ՄիջազգայինՔաղաքական

Զէնք՝ նաւթի դիմա՞ց, թէ՞ աւելին․ Ադրբեջան-Իսրայէլ կապերի ներկան ու ապագան

Իսրայէլը դէ իւրէ Ադրբեջանի դաշնակիցը չէ, նոյնիսկ երբեմն դաշնակցի հակառակորդն է, բայց այդ երկիրն Ադրբեջանին զէնքի ամենամեծ մատակարարներից մէկն է։ Միաժամանակ Իսրայէլն ադրբեջանական նաւթի խոշորագոյն սպառողներից է։ Սրանք են երկու երկրների յարաբերութիւնները պահող երկու հիմնասիւները։

Այս յարաբերութիւնները ստիպւած են իրենց վրայ կրել նաեւ այլ ազդեցութիւններ։ Երկու երկրների կապերի վրայ ազդող արտաքին գործօնները երկուսն են՝ Իրան եւ Թուրքիա։

Առաջինի դէպքում պարզ է․ Իրանն Իսրայէլի թշնամին է, Ադրբեջանի՝ անյարմար եւ երբեմն յարաբերութիւնները սրող հարեւանը։ Երկրորդի՝ Թուրքիայի դէպքում իրավիճակն աւելի շատ սիրային եռանկիւնու է նմանւում, երբ հերթական պատճառով սրւում են Թուրքիա-Իսրայէլ յարաբերութիւնները, եւ Բաքուն ջանքեր է գործադրում դրանք հարթելու համար։ Ադրբեջանը մինչեւ այժմ որեւէ խնդրի առաջ չի կանգնել այսպիսի հանգամանքներում։

Այս յօդւածում անդրադառնում ենք Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւնների հնարաւորինս շատ կողմերին՝ հաշւի առնելով Իսրայէլի կարեւոր դերը մեր տարածաշրջանում, ու յատկապէս այդ երկրի վնասարար ազդեցութիւնը հայ-ադրբեջանական հակամարտութեան մէջ։ 

Դիւանագիտական յարաբերութիւնները

Հարեւանների հետ մշտապէս հակամարտող Իսրայէլի համար Ադրբեջանը կարեւոր է երկու պատճառով՝ նաւթ եւ տեղադիրք (Իրանի հետ հարեւանութիւն)։ Առաջին վարչապետ Դաւիդ Բէն Գուրիոնի «Շրջագծի հայեցակարգով» երկիրը ջանացել է յարաբերութիւններ հաստատել մուսուլման, բայց ոչ արաբական երկրների հետ:

ԽՍՀՄ փլուզումից յետոյ Թել Աւիւը սկսեց յարաբերութիւններ հաստատել Կենտրոնական Ասիայի մուսուլմանական երկրների եւ Ադրբեջանի հետ: Իսրայէլը Բաքւում դեսպանութիւն բացեց արդէն 1993 թւականին։ Իսկ Բաքուն այդ ժամանակ խուսափեց փոխադարձութեան սկբունքով Թել Աւիւ դեսպանութիւն ուղարկելուց, քանի որ իսլամական երկրներն, այդ թւում՝ Իրանը կարող էին կտրուկ արձագանգել դրան։

Կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումը եղաւ 1997-ին, երբ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն մեկնեց Բաքու: Իսրայէլի վարչապետի Ադրբեջան այց եղաւ նաեւ 2016 թւականին: Հետագայ շարադրանքում կը տեսնենք, որ այս տարեթիւը առանցքային էր երկու երկրների յարաբերութիւններում։

Ադրբեջանից արտգործնախարարի մակարդակով Իսրայէլ առաջին այցը եղել է 2013 թւականին: Այդ ժամանակ նախարարը յայտարարում է, որ Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատուն բացելու համար բանակցութիւններ են ընթանում: Այնուամենայնիւ, դեսպանատունն այդ ժամանակ այդպէս էլ չբացւեց, փոխարէնը 2014-ին Իսրայէլի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում կողմերը ստորագրեցին ԱԳՆ-ների միջեւ մշտական դիւանագիտական խորհրդակցութիւններ անցկացնելու մասին փաստաթուղթ: Նոյն տարւայ ընթացքում Ադրբեջան այցելեց նաեւ Իսրայէլի պաշտպանութեան նախարարը:

Իսկ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն առաջին անգամ Իսրայէլ մեկնեց 2017-ին։ Յաջորդ տարի՝ 2018-ին Երուսաղէմում անցկացւեց Իսրայէլ-Ադրբեջան միջկառավարական յանձնաժողովի առաջին նիստը:

2021-ին Իսրայէլում բացւեց Ադրբեջանի տուրիզիմի եւ առեւտրի զարգացման կենտրոնը: Երկու երկրները մինչ այդ ստեղծել էին նաեւ մշակութային, հասարակական կառոյցներ՝ «Ադրբեջանա-Իսրայէլական մշակութային կապերի կենտրոնը», «Ադրբեջանա-Իսրայէլական բարեկամութեան միջազգային ասոցիացիան» եւ այլն:

Յարաբերութիւնների համար եւս մէկ շրջադարձ եղաւ 2022 թւականին, երբ Բաքուն որոշեց դեսպանատուն բացել Իսրայէլում, ինչն էլ իրականացւեց 2023-ի մարտին: Այս հարցում նախկին զգուշաւորութեան կարիքը Բաքուն այլեւս չունէր, քանի որ դրան հակադրւող կողմերն այլեւս սպառնալիք չէին Ադրբեջանի համար․

  • Նախ Իրանի հետ յարաբերութիւններն այսպէս թէ այնպէս սրւած էին։ Բաքուն իր քայլը պատճառաբանում էր նաեւ նրանով, որ Թեհրանը հիւպատոսութիւն էր բացել Հայաստանում՝ Կապանում, բայց սա, իհարկէ, ընդամէնը պատրւակ էր։
  • Արաբական երկրներն էլ իրենք էին սկսել կապեր հաստատել Իսրայէլի հետ։ Միւս կողմից էլ, 2020 թւականի պատերազմից յետոյ Ադրբեջանն արդէն այնքան էլ կարիք չունէր, որ արաբական երկրներն իրեն աջակցեն հակամարտութեան հարցում։

Դեսպանատան բացումից մէկ ամիս անց Բաքու մեկնեց Իսրայէլի արտգործնախարարը՝ երկրների միջեւ երբեւէ փոխանակւած ամենամեծ պատւիրակութեամբ։ Յաջորդ ամսին էլ Բաքու այցելեց Իսրայէլի նախագահը։ 

Տնտեսական համագործակցութիւն

Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը պտտւում է երկու գործօնի շուրջ։ Մի կողմից Ադրբեջանը նաւթ եւ նաւթամթերք է արտահանում Իսրայէլ։ Միւս կողմից Իսրայէլը զէնք, զինամթերք եւ ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին։ Առեւտրի մասին տւեալներին յետադարձ հայեացք նետելով՝ նոյնիսկ կարելի է տեսնել, թէ երբ են երկու երկրները պատրաստւել մարտական գործողութիւնների կամ այլ ճգնաժամերի։

Այսպէս, Ադրբեջանից Իսրայէլ արտահանումն իր պիկին հասել է 2008 թւականին՝ գերազանցելով 3,5 միլիարդ դոլարը։ Առհասարակ, Ադրբեջանից Իսրայէլ արտահանումը մշտապէս եւ գրեթէ ամբողջութեամբ կազմւած է եղել նաւթից եւ փոքր քանակութեամբ նաւթամթերքից։ Միւս ապրանքները չնչին տեղ ունեն արտահանման մէջ։

Այս պիկին յաջորդել է Իսրայէլից Ադրբեջան արտահանման պիկը՝ աւելի քան 260 միլիոն դոլարի ապրանք է մատակարարւել Բաքւին։ Սրա մեծ մասն էլ կազմել են ռադիօ եւ նաւիգացիոն սարքաւորումները, աւիացիոն սարքաւորումները, սպառազինութիւնը եւ զինամթերքը։ Այս փուլը համընկնել է Իրանի շուրջ լարւածութեան աճին, որին կանդրադառնանք նաեւ ռազմական համագործակցութեան մասին հատւածում։

Երկու երկրների միջեւ առեւտրի յաջորդ պիկը եղել է 2016 թւականին՝ համընկելով Ապրիլեան պատերազմի, դրանից յետոյ Ադրբեջանի սպառազինման հետ։ Այդ տարի Իսրայէլը եւս 260 միլիոն դոլարի ապրանքներ է ուղարկել Ադրբեջան․ մեծ մասը՝ նորից սպառազինութիւն, ռազմական տեխնիկա, զինամթերք, սարքաւորումներ։

Այս փուլում Ադրբեջանից Իսրայէլ արտահանումը այնքան էլ մեծ չի եղել, նոյնիսկ աւելի փոքր է եղել, քան նախորդ տարիներին։

