Հա

Մարզական

18/01/2023 - 08:39

«Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել եւ ամէն ինչ անում եմ իւրաքանչիւր խաղից հաճոյք ստանալու համար». Հենրիխ Մխիթարեան

«Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Իտալիայի սուպերգաւաթի «Միլան»-ի հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ խօսել է սպասւող խաղի մասին։

«alikonline.ir» - «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Իտալիայի սուպերգաւաթի «Միլան»-ի հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ խօսել է սպասւող խաղի մասին։ Գրում է Tert.am-ը։

- Մենք լաւագոյնս պատրաստւել ենք վաղւայ (յունւարի 18, Խմբ.) հանդիպմանը։ Նոյն կերպ պատրաստւեցինք «Նապոլի»-ի ու «Բարսելոնա»-ի հետ հանդիպումներին։ Մենք գիտենք, որ ուժեղ թիմի դէմ ենք խաղում, բայց նոյնքան ուժեղ նաեւ մենք:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Ձեր մարզավիճակը։ 

- Եթէ ես խաղում եմ, նշանակում է, որ լաւ մարզավիճակում եմ եւ կարող եմ օգնել թիմին: Ես 33 տարեկան եմ, դեռ պատրաստ եմ խաղալ որքան հնարաւոր է երկար։ Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել եւ ամէն ինչ անում եմ իւրաքանչիւր խաղից հաճոյք ստանալու համար:

 

- Գո՞հ էք «Ինտեր» տեղափոխւելու որոշումից:

- Ես չեմ զղջացել դրա համար։ Մի քանի տարի խաղացել եմ «Ռոմա»-ում, բայց հիմա «Ինտեր»-ում եմ եւ մտածում եմ այստեղ ինչ-որ բան յաղթելու մասին։

 

- Ինչպէ՞ս էք պատրաստւում հանդիպմանը եւ ի՞նչ կարծիք ունէք խաղից դուրսը որոշող կիսաաւտոմատ համարկարգի մասին:

- Նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակւում են։ Ամէն ինչ կանենք լաւ պատրաստւելու համար։ Ինչ վերաբերում է խաղից դուրսը որոշող համակարգին, ապա մեզ դա չի հետաքրքրում: Մենք պէտք է մեր խաղը խաղանք, մնացածը մեզնից կախւած չէ։

 

- Դուք շատ էք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացրել, ինչպէ՞ս են դրանք տարբերւում։ 

- Ես շատ եզրափակիչներում եմ խաղացել, բայց առաջին անգամ եմ խաղալու «Միլան»-ի դէմ։ Այլ հանդիպում է լինելու: Կարող եմ ասել, որ նման հանդիպումները խաղում են սառնասրտութեամբ ու մեծ ուշադրութեամբ, սխալներ թոյլ տալ չի կարելի։ Պէտք է կենտրոնացած մնաս եւ խաղաս քո խաղը:

 

- Դուք յաղթել էք սուպերգաւաթը բոլոր երկրներում, որտեղ խաղացել էք։ Դուք թալիսմա՞ն էք․․․

- Ես 4 սուպերգաւաթ եմ նվաճել, յուսով եմ հինգերորդը յաղթեմ «Ինտեր»-ի հետ, դա շատ կարեւոր է ինձ համար, իմ կարիերայի եւ ակումբի համար։

 

- Ի՞նչ տեղի ունեցաւ վերջին դերբիում։

- «Միլան»-ի հետ վերջին հանդիպումը այնքան էլ լաւ չէր: Մենք վատ սկսեցինք մրցաշրջանը, որոշ դժւարութիւններ եղան։ Այս հանդիպումից յետոյ մենք յաղթեցինք այնպիսի կարեւոր թիմերի, ինչպիսիք են «Բարսելոնա»-ն եւ «Նապոլի»-ն:

 

- «Ինտերը» ֆաւորի՞տ է։ 

- Վաղը ֆաւորիտ չի լինելու։ Մենք պէտք է խաղանք մեր խաղը։ Եթէ մենք մեր լաւագոյն խաղը ցուցադրենք, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ։

Յիշեցնենք, որ «Ինտեր» - «Միլան» հանդիպումը կը կայանայ յունւարի 18-ին եւ կը մեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։