերդինեանի համար մեծ յաղթանակների տարի եղաւ: Օգոստոսի 21-ին Գերմանիայի Միւնխէն քաղաքում անցկացւած Եւրոպայի առաջնութիւնում 38-ամեայ մարմնամարզիկը նժոյգ թափեր վարժութիւնում երկրորդ անգամ նւաճեց չեմպիոնի տիտղոսը: Նոյեմբերի 5-ին էլ Լիւերպուլում անցկացւած աշխարհի առաջնութիւնում դարձաւ կրկնակի բրոնզէ մեդալակիր:

Եւրոպայի կրկնակի չեմպիոնը Sport.News.am-ի համար ամփոփել է մրցաշրջան-2022-ը, խօսել առաջիկայ ծրագրերի եւ Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր նւաճելու նպատակների մասին:

 

- Յարութիւն, անցած մրցաշրջանը շատ յաջող ստացւեց քեզ համար: Կրկնեցիր նւաճումներդ՝ ապացուցելով, որ տարիքը խոչընդոտ չէ: Ինչպէ՞ս ստացւեց:

- Իսկապէս շատ յաջող ստացւեց: Տարւայ սկզբից ամէն ինչ յաջող դասաւորւեց: Մրցաշարից մրցաշար արդիւնքս բարելաւեցի: Շատ յաջող տարի էր ինձ համար: Երեւի իմ մարզական կարիերայի ընթացքում 2022 թւականի արդիւնքներն ամենալաւն էին: Մէկ տարում այսպիսի նւաճումներ չէի ունեցել:  Եղել էր 2015 թւականին, երբ դարձայ աշխարհի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի փոխչեմպիոն, իսկ այս դէպքում՝ Եւրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզէ մեդալակիր:

Շատ ուրախ եմ: Կարողացանք վարժութիւնս ճիշտ դնել, փոփոխութիւն անել եւ շեշտադրութիւնը դնել աւելի մաքուր կատարելու վրայ:

Այս արդիւնքների համար շնորհակալ եմ մեր մարզիչներին՝ հաւաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանին, իմ անձնական մարզիչ Սօս Սարգսեանին, հաւաքականի մարզիչ Հայկ Նազարեանին, ամբողջ մարզչական թիմին: Բոլորն ինձ օգնել են, որպէսզի կարողանամ ուժ գտնել մէջս եւ նորից պայքարել մեդալների ու բարձր նւաճումների համար:

 

- Ամենահիշարժան օրդ ո՞րը եղաւ 2022-ում:

- Եւրոպայի առաջնութիւնից առաջ նպատակ ունէի մեդալ նւաճել եւ այն նւիրել երեխայիս: Ստացւեց ամենաբարձր արդիւնքը, որի համար շնորհակալ եմ Աստծուց: Այդ օրը՝ օգոստոսի 21-ը, ինձ համար ամենայիշւող օրերից մէկն էր: Եւրոպայի ոսկէ մեդալով ես իմ երազանքն իրականացրեցի եւ մեդալս նւիրեցի երեխայիս:

 

- Նոր մրցաշրջանում ո՞րն է լինելու գլխաւոր նպատակդ:

- Տարին կը սկսենք հաւաքներով, մրցաշարեր, ապա Եւրոպայի առաջնութիւն: 2023 թւականին փորձելու եմ անել առաւելագոյնը, այնպէս, որ ես իմ արդիւնքներից հաճոյք ստանամ, ինչպէս 2022 թւականին էր:

 

- Կը տեսնե՞նք քեզ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերում: Կը պայքարե՞ս ուղեգրի համար:

- Օլիմպիական ուղեգրերը խաղարկւելու են 2023 թւականի աշխարհի առաջնութիւնում եւ 2024 թւականի աշխարհի գաւաթի փուլերում: Ինչ խօսք, եթէ լաւ մարզավիճակում լինեմ, պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի համար: Փորձելու եմ: Այժմ այն վիճակում եմ, որ կը կարողանամ, բայց չգիտեմ աշխարհի առաջնութիւնում կամ մէկ տարի յետոյ ինչ մարզավիճակում կը գտնւեմ: Ամէն դէպքում կը փորձեմ: Քանի դեռ սպորտում եմ, միանշանակ պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի, օլիմպիական մեդալի համար:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։