Այստեղ հարկ ենք համարում շեշտել, որ երկրները կարող էին եւ վստահաբար թաքցրել են իրենց առեւտրի որոշ տւեալներ։ Տւեալները, որ վերցրել ենք ՄԱԿ-ին պատկանող ռեսուրսից՝ UN Comtrade հարթակից, հաւաքւում են երկրների կողմից ինքնակամ զեկուցումների միջոցով եւ կարող են չարտայայտել ամբողջական պատկերը։

Միեւնոյն ժամանակ, այն, ինչ ցոյց են տալիս այս տւեալները, արդէն իսկ վտանգաւոր միտումներ է բացայայտում։ 2022 թւականի տւեալներով՝ Իսրայէլը կրկին Ադրբեջանին մատակարարել է հիմնականում ռազմական նշանակութեան ապրանքատեսակներ, այդ թւում նաեւ՝ ԱԹՍ-ներ։

Սպառազինութիւնների մատակարարումների դիմաց Ադրբեջանը մշտապէս վարձահատոյց է եղել ոչ միայն նաւթով, այլեւ լրացուցիչ քաղաքական ու տնտեսական արտօնութիւններով։

Մասնաւորապէս, Իսրայէլն առաջին երկրներից էր, որ հնարաւորութիւն ստացաւ այսպէս կոչւած վերակառուցման աշխատանքներ իրականացնել 2020 թւականի Արցախեան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ յայտնւած արցախեան տարածքներում: Իսրայէլական ընկերութիւնները օկուպացւած Կովսականում «խելացի գիւղի» կառուցման նախագծին ներգրաււեցին:

Դրանից բացի, իսրայէլական ընկերութիւնները յայտեր ներկայացրին նաեւ «կանաչ էներգիայի», գիւղատնտեսութեան, հիւանդանոցների կառուցման ոլորտներում գործունէութեան համար: Ըստ Բաքւում Իսրայէլի դեսպանի՝ Արցախից գրաււած տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու համար յայտ է ներկայացրել մի քանի տասնեակ իսրայէլական ընկերութիւն։

Երկրները համագործակցում են նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում։ Օրինակ, 2022 թ․ համագործակցութիւն է հաստատւել Ադրբեջանի ագրարային համալսարանի եւ Իսրայէլական «Արաւա» գիւղատնտեսական կրթութեան ուսումնական կենտրոնի միջեւ։ Կողմերի միջեւ ստորագրւած յուշագրի համաձայն՝ ադրբեջանցի 50 ուսանող վերապատրաստւելու է իսրայէլական նշւած կենտրոնում։

2022-ին եւ 2023-ին Ադրբեջան է այցելել Իսրայէլի գիւղատնտեսութեան նախարարը։ 2023-ի սեպտեմբերին երկու երկրների գիւղատնտեսութեան նախարարութիւնները ստորագրել են ճանապարհային քարտէզ 2023-2025 թթ․ ոլորտում համագործակցութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ հռչակագիր «գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցութիւն մտադրութիւնների» մասին։ Գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցութիւնը ներառում է նաեւ ոռոգման համակարգերի ներդրումը (Իսրայէլն այս ոլորտում համաշխարհային առաջատարներից է)։ 

Ռազմական համագործակցութիւն

2020 թւականի Արցախեան պատերազմում Ադրբեջանի համար առանցքային դեր են ունեցել Իսրայէլական ռազմական անօդաչուները։ Դրանց ձեռքբերումներն Ադրբեջանը սկսել էր դեռ 2000-ականների վերջին։

Այս շրջանում Ադրբեջանի ռազմական գնումները անհանգստացրել էին նաեւ Իրանին, քանի որ Իսրայէլից գնումների մի մասը նաեւ ծովային զինատեսակներ էին, բազաւորւելու էին Կասպից ծովում եւ ակնյայտօրէն նախատեսւած չէին Արցախեան մարտական գործողութիւնների համար։ Հէնց այդ ժամանակն էր, որ համընկնում է Իրանի շուրջ միջազգային լարւածութեանը, ինչին անդրադարձել ենք այլ յօդւածներում։

Իսկ հայ-ադրբեջանական համատեքստում 2015 թւականի առանձին մարտական գործողութիւնների ժամանակ եւ յատկապէս 2016 թւականի Ապրիլեան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց այդ Իսրայէլական ԱԹՍ-ները ե՛ւ հետախուզական, ե՛ւ հարւածային գործողութիւնների ընթացքում։

2016-ի դեկտեմբերին Իլհամ Ալիեւը նոյնիսկ յայտարարեց, որ այդ պահի դրութեամբ Ադրբեջանը եւ Իսրայէլը ստորագրել են ռազմական տեխնիկայի գնման 4,58 մլրդ. ԱՄՆ դոլարի պայմանագիր: Սակայն բաց աղբիւրներում առկայ տեղեկութիւններով այս թիւը չէր հաստատւում։

Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանին սպառազինելու հարցում Իսրայէլի դերը շատ մեծ է։ Այս երկիրը երկրորդ տեղում է Ադրբեջանին վաճառւած սպառազինութիւնների ծաւալով եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Ռուսաստանին։ Այդ սպառազինութիւնները յատկապէս մեծ կշիռ ունեն 2010-ականների կէսերի մատակարարումներում։

Այստեղ նոյնպէս պէտք է յիշատակել, որ տւեալները կարող են ամբողջական չլինել, քանի որ երկրները հակւած չեն զեկուցել իրենց ռազմական գնումների մասին։ Այս ցուցանիշերը վերցրել ենք SIPRI հետազօտական ինստիտուտի բազաներից, որոնք այս պահին առաւել հեղինակաւոր են համարւում։

Ռազմինֆօ կայքի տւեալներով՝ 2020 թւականի դրութեամբ ադրբեջանական զինւած ուժերի սպառազինութեան մէջ եղել են հետեւեալ իսրայէլական ԱԹՍ-ները․

  • hետախուզական` Orbiter-2, Orbiter-3, Heron, Hermes-900, Hermes-450, Aerostar, Thunder-B, Skylark,
  • հարւածային եւ մահապարտ՝ Orbiter-1K, Harop (Harpy-2), Sky Striker։

Սրանց զգալի մասը, ըստ SIPRI-ի տւեալների, Իսրայէլն Ադրբեջանին վաճառել է 2010-ականների երկրորդ կէսին։ Աւելին, սրանցից առնւազն հետախուզական Orbiter-2 եւ Aerostar, ինչպէս նաեւ մահապարտ Orbiter-1K ԱԹՍ-ներն Իսրայէլական արտօնագրով արտադրւել են հէնց Ադրբեջանում՝ Իսրայէլից բերւած մասերով։

2020 թւականի պատերազմի ընթացքում Արցախի դէմ Ադրբեջանը կիրառել է նաեւ Իսրայէլից գնած այլ սպառազինութիւն։ Մասնաւորապէս յայտնի են Lora հեռահար հրթիռային համալիրի կիրառման դէպքը․ դրանով թիրախաւորւել էր Աղաւնոյի կամուրջը, որ կապում էր Հայաստանը եւ Արցախը։ (Իսրայէլից Ադրբեջանի ռազմական գնումների մասին SIPRI-ի միւս տւեալները տե՛ս յօդւածի յաւելւածում)։

Բայց բացի սեփական արտադրութեան զինատեսակներն Ադրբեջանին մատակարարելուց, Իսրայէլը յայտնի նաեւ նրանով, որ ներգրաււել է Չեխիայից եւ Սլովակիայից Ադրբեջանին զինատեսակների ապօրինի մատակարարման գործարքում։ Մասնաւորապէս, Դանա հաուբիցները եւ RM-70 Ռապիրա ՀԿՌՀ-ները Ադրբեջան են հասցւել Իսրայէլի օդանաւակայաններով՝ փոխադրման փաստը կոծկելու համար։ Սրանք նոյնպէս հետագայում կիրառւել են 2020 թւականի Արցախեան պատերազմում։

Իսրայէլից Ադրբեջան ռազմական մատակարարումները շարունակւում են նաեւ այսօր։

Բացի զէնքի մատակարարումները, Իսրայէլն Ադրբեջանի հետ համագործակցում է նաեւ ռազմական կրթութեան, արդիւնաբերութեան ոլորտներում: Օրինակ, Իսրայէլցի հրահանգիչները մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ, ինչպէս նաեւ յատուկ նշանակութեան ուժերի վերապատրաստմանը: Իսրայէլը զբաղւել է նաեւ Ադրբեջանի բանակի տանկերի ու այլ զրահատեխնիկայի արդիականացմամբ: Իսկ 2011 թ. Ադրբեջանում բացւել է համատեղ գործարան, որը զբաղւում է արդէն վերը յիշատակւած Aerostar, Orbiter տեսակի համատեղ ԱԹՍ-ների հաւաքմամբ: 

