Եւրօ-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հաւաքականը սեփական յարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին եւ 1-2 հաշւով ցաւալի պարտութիւն կրել:
«alikonline.ir» - Եւրօ-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հաւաքականը սեփական յարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին եւ 1-2 հաշւով ցաւալի պարտութիւն կրել: Գրում է ArmSport.am-ը։
Խաղի արդէն 10-րդ րոպէին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմ»-ի պաշտպան Օզան Քաբակը՝ Կամօ Յովհաննիսեանի փոխանցումից յետոյ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Բաց թողած գոլից յետոյ Թուրքիայի հաւաքականը սկսեց աւելի ագրեսիւ գործել եւ աւելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդիւնքում, Պետրակովը նախ հարկադրւած փոփոխութիւն կատարեց, ապա հիւրերը կարողացան հաւասարեցնել հանդիպման հաշիւը:
Հայաստանի ազգային հաւաքականի պաշտպան Տարօն Ոսկանեանը Թուրքիայի դէմ խաղում ցաւալի վնասւածք տացաւ հանդիպման 25-րդ րոպէին եւ չկարողացաւ շարունակել հանդիպումը: Նրա փոխարէն խաղադաշտ դուրս եկաւ Ստեոպա Մկրտչեանը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քեոքչուն՝ 35-րդ րոպէին տուգանայինի մատոյցներից կատարած հարւածով գրաւելով Արսէն Բեգլարեանի պաշտպանած դարպասը:
Ի դէպ, Թուրքիայի դէմ խաղում Հայաստանի միանգամից երեք ֆուտբոլիստ՝ Մոսկւայի «Լոկոմոտիւ»-ի պաշտպան Նայիր Տիկնիզեանը, «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գէորգի Յարութիւնեանը եւ «Ուրարտու»-ի կիսապաշտպան Ուգոչուկւու Իւուն իրենց նորամուտն են նշել ազգային թիմի կազմում:
Երկրորդ կէսում արդէն հիւրերը եւս մէկ գոլ են խփել ու յաղթանակի հասել: Թուրքիայի հաւաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթիւրքողլուն խաղի 65-րդ րոպէին գրաւեց Արսէն Բեգլարեանի պաշտպանած դարպասը: Յատկանշական է՝ բաց թողած գոլից առաջ Հայաստանի հաւաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային հնարաւորութիւններ ունէին, սակայն ձեռքից բաց թողեցին դրանք: