Հա

Մարզական

29/01/2023 - 13:30

«Այս մեծ իրադարձութիւնը լուծում է մեր բոլոր խնդիրները». Յակոբ Սերոբեան

Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութիւնը: Այս մեծ իրադարձութիւնը միանգամից լուծում է մեր բոլոր խնդիրները եւ ապահովում հայկական մարմնամարզութեան ապագան:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանը:

«alikonline.ir» - Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութիւնը: Այս մեծ իրադարձութիւնը միանգամից լուծում է մեր բոլոր խնդիրները եւ ապահովում հայկական մարմնամարզութեան ապագան:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանը:

Յունւարի 28-ին Եւրոպական ֆեդերացիայի նիստի ժամանակ որոշւել է, որ 2027 թւականի մեծահասակների Եւրոպայի առաջնութիւնն անցկացւելու է Հայաստանում՝ Երեւանում:

 

- Պարոն Սերոբեան, Եւրոպայի առաջնութիւնը` Երեւանում։ Ի՞նչ նշանակութիւն ունի այս որոշումը։

- Մեր երազանքն իրականանում է: Անչափ ուրախ եմ: Այս մէկ մրցաշարով Հայաստանի մարմնամարզութեան ապագան լուծւում է, մեր բոլոր հարցերը լուծւում են: Արդէն վստահ ասում եմ, որ մեր մարզադահլիճը կը լինի, գուցէ նաեւ մարզադահլիճներ լինեն: Ամենաբարձր մակարդակով ամէն ինչ պէտք է անել, քանի որ լուրջ եւ խոշոր մրցաշար ենք ընդունելու: Նոր գործիքներ կունենանք մի քանի հաւաքածուով: Սա նշանակում է աւելի քան 15 տարի երիտասարդ մարմնամարզիկները խնդիր չեն ունենայ, մարզումների, գործիքների, դահլիճային խնդիր չեն ունենայ, ի տարբերութիւն մեզ: Դրա համար շատ ուրախ եմ, որ կը լինի: Այս ամէնն իրականացաւ կառավարութեան աջակցութեամբ, որ կարողացանք ձեռք բերել Եւրոպայի առաջնութիւնն ընդունելու իրաւունքը: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյեանին նրա մեծ ջանքերի համար:

 

- Եւրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է:

- Ադրբեջանցի Ֆայիդ Գայիբովն է, այո: Նա նաեւ Ադրբեջանի սպորտի նախարարան է: Գայիբովի ղեկավարած նիստում է ընդունւել 2027 թւականի Եւրոպայի առաջնութեան անցկացման վայրը. նիստին ներկայ է եղել Գագիկ Վանոյեանը:

 

- Ինչպիսի՞ն են նախաօլիպիական տարւայ ծրագրերը եւ ի՞նչ փուլերով էք պատրաստւելու Փարիզ-2024-ին:

- 2023-ը յագեցած տարի է լինելու մեզ համար: Տարին կը սկսենք մեծ հաւաքով: Փետրւարի 7-21-ը մեծահասակները, երիտասարդները, աղջիկները միասին մեծ հաւաք կանցնեն Թբիլիսիում:

Մեծահասակները փետրւարի 21-ին Թբիլիսիից կը մեկնեն Գերմանիա, որտեղ անցկացւելու է աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերից առաջինը: Անմիջապէս յետոյ երկրորդ փուլն է լինելու Կատարում: Մենք կը մասնակցենք երկու փուլերին էլ: Հայաստան կը վերադառնանք մարտի 5-ին:

 

- Ովքե՞ր են մասնակցելու աշխարհի գաւաթի փուլերին:

- Առաջին երկու փուլերին կը մասնակցենք 5 մարմնամարզիկով՝ Յարութիւն Մերդինեան, Արթուր Դաւթեան, Վահագն Դաւթեան, Արթուր Աւետիսեան եւ Գագիկ Խաչիկեան:

Կատարից կը վերադառնանք եւ կանցկացնենք Հայաստանի առաջնութիւնը, որից յետոյ երկու փուլերով հաւաքներ կանցնենք նորից Թբիլիսիում: Առաջին փուլում երիտասարդները հաւաք կանեն մինչեւ մարտի 25-ը: Նրանք կաւարտեն, կը սկսեն մեծահասակները: Երիտասարդները Թբիլիսիում կը պատրաստւեն աշխարհի երիտասարդական առաջնութեանը, մեծահասակները՝ Եւրոպայի առաջնութեանը:

Այս տարին կարեւոր է նաեւ երիտասարդների համար: Մարտի 29-ից ապրիլի 3-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կանցկացւի երիտասարդների աշխարհի առաջնութիւնը, որին առաջին անգամ կունենանք նաեւ աղջիկ մասնակից:

Երիտասարդներն Անթալիայից կը վերադառնան, մեծահասակները կը մեկնեն Անթալիա, որտեղ նախնական տւեալներով ապրիլի 11-16-ը կանցկացւի Եւրոպայի առաջնութիւնը: Օրերը դեռ յստակեցւած չեն, բայց կը յաջորդի երիտասարդների աշխարհի առաջնութիւնը:

 

- Աշխարհի գաւաթի վերջին երկու փուլերը որտե՞ղ են լինելու:

- Մէկը տեղի է ունենալու Բաքւում եւ, ինչպէս իւրաքանչիւր տարի, մենք դրան չենք մասնակցելու, միւսը՝ Եգիպտոսում:

Եգիպտոսը վերջին փուլն է, տեղի է ունենալու ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատւածում:

 

- Այս տարի գաւաթի փուլերը նորից վարկանիշայի՞ն են աշխարհի առաջնութեան առանձին գործիքների համար:

- Այո, ինչպէս նախորդ տարի, այս տարի եւս գաւաթի փուլերի արդիւնքներով տղաները աշխարհի առաջնութեան վարկանիշ ձեռք կը բերեն, իսկ արդէն յաջորդ տարի աշխարհի գաւաթի փուլերը վարկանիշային կը լինեն Օլիմպիական խաղերի համար:

Այս տարի օլիմպիական ուղեգրեր խաղարկւելու է միայն աշխարհի առաջնութիւնում, որը տեղի է ունենալու Բելգիայի Անտւերպէն քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը: Այստեղ իւրաքանչիւր գործիքում յաղթողն է ուղեգիր նւաճում, իսկ եթէ թիմայինով մարզիկն ունենայ, երկրորդ տեղը զբաղեցրածին է հասնում ուղեգիրը:

Գաւաթի փուլերի ամփոփիչ արդիւնքում ամէն գործիքի վրայ երկու ուղեգիր է խաղարկւելու: Աշխարհի գաւաթի փուլերում Արթուր Դաւթեանը բազմամարտ էլ է անելու, որպէսզի ուղեգիր նւաճելու հնարաւորութիւնը շատ լինի աշխարհի առաջնութիւմ: Հէնց այս աշխարհի գաւաթի փուլերից նա յենացատկից բացի նաեւ բազմամարտ կանի, որպէսզի աշխարհի առաջնութիւնում բազմամարտում մասնակցութեան իրաւունք նւաճի: Իսկ այնտեղ արդէն ուղեգրի համար կը պայքարի ոչ միայն իր հիմնական գործիքի՝ յենացատկի վրայ, նաեւ բազմամարտում:

Բարդ է լինելու մեր պայքարը: Ամէն ինչ կախւած է մեկնարկող գաւաթի փուլերից:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։