ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի արտգործնախարարը թւիթերում օգտագործում է Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը. «Շատ քիչ է եւ շատ ուշացած»

Իսրայէլի արտաքին գործերի նախարար Իսրայէլ Կացը յիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց Ցեղասպանութեան մասին այն բանից յետոյ, երբ թուրք ղեկավարն աջակցել է Հարաւաֆրիկեան Հանրապետութեան բողոքին Արդարադատութեան միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան) առ այն, որ Իսրայէլը ցեղասպանութիւն է իրականացրել պաղեստինցիների դէմ Գազայում:

2024 թւականի յունւարի 12-ին արտգործնախարար Կացն իր թւիթերեան էջում գրել է. «Անցեալում Հայոց Ցեղասպանութիւն ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախաւորելով Իսրայէլին։ Մենք յիշում ենք հայերին եւ քրդերին: Ձեր պատմութիւնն ինքնին խօսուն է: Մենք պաշտպանւում ենք ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թէ ոչնչացնում նրանց»:

Իսրայէլ-ՀԱՄԱՍ հակամարտութեան աւելի լայն համատեքստում, Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը Իսրայէլի կողմից Թուրքիային քննադատելու համար, մի շարք կարեւոր հարցեր է առաջ բերում: Տասնամեակներ շարունակ հրաժարւելով ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, Իսրայէլի արտգործնախարարը յանկարծ յիշել է Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ դա համապատասխանել է իր երկրի շահերին: Ահա իմ մեկնաբանութիւնները նրա թւիթերեան գրառման վերաբերեալ.

1) Իսրայէլի արտգործնախարարի կողմից Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը չի կարող համարւել պաշտօնական ճանաչում, որը կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում, երբ Իսրայէլի խորհրդարանը (Քնեսեթ) ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ:

2) Սա առաջին դէպքը չէ, երբ իսրայէլցի մի նախարար խօսում է Հայոց Ցեղասպանութեան մասին։ Նախկին իսրայէլցի երեք այլ նախարարներ նման յայտարարութիւններ են արել ճանաչման մասին, երբ ծառայում էին կառավարութիւնում։

– Կրթութեան նախարար Եօսի Սարիդը 2000 թւականի ապրիլի 24-ին յայտարարեց. «Ես միանում եմ ձեզ, հայ համայնքի անդամնե՛ր, ձեր Յիշատակի օրը, երբ նշում էք ձեր ցեղասպանութեան 85-րդ տարելիցը: Ես այստեղ եմ ձեզ հետ՝ որպէս մարդ, որպէս հրեայ, որպէս իսրայէլցի եւ որպէս Իսրայէլ պետութեան կրթութեան նախարար»։

– Արդարադատութեան նախարար Եօսի Բէյլինը 2000թ. ապրիլի 24-ին յայտարարեց. «Տեղի ունեցածը չի կարող այլ կերպ որակւել, բացի ցեղասպանութիւնից: Մէկուկէս միլիոն մարդ անհետացաւ։ Դա անփութութիւն չէր, դա կանխամտածւած էր»: Աւելի վաղ՝ 1994 թւականին, զբաղեցնելով արտաքին գործերի փոխնախարարի պաշտօնը, Բէյլինը նման յայտարարութիւն էր արել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ։

– Ներգաղթեալների ներգրաւման հարցերով նախարար Եաիր Ցաբանը 1995 թւականին մասնակցել է Իսրայէլում հայ համայնքի յիշատակի օրւայ արարողութիւններին եւ յորդորել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

3) Այնուամենայնիւ, Իսրայէլի Քնեսեթը վերջին տասնամեակների ընթացքում մի քանի անգամ փորձել է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ։ Ամէն անգամ Իսրայէլի կառավարութիւնն արգելափակել է բանաձեւը՝ Թուրքիային հաճոյանալու համար։

4) Անընդունելի է, որ Իսրայէլը Հայոց Ցեղասպանութիւնը օգտագործում է որպէս սակարկութեան առարկայ Թուրքիայի հետ իր խնդրայարոյց յարաբերութիւններում։ Իսրայէլ պետութիւնը, որպէս Հոլոկոստից փրկւած ժողովուրդ, պէտք է լինէր առաջին երկիրը, յուսանք՝ ոչ վերջինը, որ ճանաչէր Հայոց Ցեղասպանութիւնը:

5) Նոյնքան անընդունելի են Իսրայէլի կառավարութեան արդարացումները Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար։ Երբ Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները լաւ են, իսրայէլցի պաշտօնեաներն ասում են. «Մենք չենք ցանկանում փչացնել մեր լաւ յարաբերութիւնները Թուրքիայի հետ Հայոց Ցեղասպանութեան պատճառով»: Իսկ երբ յարաբերութիւնները վատ են, ինչպէս հիմա, Իսրայէլը յայտարարում է. «Մենք չենք ցանկանում աւելի վատթարացնել մեր յարաբերութիւնները Թուրքիայի հետ՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը»։ Իսրայէլն այսպիսով արատաւորել է իր համբաւը միջազգային հանրութեան շրջանում՝ որպէս ցեղասպանութիւնը ժխտող:

6) Հակառակ Իսրայէլի կառավարութեան ժխտողականութեան, Հայոց Ցեղասպանութեան վրայ ուշադրութիւն հրաւիրող առաջատար ձայներից են եղել անհատ հրեաներ. Հենրի Մորգենթաուն, Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.), Ֆրանց Վերֆէլը, աւստրիացի հրեայ արձակագիր, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ, Ռաֆայէլ Լեմկինը, լեհ հրեայ իրաւաբան, որը յօրինել է ցեղասպանութիւն տերմինը, Ռեուվէն Ռիվլինը, Իսրայէլի նախկին նախագահը, երբ նա Քնեսեթի նախագահն էր, պրոֆեսորներ Իսրայէլ Չարնին, Եաիր Աուրոնը եւ Եէհուդա Բաուերը եւ Խաղաղութեան Նոբէլեան մրցանակակիր Էլի Վիզէլը։

7) Տարիներ շարունակ եւ բոլորովին վերջերս Էրդողանը շատ կոպիտ բառեր է օգտագործել Իսրայէլի կառավարութեանը եւ վարչապետ Բենիամին Նեթանիահուին վիրաւորելու համար՝ նրան նմանեցնելով Հիտլերին եւ մեղադրելով որպէս «ռազմական յանցագործ եւ ահաբեկիչ», որը ցեղասպանութիւն է իրականացնում ընդդէմ պաղեստինցիների։ Այնուամենայնիւ, ինչպէս անցեալ հակամարտութիւններում, երբ ներկայ ճգնաժամն աւարտւի, Իսրայէլն ու Թուրքիան կը վերադառնան իրենց նախկին սիրային յարաբերութիւններին: Նոյնիսկ առկայ սրւած թշնամական իրավիճակին, երկու երկրները շարունակում են իրենց միլիարդաւոր դոլարների առեւտուրը, հետախուզական տեղեկատւութեան փոխանակումը եւ զբօսաշրջութիւնը:

8) Արեւմտեան Եւրոպան եւ Միացեալ Նահանգները, անտեսելով Թուրքիայի ղեկավարի չարագործութիւնները ՆԱՏՕ-ի ներսում եւ նրա ռազմական վարքագիծը մի քանի տարածաշրջանային հակամարտութիւններում, այնքան են շփացրել Էրդողանին, որ նա գիտի, որ կարող է անպատիժ դուրս գալ այն ամենից, ինչ ցանկանում է անել՝ առանց որեւէ հետեւանքի: Դեռեւս 2010 թւականին, երբ թուրքական մարդասիրական նաւատորմը մօտենում էր Գազային՝ ճեղքելու Իսրայէլի շրջափակումը, Իսրայէլի զինւորականները յարձակւեցին թուրքական նաւի վրայ՝ սպանելով տասը թուրքերի։ Դրանից յետոյ Նեթանիահուն ներողութիւն խնդրեց Էրդողանից եւ 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարեց զոհերի ընտանիքներին։

9) Եթէ նոյնիսկ Իսրայէլը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, հայ ժողովուրդը չի մոռանայ միլիարդաւոր դոլարների մահաբեր զէնքը, որ Իսրայէլը վաճառեց Ադրբեջանին Արցախեան պատերազմի ժամանակ հազարաւոր հայ զինւորների սպանելու եւ վիրաւորելու համար: Ցնցող է, որ նոյնիսկ Իսրայէլ-Գազա պատերազմի ժամանակ Իսրայէլը շարունակում է յաւելեալ արդիական սպառազինութիւն վաճառել Ադրբեջանին, քանի որ ադրբեջանական մի քանի բեռնատար ինքնաթիռներ են տեսել, որոնք Իսրայէլից դուրս են եկել զէնքերով բեռնւած։

«Իսրայէլ Հայոմ» թերթը 2024 թւականի յունւարի 14-ին հրապարակել է Նադաւ Շրագայի յօդւածը՝ «Հիմա՛ ճանաչէք Հայոց Ցեղասպանութիւնը» վերնագրով։ Հեղինակը համարձակօրէն գրել է. «Իսրայէլի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մերժումը բարոյական բացայայտ սնանկութեան ակնյայտ դէպք է»:

Դեռեւս 1989 թւականին, երբ Նեթանիահուն արտաքին գործերի փոխնախարար էր եւ դեռ չէր կորցրել իր բարոյական նկարագիրը, ասել է. «Կան հարցեր, որոնք դուրս են քաղաքականութիւնից եւ դիւանագիտութիւնից։ Ցեղասպանութիւններն այս կատեգորիայի վառ օրինակներից են»:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button