ՄիջազգայինՔաղաքական

Կոնստանտին Զատուլինը Ադրբեջանի «հատուցում» գործողութիւնը անւանել է ճնշման փորձ

Ադրբեջանի ռազմական գործողութիւնը սահմանին Հայաստանի վրայ ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Lenta.ru-ի հետ զրոյցում նա արձագանգել է երկու երկրների միջեւ տեղի ունեցած վերջին սրացմանը, խօսել նաեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Պատգամաւորի խօսքով՝ առճակատման նոր դրւագը հերթական անգամ մեծացնում է լարւածութիւնը աւանդաբար թշնամական համարւող երկրների յարաբերութիւններում։

«Ինձ համար դժւար է դատել, թէ ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկիւնից, թէ ով է առաջինը սկսել, ինչպէս ասում են բակում ծեծկռտուքից առաջ, բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնյայտ է, որ Ադրբեջանը դա օգտագործել է որպէս ուժի եւ վրէժի դրսեւորման պատրւակ եւ այսօր այս տեղեկութիւնը տարածում է որպէս հերթական յաղթանակ Հայաստանի հետ դիմակայութիւնում։ Իհարկէ, այս հռետորաբանութիւնը ակնյայտօրէն պայմանաւորւածութիւն ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հաւանականութեամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Ադրբեջանը շահագրգռւած է, որ Հայաստանը ինչքան հնարաւոր է շատ զիջի ցանկացած համաձայնագիր ստորագրելիս, կարծում է խորհրդարանականը։ Նա յաւելել է, որ Բաքուն դադար է վերցրել նախագահական ընտրութիւններ անցկացնելու համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը կրակի վրայ իւղ է լցրել՝ քւէարկելով Ստեփանակերտում, որը տեղացիներն անւանում են Խանքենդի եւ որտեղ հայ բնակչութիւն չկայ։

«Ես Ադրբեջանի ընտրութիւնների դէմ ոչինչ չունեմ, սա իրենց ներքին խնդիրն է, բայց այս ընտրութիւնները շատ խմորւած էին յաղթողի սինդրոմով, ինչը հաստատւեց Ալիեւի քւէարկութեամբ Ստեփանակերտում։ Սա, կարծում եմ, արտացոլումն է այն բանի, որ, ըստ ամենայնի, այս պահին չկայ խաղաղութեան պայմանագրի ստորագրման, տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ այլնի մթնոլորտ եւ կոնկրետ պայմաններ։

Դրա շուրջ հակասութիւնները շարունակւում են, եւ տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, այն է, որ Փաշինեանի կառավարութիւնը, որը ճանաչեց Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս, հրաժարւեց իր հայրենակիցների բոլոր աջակցութիւնից, կուլ տւեց զանգւածային արտագաղթը Ղարաբաղից եւ, բացի այդ, սրեց յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթէ չկայ նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երէկ եւ այսօր է։ Ըստ երեւոյթին, մենք շատ հեռու ենք Անդրկովկասում իրական խաղաղութիւնից»,- ասել է նա:

Միակողմանի յաղթանակները, ինչպէս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերւած յաղթանակները, չեն յանգեցնում անյապաղ խաղաղութեան, այլ նոր հակամարտութիւնների եւ առճակատման դրւագների սերմեր են դնում, եզրափակել է պատգամաւորը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button