Կիբեր ոլորտում համագործակցութիւն

Երկու երկրները համագործակցում են նաեւ կիբեր ոլորտում: Թէեւ յիշատակւում է կիբեր անվտանգութիւնը, բայց ակնյայտ է, որ կողմերի օրակարգում նաեւ կիբեր յարձակումներն են։

Մասնաւորապէս, հաւանական է համարւում, որ հէնց Ադրբեջանն է կանգնած իսրայէլական Pegasus վիրուսներով հայկական օգտատէրերի սարքերի վարակումների յետեւում։ Իրենց սարքերի վրայ այդպիսի վարակումների յայտնաբերման մասին տարբեր ժամանակներում տեղեկացրել են Նիկոլ Փաշինեանը, Վահագն Խաչատուրեանը, Ալէն Սիմոնեանը, տարբեր պաշտօնեաներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։

Ոլորտի մասնագէտ Սամուէլ Մարտիրոսեանի կարծիքով՝ նոյնպիսի յարձակումներ եղել են նաեւ Արցախի պաշտօնեաների եւ գործիչների սարքերի վրայ։ Յայտնի վարակումները եղել են 2020 թւականից սկսած եւ շարունակւում են մինչեւ հիմա։ Վարակումների թիւը, ըստ Մարտիրոսեանի, կարող է հազարներով հաշււել։

Այս ոլորտում Իսրայէլի կողմից Ադրբեջանին ուղղւած օժանդակութեան մասին են խօսում անուղղակի փաստերը։ Օրինակ, 2022-ին Իսրայէլ է մեկնել Ադրբեջանի թւային զարգացման եւ տրանսպորտի նախարարը, եւ այցի ընթացքում որոշւել է Ադրբեջանում Իսրայէլի աջակցութեամբ ստեղծել կիբերանվտանգութեան կենտրոն, որտեղ իսրայէլական Technion համալսարանի պրոֆեսորադասախօսական կազմը 3 տարում պէտք է պատրաստի 1000 մասնագէտի:

2023-ի յունւարի վերջին քառօրեայ այցով Իսրայէլ է մեկնել նաեւ Ադրբեջանի կիբերանվտանգութեան ընկերութիւնների ասոցիացիայի (ստեղծւել է 2022-ին) պատւիրակութիւնը։ Իսրայէլում պատւիրակութիւնը հանդիպել է գործընկեր կառոյցների հետ, քննարկել փորձի փոխանակման եւ այլ հարցեր։ 2023-ի ապրիլին Իսրայէլի ԱԳ նախարարը յայտարարել է կիբերոլորտում նոր պայմանագրերի կնքման մասին՝ Ադրբեջանին անւանելով ռազմավարական գործընկեր։

Արդէն 2023-ի մայիսին Իսրայէլի նախագահի հետ հանդիպումից յետոյ Իլհամ Ալիեւը կարեւորել է կիբեր ոլորտում ձեւաւորւող համագործակցութիւնը՝ յայտարարելով, որ կիբերանվտանգութիւնն ազգային անվտանգութեան մաս է, եւ ոլորտում իսրայէլական ընկերութիւնների ունեցած փորձը Ադրբեջանի համար օգտակար կը լինի։ 

Թուրքիայի եւ Իրանի գործօնները

Ինչպէս վերեւում նշել ենք, Իսրայէլ-Ադրբեջան յարաբերութիւնները վակուումի մէջ չեն, եւ դրանց վրայ ազդում են նաեւ հարեւան երկրները։

Թուրքիայի դէպքում այդ ազդեցութիւնն առանձնայատուկ է։ Այդ երկիրը պարբերաբար հռետորական հակամարտութիւնների մէջ է մտնում Իսրայէլի հետ՝ փորձելով գրաւել իսլամական աշխարհի առաջնորդի դերը։ Դրա նախկին օրինակներից մէկը Մաւի Մարմարա նաւի ներգրաւմամբ միջադէպն էր, երբ Թուրքիան փորձել էր հումանիտար օգնութիւն ուղարկել Իսրայէլի կողմից շրջափակւած Գազայի հատւած։

Իսրայէլ-ՀԱՄԱՍ հակամարտութեան ներկայ փուլում նոյնպէս Թուրքիան փորձում է առաջնորդի դեր ստանձնել՝ հակադրւելով Իսրայէլի գործողութիւններին։ Հիմա Թուրքիան նոյնքան ակտիւ չէ, սակայն շարունակում է Իսրայէլի դէմ հռետորաբանութիւնը։

