ԹեհրանՀամայնք

Սարդարապատ քաղաքամասի հայրենակիցները «Սարդարապատ»-ում խնկարկեցին Ցեղասպանութեան նահատակների յիշատակը

Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների շարք

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Շաբաթ՝ ապրիլի 27-ին, Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Հ. Մ. «Սրդարապատ» միութեան կենտրոնատեղիում, նոյն միութեան, «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան, եւ Սուրբ Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի համագործակցութեամբ տեղի ունեցաւ դասախօսական-գեղարւեստական ծրագիր:

Միջոցառումը մեկնարկեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի Տէրունական աղօթքով, որից յետոյ ցուցադրւեց 2006-ին Բաքւի հրոսակախմբերի ու բանակի ձեռամբ Ջուղայի պատմական խաչքարերի ոչնչացման մասին պատմող վաւերագրական տեսանիւթը:

Օրւայ բանախօսը՝ ճրտ. Արթուր Յովսէփեանը նշելով, որ մինչ այսօր ինչպէս հարկն է խօսւել է Ցեղասպանութեան ընթացքում կատարւածի մասին, սակայն քիչ է խօսւել այն մասին, թէ ինչպէս պէտք է շարժւել դէպի ապագայ, որպէսզի նման արհաւիրքները կրկնւելու առիթ չունեն այլեւս: Ընթացքում նա խօսեց գիտեհէն հիմքի վրայ կառուցւող տնտեսական զարգացմանն ուղղւած ծրագրերի մշակման տեսլականի շուրջ, միաժամանակ ներկայացնելով հետազօտութիւնների արդիւնքներ, որոնցով հնարաւոր կը լինի տեղից շարժել զարգացման սայլը:

Բանախօսը յաւելեց, որ գիտութեան վրայ հիմնւած զարգացման ծրագիր ունենալը Հայաստանի պէս երկրի համար օդ ու ջրի պէս պէտք են, քանի որ այն չունի բնական ռեսուրսներ, եւ այլ ելք չի մնում գիտահեն տնտեսութիւն ստեղծելուց բացի:

Արթուր Յովսէփեանը նաեւ նշեց, որ ո՛չ յանուն ժողովրդավարութիւն ունենալու, եւ ո՛չ էլ նախկինների վրայ բարդած մեղքով չէ, որ կարելի է տրամաբանել ներկայ իրավիճակը, քանի որ արձանագրւած փաստերի տեսանկիւնից դրանք հիմք չեն կարող լինել այնպիսի կորուստների համար, ինչպիսին Արցախի կորուստն էր, կամ այսօր Հայաստանի տարածքների ծւէն-ծւէն լինելը: «Սա տրամաբանւում է միայն Հայաստանը զաւթած ապիկար վարչակազմի կողմից, որի դաւաճանական արարաքների բերումով Հայաստանի լինելութիւնն է արդէն վտանգւած»,- նշեց դոկտ. Արթուր Յովսէփեանը:

Միջոցառման գեղարւեստական բաժնում պարային, երգային, երաժշտական եւ ասմունքային կատարումներով ելոյթ ունեցան «Ակունք» համոյթի պարուհիներ՝ Ադենա Քսաչաքեանը եւ Նինէլ Շահնազարեանը (ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի), Վանէ Մակարեանը, Ռենէ Ոսկանեանը, Արփինէ Ջուլֆայեանը, Էրիկա Դաւթեանը, Շողիկ Մարկոսեանը, Արեգ Շահվերդեանը, Մինէ Վարդանեանը, ինչպէս նաեւ երկու միութիւնների գրական խմբերին անդամակցող օրւայ հաղորդավար Նարինէ Ղարիբեանը:

Միջոցառման գեղարւեստական բաժինը եզրափակւեց երկու միութիւնների գրական խմբի անդամների համատեղ ասմունքային կատարմամբ:

Ծրագրին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քահանայից դասի ներկայացուցիչը, վերապրածների ժառանգներից մի քանիսը, միութենականներ ու քաղաքամասի բնակիչներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button