Երբ յայտնւում ես այն վիճակում, որում յայտնւեցինք Արցախում, հասկանում ես՝ կեանքից բացի, մնացած ամէն ինչ թիթիզութիւն է
Մարիամ Սարգսեանը եւ Տաթեւիկ Խաչատրեանն արցախցի լրագրողներ են, նրանք հազարաւոր արցախահայերի նման սեպտեմբերի 19-ից յետոյ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականութեան վտանգի տակ բռնի տեղահանւեցին Արցախից։ Հայաստան գալուց որոշ ժամանակ անց սկսեցին վարել «ՓՈԴՔԱԹ» հաղորդումը, որը միայն Արցախի բարբառով է։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Տաթեւիկը եւ Մարիամը պատմեցին ոչ միայն նոր հաղորդաշարի, այլեւ Արցախում բլոկադայի, դրան յաջորդած պատերազմի եւ բռնի տեղահանւելու մասին։
Նրանց խօսքով՝ «ՓՈԴՔԱԹԻ» առաջին 10 եթերում կը խօսեն արցախցի լրագրողների հետ՝ Արցախի բարբառով։ Նպատակ ունեն նաեւ պահպանելու Արցախի բարբառը, թէպէտ նրանց կարծիքով՝ այդ հարուստ բարբառը միայն հաղորդման միջոցով հնարաւոր չէ պահպանել, յատկապէս, երբ խօսում են ու միշտ չէ, որ դիմացինը արցախեան բարբառը հասկանում է։ Իսկ հետագայ հաղորդումների ընթացքում մտադիր են հրաւիրել նաեւ ՀՀ տարբեր բարբառներին տիրապետող անձանց, որ նրանք էլ խօսեն իրենց բարբառով: Մեր զրուցակիցների բնորոշմամբ, հաղորդման ընթացքում ներկայացւող պատմութիւնները նաեւ փաստերի հաւաքագրում է։
«Սովորաբար մենք՝ լրագրողներս, պատմութիւն հաւաքագրողներ ենք եւ յաճախ մենք չենք պատմում մեր պատմութիւնները կամ հազւադէպ ենք պատմում։ Մեր առաջին հիւրերը լինելու են լրագրողներ, որոնք աշխատել են տեսախցիկից այն կողմ եւ չեն պատմել իրենց պատմութիւնները։ Լրագրողներն իրենք են պատմելու իրենց ապրումների մասին, մենք սիրում ենք լսել մարդկային պատմութիւններ, բայց կադրից դուրս մնացած մարդիկ միշտ կադրից դուրս են մնում։ Մեր հաղորդումներում լրագրողներն իրենք պատմելու են, թէ ինչպէս են դուրս եկել Արցախից, ինչպէս են այստեղ շարունակում իրենց մասնագիտական ու առօրեայ կեանքը։
Ամէն ինչ կորցնելուց յետոյ բարբառն այն միակ ոչ նիւթական ժառանգութիւնն է, որը մենք ունենք, որը մեզ կապում է։ Պարտաւոր ենք այն պահել»,- ասաց Մարիամ Սարգսեանը։
Հաղորդման միջոցով հանրութեանը լսելի են դարձնում նաեւ Արցախում տեղի ունեցած իրենց անձնական պատմութիւնները։
«Այդ ամենի միջով մենք անցել ենք, գիտենք, երբ ստուդիայում պատմում եմ պատմութիւնները, ուզում եմ հայաստանեան իմ ընկերներն իմանան, թէ ինչ է եղել, բլոկադայից սկսած ակտիւ եմ եղել, անդադար հարցը բարձրացրել եմ։ Հիմա աբսուրդ հարցեր եմ լսում, ու հասկանում եմ՝ շատ բաներից նրանք տեղեակ չեն, ուզում եմ նրանք իմանան, թէ ինչի միջով ենք անցել։ Երբ հանդիպում են մի քիչ դառնացած մարդկանց, մի քիչ ըմբռնումով մօտենան, որովհետեւ միշտ չէ, որ դժոխքից յետոյ մարդիկ կարողանում են վերականգնւել, երբեմն չարանում են՝ դա կեանքի մի ձեւ է։ Այդ չարութեանը պէտք է բարութեամբ պատասխանել, որպէսզի մարդիկ զգան հոգատարութիւն, զգան, որ իրենք իրենց տանն են, հարազատների մօտ են»,- ասաց Տաթեւիկ Խաչատրեանը։
Արցախում տեղի ունեցած բլոկադան, յետոյ 24–ժամեայ ռազմական գործողութիւնները, մարդկային կորուստները չեն չարացրել Տաթեւիկին, ասում է՝ միակ չարութիւնը եղել է այն դաժանութեան հանդէպ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ից սկսած։
«Զգացի, որ խօսքն այլեւս արժէք չունի, ուժը գերակայում է աշխարհում։ Յաւերժական պարտութիւնը, որ այդ ժամանակ եկաւ ինձ մօտ, կարծում եմ՝ երբեք չեմ յաղթահարի, հիմա իմ ուժը իմ խօսքն է՝ որպէս լրագրող, բայց այդքան վստահ չեմ իմ խօսքի վրայ, ինչպէս նախկինում։ Իսկապէս շատ կուզէի, որ լինէր այն աշխարհը, որը ես էի պատկերացնում՝ քաղաքակիրթ, օրէնքների գերակայութեամբ եւ այլն, բայց ցաւօք, տեսնում ենք, որ աշխարհակարգեր են փլւում։ Խօսքը միայն պատերազմների թատերաբեմում յայտնւած երկրների մասին չէ, այլ առհասարակ այս մոլորակի հետ կատարւածի մասին է»,- ասաց Տ. Խաչատրեանը։
Մարիամն էլ պատմեց, որ բլոկադայի ու դրան նախորդած օրերին որոշ չափով չարացել էր, քանի որ ամբողջ աշխարհը տեսնում էր, թէ արցախահայութիւնն ինչերի միջով է անցնում, բայց զրօ արձագանգ։ Սակայն սեպտեմբերի 19-ից սկսած մտածել է ոչ թէ չարութեան մասին, այլ, որ հարազատները ողջ մնան։
Տաթեւիկի փոխանցմամբ՝ որեւէ մէկն այսօր չի կարող ասել, թէ ինչ կը լինէր, եթէ Արցախից դուրս չգային։
«Երբ յայտնւում ես այն վիճակում, որում մենք յայտնւեցինք Արցախում՝ հասկանում ես, որ կեանքից բացի, մնացած ամէն ինչ թիթիզութիւն է»,- նշեց Տաթեւիկ Խաչատրեանը։