Այս հանգամանքներում հետաքրքիր է, որ հակաիսրայէլական հռետորաբանութիւնից այն կողմ, Թուրքիան որեւէ կերպ չի փորձում որպէս Իսրայէլի վրայ լծակ օգտագործել իր «փոքր եղբօր»՝ Ադրբեջանի հետ այդ երկրի յարաբերութիւնները։ Աւելին, Բաքուն փորձել է միջնորդել եւ կարգաւորել երկու գործընկերների յարաբերութիւնները: Դրա համար եղել են նաեւ բարենպաստ գործօններ. թուրքական տարածքով է անցնում Ադրբեջանից Իսրայէլ նաւթի մատակարարումն ապահովող Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարը, որով նաւթի մատակարարումները երբեք չեն դադարել՝ անգամ Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնների ծայրայեղ լարւածութիւնների շրջանում:

Նոյն կերպ նաեւ հիմա․ Թուրքիան որեւէ կերպ չի փորձում դադարեցնել նաւթի մատակարարումը Իսրայէլ, ինչի շուրջ իր հռետորաբանութիւնը կառուցում է Իրանը։

Թեհրանը բազմիցս յայտարարել ու կոչեր է արել իսլամական երկրներին, որ նրանք նաւթ չմատակարարեն Իսրայէլին։ Թեհրանը նաեւ ուղիղ կոչեր է արել Անկարային՝ գործնական քայլեր ձեռնարկելու համար։ Այդպիսի քայլեր չեն եղել։

Իրանի համար Իսրայէլի հարցը առանցքային է, առնւազն հռետորաբանութեան մակարդակում։ Եւ երբ Գազայի ներկայ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը շարունակում է նաւթ մատակարարել Իսրայէլին, դա խորացնում է իրանական կողմի անվստահութիւնը Բաքւի նկատմամբ։

Թեհրանում յայտարարում են, որ Իսրայէլն Ադրբեջանի հետ բարեկամութիւն է անում՝ այդ երկրի տարածքն Իրանի դէմ օգտագործելու համար։ Եւ այս մեղադրանքները ունեն հիմքեր։ Մասնաւորապէս, 2012 թւականին, երբ Իսրայէլի յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչները սպանեցին իրանցի միջուկային ֆիզիկոսների, Թեհրանը նաեւ Ադրբեջանին մեղադրեց այդ գործողութեանն անուղղակի մասնակցելու մէջ։

Նոյնպիսի մեղադրանքներ եղան, երբ 2014 թւականին Իրանի Նաթանզ միջուկային օբիեկտի մօտ խոցւեց իսրայէլական արտադրութեան Hermes-450 անօդաչու թռչող սարք։ Թեհրանում յայտարարեցին, որ այն օդ էր բարձրացւել հէնց Ադրբեջանի տարածքից։

Վերը նշւած երկու դէպքերը առանցքային, բայց էպիզոդիկ էին։ 2010-ականներին Իրանի կողմից Ադրբեջանին ուղղւած աւելի «կայուն» մեղադրանքներից մէկը վերաբերում է Իսրայէլից ռազմական գնումներին, որոնց մասին արդէն նշել ենք։ Բանն այն է, որ ներքեւում նշւած ցանկում կարող էք տեսնել զինատեսակներ եւ ռազմական տեխնիկա, որը նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում Ադրբեջանը չի կարող կիրառել որեւէ այլ տեղում, եթէ ոչ Կասպից ծովում եւ հէնց Իրանի դէմ։

Կասպից ծովում Ադրբեջանը չլուծւած սահմանային խնդիրներ ունի Իրանի հետ, եւ Իրանը նաեւ միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանն ունակ է հակադրւել Կասպից ծովում։ Իսկ Իսրայէլից գնւած սպառազինութեան մէջ կան մոտորանաւակներ ու ծովային բազաւորման ռադարներ ու հրթիռային համակարգեր, որոնք ակնյայտօրէն ուղղւած են հէնց Իրանի դէմ։

Սրա շուրջ երկու երկրները ունեցել են դիւանագիտական բանավէճեր: Մասնաւորապէս, 2012-ին, երբ յայտնի դարձաւ Իսրայէլ-Ադրբեջան աւելի քան 1 մլրդ. դոլար արժողութեամբ սպառազինութեան գնումների պայմանագրի մասին, Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրաւիրւեց Իրանի ԱԳՆ: Ադրբեջանից վստահեցրել էին, որ Իսրայէլից գնւող սպառազինութեան թիրախն Արցախն է։

