Դոկտ. Վելայաթի. «ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանի գործերին»
«ԱԼԻՔ» – Վերջին օրերին Եւրոմիութիւնը եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդիպեցին Բրիւսէլում եւ ընդունեցին Հարաւային Կովկասի տարածաշրջան ներխուժման եւ անօրինական միջամտութեան նոր ծրագիր պատրաստելու նոր բանաձեւ եւ ուղղակիօրէն յայտարարեցին, որ ցանկանում են միջամտել աշխարհի այս շատ զգայուն տարածաշրջանում, իբր, նպատակ ունենալով նպաստել խաղաղութեանը: Այս մասին յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին` Al-Mayadeen հեռուստաալիքին տւած հարցազրոյցում։
Նա նշել է, որ «Նման գործողութիւնները ցոյց են տալիս, որ այս տխրահռչակ խմբաւորումը այլ նպատակ չունի, քան լարւածութիւն ստեղծել աշխարհի կարեւոր մասերում եւ ռազմական ներկայութեան պատրւակ որոնել՝ այս տարածաշրջանի երկրների անվտանգութիւնն ու անկախութիւնը ոչնչացնելու գնով»։
Դոկտ. Վելայաթին նշել է. «Հարաւային Կովկասի տարածաշրջանի զգայունութիւնը ոչ մէկի համար գաղտնիք չէ, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան փառաւոր պատմութիւնը ցոյց է տալիս, որ դարեր շարունակ մեր երկիրը միշտ եղել է կարեւոր յենասիւն այս տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան պահպանման գործում։ Հաշւի առնելով տարածաշրջանի երկրների իրաւունքներն ու զգայունութիւնը»։
Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «Հարաւային Կովկասը Իրանի անվտանգութեան գօտու կարեւոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը, իսկ Բրիւսէլում Եւրոմիութեան, ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի վերջին որոշումը ոչ մի դէպքում չի իրականացւի»։