Հա

PDF

04/03/2019 - 09:55

«Armenia Airways»-ը շուտով երկինք կը բարձրանայ

«Armenia Airways» հայկական աւիաընկերութիւնը (IATA-ի կոդը՝ 6A, ICAO-ի կոդը՝ AMW) շատ մօտ ապագայում ծրագրում է օդ բարձրանալ:

«alikonline.ir» - «Armenia Airways» հայկական աւիաընկերութիւնը (IATA-ի կոդը՝ 6A, ICAO-ի կոդը՝ AMW) շատ մօտ ապագայում ծրագրում է օդ բարձրանալ: Տեղեկացնում է «Hetq.am»-ը:

Փոխադրողն անցեալ տարւայ ամռանը Ռումինիայի ազգային աւիաօպերատոր «TAROM»-ից գնել էր 2 հատ «Airbus A310-300» տիպի օդանաւ, որոնք յետոյ ուղարկել էր Թեհրան՝ տեխնիկական աշխատանքների եւ հայկական ընկերութեան գոյներով ներկելու համար: Յիշեցնենք, որ «Armenia Airways»-ի սեփականատէրը պարսկահայ Առլէն Դաւուդեան-Զարնաին է:

Հայաստանում իբրեւ «EK-31001» եւ «EK-31002» գրանցւած ինքնաթիռներից մէկի մօտ, ըստ «Հետք»-ի աղբիւրի, Թեհրանում իրականացւած աշխատանքների ժամանակ տեխնիկական խնդիրներ են բացայայտւել, ինչն, ըստ էութեան, տնտեսապէս աննպատակայարմար է դարձնում այդ օդանաւի շահագործումը: Այնինչ, 2 օդանաւերի համար հայկական կողմը ռումինական փոխադրողին, ըստ երկկողմ յուշագրի, որի մասին նոյնպէս գրել էինք, պէտք է վճարեր 5.48 մլն. դոլար (յարկերն ու այլ ծախսերը չհաշւած): Չի բացառւում, որ նշւած ինքնաթիռը կը դառնայ պահեստամաս միւսի համար: Ի դէպ, համացանցում յայտնւել է EK-31002-ի լուսանկարը՝ արւած «Մեհրաբադ» օդանաւակայանում: Ինչպէս տեսնում ենք, դրա վրայից մաքրւել են ռումինական օպերատորի գոյները:

Նախորդ յօդւածում գրել էինք, որ «Armenia Airways»-ը նպատակ ունի Երեւանից չւերթներ իրականացնել դէպի Եվրոպա, Ռուսաստան ու Չինաստան: Հեռանկարում էլ դէպի ԱՄՆ թռիչքներն են: Ընկերութեան ծրագրերը, թերեւս, որոշակի փոփոխութիւններ են կրել, քանի որ, մեր աղբիւրի փոխանցմամբ, գլխաւոր թիրախներից մէկը լինելու է Իրանը: Այս պահին մեր հարեւան երկրից, աւելի կոնկրետ՝ Թեհրանից, Երեւան է թռչում միայն «Mahan Air»-ը: «Զւարթնոց» օդանաւակայանի չւացուցակի համաձայն՝ մարտի կէսերից չւերթներ ունի նաեւ «Iran Aseman Airlines»-ը, իսկ մարտի վերջից՝ «Taban Air»-ը: Դաւուդեանի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալութիւնը ներկայում «Iran Aseman Airlines»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ժամանակին աշխատել է նաեւ «Mahan Air»-ի հետ:

Դէպի Իրան թռիչքները տնտեսապէս յարմար են ոչ միայն այն պատճառով, որ ամբողջ տարւայ ընթացքում ուղեւորահոսք կայ երկու հարեւանների միջեւ, այլեւ այդ երկրում հայկական օդանաւերը կարող են լիցքաւորւել էժան աւիավառելիքով: Չի բացառւում, որ հետագայում «Արմենիան» կթռչի ոչ միայն Թեհրան, այլեւ իրանական այլ քաղաքներ՝ հաշւի առնելով, որ հայաշատ բնակավայրերն այդ երկրում քիչ չեն, իրանցի զբօսաշրջիկների հոսքն էլ Հայաստան զգալի է:

Այդուհանդերձ, մեր տեղեկութիւններով, հայկական օպերատորն առաջինը գործի կը դնի ոչ թէ 250 հոգի տեղաւորող «Airbus A310»-ը, այլ 112-տեղանոց «BAe 146-300» ինքնաթիռը, որը տակաւին վերջերս է բերւել Հայաստան:

Եթէ «Արմենիայի» երկու «A310»-երը արտադրւել են 1992-ին, ապա այս նոր օդանաւը մի փոքր աւելի հին է՝ թողարկւել է 1991-ին, սակայն մեր աղբիւրի տեղեկացմամբ՝ բաւականին լաւն է, եւ տեխնիկական բնութագրերն էլ յարմար են: Օդանաւը նախկինում շահագործւել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Յունաստանում եւ Ռումինիայում: Վերջին շահագործողը եղել է ռումինական «Aviro Air»-ը: Չնայած, ըստ մեր տեղեկութիւնների, ինքնաթիռը վերցւել է լիզինգով, չի բացառւում, որ հետագայում այն կը գնւի:

 

Նոր օդանաւի «կենսագրութիւնը»

Քանի որ սա նոր տիպի օդանաւ է հայկական շուկայի համար, «Armenia Airways»-ն իր ֆէյսբուքեան էջում փետրւարին յայտարարել էր, որ փնտրում է «BAe 146-300»-ի հրամանատար եւ երկրորդ օդաչու: «Հետք»-ի աղբիւրի փոխանցմամբ՝ հայ մասնագէտներն այս նպատակով արդէն ուղարկվել են վերապատրաստման ու շուտով կը լինեն աւիաընկերութեան տրամադրութեան տակ: Չի բացառւում նաեւ, որ նոր տիպի օդանաւի վրայ աշխատելու փորձ ունեցող տեղական կադրերի որոշակի պակասը ժամանակաւորապէս լրացնեն ռումինացի օդաչուները, որոնք էլ ինքնաթիռը տեղափոխել են Երեւան:

Բրիտանական «British Aerospace 146» ինքնաթիռների սերիական արտադրութիւնը տեւել է 1980-ականներից մինչեւ 2000-ականների սկիզբ: Արտադրողը «British Aerospace», հետագայում՝ «BAE Systems» ընկերութիւնն էր: Սրանք ռեգիոնալ նշանակութեան օդանաւեր են: Կոնկրետ «BAe 146-300»-ը կարող է յաղթահարել մինչեւ 1800 ծովային մղոն (մօտ 3340 կմ) տարածութիւն, օգտակար ծանրաբեռնւածութիւնը (ուղեւորներ, բեռ) 11,7 տոննա է:

Բացի Իրանից, մեր տեղեկութիւններով, «Armenia Airways»-ը դիտարկում է նաեւ ռուսական, չինական ու մերձաւորարեւելեան շուկաների օգտագործման հնարաւորութիւնը: Չնայած դէպի Մոսկւա չւերթներն այս պահին բաւականին շատ են, ու ռուսական օպերատորների հետ մրցակցելը դժւարութիւնների հետ է կապւած, չի բացառւում, որ հայկական ընկերութիւնը թիրախ ընտրի Ռուսաստանի հարաւային երկրամասերը, որտեղ նոյնպէս մեծ թւով հայեր են ապրում: «BAe 146-300»-ը յարմար կը լինի նաեւ այս ուղղութիւնների համար: Իսկ նրանից աւելի քան երկու անգամ տարողունակ «A310»-ը կարող է թռչել, օրինակ, դէպի Մերձաւոր Արեւելքի քաղաքներ, որտեղ ոչ միայն հայկական սփիւռք կայ, այլեւ խոշոր հաբ-օդանաւակայաններ:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։