2020 թւականի Արցախեան պատերազմից եւ Իրանին սահմանակից Արցախեան տարածքների օկուպացիայից յետոյ Իրանի համար մտահոգութեան նոր պատճառներ են առաջ եկել։ Ինչպէս նշեցինք, իսրայէլական ընկերութիւններն առաջիններից էին, որ Արցախից գրաււած տարածքներում շինարարական նախագծեր իրականացնելու իրաւունք են ստացել։ Իրանի համար սա նշանակում է իր սահմանների մօտ Իսրայէլի ներկայութեան եւս մէկ օջախ։

2021-ի աշնանը, երբ խիստ լարւել էին Բաքւի հետ յարաբերութիւնները, Թեհրանը յայտարարեց, որ Իսրայէլն Ադրբեջանի սահմանների մօտ ներկայութիւն ունի եւ լրտեսում է Իրանին, սակայն նրանց բազաների թւի մասին ստոյգ տեղեկութիւն չկայ։ Ադրբեջանի հակաիրանական գործողութիւնները Թեհրանում մեկնաբանում էին որպէս Իսրայէլի հրահրման հետեւանք։

2021-ին եւ 2022-ին Իրանի զինւած ուժերը Ադրբեջանի սահմանների մօտ նոյնիսկ զօրավարժութիւններ անցկացրին՝ նաեւ հակաիսրայէլական ուղերձներ յղելով։ Ուշագրաւ է, որ 2022-ի իրանական զօրավարժութիւնից առաջ Ադրբեջան էր այցելել Իսրայէլի պաշտպանութեան նախարարը, ինչն էլ Իրանում ընկալեցին որպէս իրենց դէմ ուղղւած քայլ։

Իրանի կողմից նման հռետորաբանութեան եւս մէկ առիթ եղաւ, երբ Թել Աւիւում բացւեց Ադրբեջանի դեսպանութիւնը։ Արարողութեան ժամանակ Իսրայէլի ԱԳ նախարարը յայտարարեց, թէ Ադրբեջանի հետ Իրանի դէմ միասնական ճակատ են ստեղծելու։ Պաշտօնական Թեհրանից արձագանգեցին, որ դա Ադրբեջանի տարածքն Իրանի դէմ օգտագործելու փորձ է եւ ապացոյց է առ այն, որ Իսրայէլը ցանկանում է Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգութեան համար սպառնալիքի վերածել:

Միաժամանակ քարոզչական մակարդում Իսրայէլը լայն աջակցութիւն է ցուցաբերում Ադրբեջանին Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ներկայացնող այսպէս կոչւած «Հարաւային Ադրբեջանի» թէզի առաջաղման գործում: Սրա կողքին Իրանում նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի առաջնային շահառուներից են համարում Իսրայէլին:

Այս ամենից ելնելով էլ՝ Իսրայէլ-Ադրբեջան համագործակցութեան դէմ Իրանում պարբերաբար ցոյցեր են կազմակերպւում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների դիմաց:

Հէնց այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է նաւթ մատակարարել Գազայում գործողութիւններ իրականցնող Իսրայէլին՝ չնայած Իրանի բազմաթիւ կոչերին։

Ամփոփում

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ չնայած արտաքին, մասնաւորապէս՝ Իրանի որոշակի դիմադրութեանը՝ Իսրայէլի եւ Ադրբեջանի համագործակցութիւնը կայուն է, բազմաբովանդակ եւ երկկողմանի ձեռնտու։ Այս իմաստով երկու կողմերին էլ կարելի է նախանձախնդիր եւ նախաձեռնող համարել այս յարաբերութիւնների մէջ։

Իսրայէլի համար Ադրբեջանը յարմար եւ հարուստ առեւտրային գործընկեր է, որին կարելի է սեփական ռազմական արտադրանքը վաճառել։ Այն նաեւ յարմար հարթակ է Իրանի դէմ փոքր մասշտաբի գործողութիւններ իրականացնելու եւ աւելի մեծ մասշտաբի նախագծեր մշակելու համար։ Այս ամենի դիմաց Իսրայէլը պատրաստ է նաեւ Ադրբեջանին լրացուցիչ ծառայութիւններ մատուցել, ինչպէս օրինակ՝ Չեխիայից եւ Սլովակիայից զէնքի սկանդալային տրանզիտն էր։

Ադրբեջանի համար նոյնպէս Իսրայէլը լաւ գործընկեր է, եւ հարցը միայն ու այդքան էլ նաւթի վաճառքը չէ։ Ադրբեջանն իր նաւթն ու գազը կարող է վաճառել նաեւ այլ շուկաներում, ինչպէս օրինակ՝ Եւրոպան։ Բաքւի համար առաւել կարեւոր է ի դէմս Իսրայէլի ունենալ զէնքի մատակարարի, որը կարող է յաղթահարել խոչընդոտներ՝ այդ զէնքը հասցնելու համար։

Այս պայմաններում Ադրբեջանն էլ իր հերթին պատրաստ է եւ փորձում է միջնորդ դառնալ, երբ սրւում են իր դաշնակից Թուրքիայի եւ գործընկեր Իսրայէլի յարաբերութիւնները։ Միւս կողմից, Իրանի հետ սրումների փուլերում Ադրբեջանի շահերը համընկնում են Իսրայէլի շահերի հետ։ Թուրքիայի պէս դաշնակից ունենալուց բացի, Իրանի հետ լարւած յարաբերութիւններում Բաքուն ունենում է նաեւ Իսրայէլի լուրջ աջակցութիւնը։

Երկկողմ նպաստաւոր այս յարաբերութիւնները նաեւ անցել են որոշակի սպառնալից շրջաններ, ինչպիսիք են Թուրքիա-Իսրայէլ եւ Ադրբեջան-Իրան լարւածութիւնները։ Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւնները դիմացել են այս ճնշումներին ու մարտահրաւէրներին, ինչն այդ յարաբերութիւնները դարձնում է աւելի կայուն եւ դիմացկուն, սեպ խրելը՝ աւելի դժւար։ Եթէ նոր գործօններ չաւելանան, այս յարաբերութիւններին առայժմ ոչինչ չի կարող սպառնալ։

Յաւելւած․ Ադրբեջանի ռազմական գնումներն Իսրայէլից (SIPRI)

Անւանումը Տեսակը Պատւէրը Մատակարարումը
EXTRA Կառավարւող հրթիռ 2005 2008-2009
Lynx Ինքնագնաց հրթիռային կայան 2005 2006
Aerostar ԱԹՍ 2007 2008
ATMOS-2000 155mm Ինքնագնաց հրանոթ 2008 2010
CARDOM 120mm Ինքնագնաց ականանետ 2008 2010-2011
Hermes-450 ԱԹՍ 2008 2011-2013
Spike-MR/LR Հակատանկային հրթիռ 2008 2009-2010
Sufa Զրահափոխադրիչ 2008 2009-2010
Aerostar ԱԹՍ 2010 2011-2012
Barak-ER ՀՕՊ հրթիռ 2011 2016
Barak-LRAD ՀՕՊ հրթիռ 2011 2016
Barak-MX ՀՕՊ հրթիռային կայան 2011 2016
Heron ԱԹՍ 2011 2013
Searcher ԱԹՍ 2011 2013
OPV-62 Ռազմական մոտորանաւակ 2013 2015-2018
LAHAT Հակատանկային հրթիռ 2013 2015-2016
Shaldag Ռազմական մոտորանաւակ 2013 2014-2015
Spike-NLOS Հակատանկային հրթիռ 2013 2014-2018
EL/M-2288 AD-STAR Ռադար 2014 2016
Harop Մահապարտ ԱԹՍ 2014 2015-2018
SandCat Զրահափոխադրիչ 2015 2016-2018
SandCat Spike-LR Զրահափոխադրիչ՝ հրթիռով 2015 2016
Spike-MR/LR Հակատանկային հրթիռ 2015 2016
Orbiter-1K Մահապարտ ԱԹՍ 2016 2016-2020
Orbiter-3 ԱԹՍ 2016 2016-2017
SkyStriker Մահապարտ ԱԹՍ 2016 2018-2020
Hermes-900 ԱԹՍ 2017 2017-2018
LORA Հեռահար հրթիռ 2017 2018
LORA Հեռահար հրթիռային համալիր 2017 2018
SandCat SPEAR 120mm Զրահափոխադրիչ՝ ականանետով 2017 2018
Spike-NLOS Հակատանկային հրթիռ 2019 2019-2020

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտ, ասպիրանտ

Առնչւող Յօդւածներ

Back to top button