Ատրպատական

Մենք «տեղ» ունե՞նք աշխարհում…

«Նրանց համար տեղ չկար…»:
(Ղկ 2.7)

Յիսուսի Ծնունդը պատմող աւետարանական հատւածը վկայում է, որ երբ սուրբ կոյս Մարիամը Յովսէփի հետ Բեթղեհէմ հասաւ, իջեւաններում կեցութեան տեղ չէր մնացել նրանց համար: Օգոստոս կայսեր հրամանին հնազանդւելով, երկրի տարբեր շրջաններից բեթղեհէմցիները նրանցից աւելի շուտ էին ժամանել քաղաքը եւ լցրել հիւրանոցները: Այս պատճառով աւետարանիչը վկայում է ասելով, որ «նրանց համար տեղ չկար»:

Հրաշալի Սուրբ Ծնունդը տեղի ունեցաւ քաղաքի մօտակայքում, մի ախոռի անպաճոյճ յարկի տակ, իսկ նորածին աստւածորդի Յիսուսը հանգչեց կենդանիների յարդակերով լցւած մսուրում:

Քաղաքակիրթ եւ առաջադէմ ներկայ դարում, երբ ճամբորդական հեշտագոյն պայմաններն են վայելում օտարերկրեայ ճամբորդները, եւ գրեթէ գոյութիւն չունեն հին հասկացութեամբ պանդուխտներ, մարդիկ նոյն օրը առաւօտեան Արեւելքում են նախաճաշում, եւ նոյն գիշեր ընթրում Արեւմուտքում: Այլ խօսքով, տեղի կամ իջեւանի յարմարագոյն պայմանները նախօրօք ապսպրելու արհեստագիտական միջոցներով, նոյնիսկ հազարաւոր կիլոմետրեր հեռաւորութիւնից նրանք ընտրում են իրենց նախասիրած սենեակը այս կամ այն հիւրանոցում:

Աշխարհի լայն ու անծայրածիր լինելու մասին ինչքա՜ն շատ գրութիւններ կան անցեալից ժառանգւած, իսկ այսօր ինչքա՜ն շատ թւով մարդիկ արտայայտւում են այս մասին, հակառակ դրա, որ քաջատեղեակ են երկրագնդի սահմանափակ վայր լինելու պարզ իրողութեան: Արբանեակային լուսանկարներն ու տեսաերիզները Երկիր մոլորակի բոլոր մասերը պարզութեամբ ցուցադրում են, ամէն գաղտնիք քօղազերծած լինելու ինքնավստահութեամբ: Դրանց շարքում, ի պահանջել հարկի, կարող են բացայայտել ո՛չ միայն զինւորական դիրքերը, այլեւ ցանկացած վայրի կամ տան ներքնասենեակների այլեւայլ մանրամասնութիւնները: Անհեթեթ է սակայն այն, որ անցանկապատ ներկայ աշխարհում մարդիկ այս կամ այն վայրը յանկարծ իրենց սեփականութիւնը համարելով, նոր սահմանագծումներ կատարեն, նոր անուն տան տւեալ վայրին եւ սեփականացնեն այն: Պարզ է, որ եթէ Աստւածորդուն տեղ չտւեցին մարդիկ այս աշխարհում, իրենց նմանին բնա՛ւ չեն զիջելու իրենց «տեղը»…:

Մեր ժողովրդի զաւակները քանիերորդ անգամը լինելով անտուն ու անօթեւան են մնում այս աշխարհում…: Տեղահանութեան, աքսորի ու ցեղասպանութեան նորօրեայ կրկնօրինակումը քաղաքակիրթ աշխարհի սառը խղճի թատերաբեմում, յուսահատութեան մէգով պատեց իւրաքանչիւր հպարտ հայորդու հայրենասիրութեամբ բաբախող սիրտը: Հաւաքաբար ցուցաբերւած ազգային համբերութիւնը անպայմա՛ն սահմանափակումների է ենթարկւելու, այլապէս մենք առիթ տւած կը լինենք հակառակորդին, որ մեզ հետ վարւելու վատագոյն կերպը ի գործ դնի:

Բայց մենք «տեղ» ունե՞նք աշխարհում…

Գլխաւոր հարցականը ներկայիս ա՛յս է մեզ համար, որը մտատանջութեան հասնող տագնապ է առաջացրել իւրաքանչիւր գիտակից հայի հոգում: Տագնապ՝ նախ վերագտնելու մեր տեղը այս փոքր երկրագնդի տարածքում, եւ երկրորդ՝ փաստելու մեր արժանապատիւ դիրքը միջազգային ընտանիքի շրջանակներում:

«Տեղ»-ի կամ «բնակութեան վայր»-ի պատւանունն է Հայրենիքը, որի սեփականատէրը լինելը դարերից ի վեր բոլոր քաղաքակիրթ ազգերի արդար իրաւունքն է համարւել: Արեան գնով ցուցաբերւած ինքնապաշտպանութեամբ, մշակութային իրագործումների տարբեր արտայայտութիւններով՝ լեզւական, մատենագրական, երաժշտական, նկարչական, ճարտարապետական եւ սոյն բնագաւառի այլ ճառագայթումներով կերտւած հայրենիքը, տւեալ ազգի համար միայն ու միայն ժառանգւած հողակտոր չէ՛, այլ մի վայր՝ որտեղ ո՛չ միայն ապրում, այլեւ արարում են նոյն ժողովրդի զաւակները ե՛ւ անհատապէս ե՛ւ հաւաքաբար: Այսպէս է ըմբռնւում հայրենի հողի նւիրականութիւնը. այլապէս երկրագնդի այս կամ այն մասից վերցւած մի ափ հողը մասնաւոր տարբերութիւն չի՛ ունենայ միւսից, բացի քիմիական այլազանութիւններից:

Բայց մենք «տեղ» ունե՞նք աշխարհում…

Հարցը նորից է քրքրում մեր միտքը, միաժամանակ վերյիշեցնելով այն ահաւոր եւ ամօթալի կացութիւնը, որի բովից անցանք ազգովին 2023 թւականի վերջալոյսին: Իր դարաւոր բնօրրանից բռնագաղթած մի հատւածը մեր ազգի, ցանուցրիւ եկաւ Հայաստանում եւ աշխարհասփիւռ գաղութներում, վերջնական «տեղ»-ի երազանքով փակելու իր աչքերը, ինչպէս իրենց կիլիկեան հորիզոնին յառած փակեցին Արեւմտահայաստանից աքսորւած մեր նախնիները անցեալ դարում:

Բայց մենք «տեղ» ունե՞նք աշխարհում…

Կրկնւում է նոյն հարցը անողոքաբար եւ չարչրկում մեր միտքը, միաժամանակ վերաթարմացնելով մեր յիշողութեան մէջ Հայաստան աշխարհի անկախութեամբ բացւած արշալոյսի խանդավառութիւնը: Սոյն անսպասելի ուրախութիւնից հարբած մեր ժողովուրդը երկար ժամանակ չգիտակցեց, որ յաղթանակն ու անկախութիւնը պահպանելը իրենց յատուկ՝ մասնաւոր գին ունեն: Որեւէ երկրում ապրող եւ ամենահամեստ «տեղ»-ն ունեցող մարդը պիտի իմանայ իր «տեղ»-ը, եւ գիշեր ատեն այն ապահով պահպանելու ձեւը, փակելով դրա դռներն ու պատուհանները, եւ խաւարի մէջ իսկ անքուն հսկելով դրա անվտանգութեանը:

Բայց մենք «տեղ» ունե՞նք աշխարհում…

«Այո՛» պատասխանը սոյն հարցին տրւած, կասկածի տեղ չի՛ տալիս բնաւ, որովհետեւ դա մեր ներշխարհի պոռթկումն է, մեր նախահայրերի ջլապինդ կամքի անդրադարձ շարժումը: Նոյն կամքը, համայն աշխարհին ցոյց է տալիս այն աշխարհատարածքը հայրենի, որը կոչւում է «Ծովից ծով Հայաստան»: Անրջական մտածողութիւն չէ՛ այս, ո՛չ էլ ինքնախաբէութիւն: Հզօր ազգերը տեսլականներով են առաջնորդւում, բարձր դիւանագիտութեամբ պնդացնում իրենց մէջքը, եւ նոյնիսկ փոքրաթիւ լինելու արհամարհանքը ունկնդրելով միահեծան իշխանութիւն բանեցնող գերպետութիւնների յոխորտացող բարձրախօսներից, չեն շեղւում իրենց հայրենական սիրոյ ու հողային պաշտպանութեան ուղղութիւնից:

Այո՛, մենք ո՛չ միայն սովորական «տեղ» ունենք այս անիրաւ աշխարհում, այլեւ հայրենիք՝ Մայր Հայաստանը, որը իսկական դրախտավայրն է՝ համաձայն աստւածաշնչեան քարտէզագրութեան:

Աւետարանի էջերում Յիսուսը միայն ինքն իրեն համար հաստատ ասում է, որ այս աշխարհում «մարդու որդին իր գլուխը հանգչեցնելու տեղ չունի» (Մտ 8.20): Մի առիթով միայն տեսնում ենք, որ շատ կարճ ժամանակի համար, նաւի յետնամասում գլուխը բարձի վրայ դրած քնում էր նա, երբ ահեղ փոթորիկի պատճառով աշակերտները արթնացրին նրան, իրենց նաւի ստոյգ խորտակման եւ ընկղմումի վախը ազդարարելով (հմմտ. Մր 4.35-41):

«Տեղ» չունենալու մասին իր խօսքը մի այլ առիթով էլ յիշեցրեց Յիսուս, աղւէսներին օրինակ բերելով, որոնցից իւրաքանչիւրը իր որջը ունի: Պատմութեան փորձը ցոյց է տւել մեզ, որ աղւէսները նաեւ կարող են ուրիշների «տեղ»-ը որջի վերածել, այնտեղ խնջոյք սարքել, ձագեր ածել ու բազմանալ, սակայն մի օր անպայման այն աւերակելու, եւ անտէր թողնելով հեռանալու պայմանով…:

Թռչունների օրինակը եւս տալիս է Յիսուս նոյն հատւածում, որոնք բոլորն էլ իրենց բոյնն են ունենում: Տեսել էք, որ սրանք իրենց կտուցով եւ ասեղի բարակութեամբ ոտքերով բոյն են հիւսում, իսկ ամենամեծը՝ «բարի արագիլ»-ը ինչքա՜ն բծախնդիր ճարտարութեամբ միաւորում է իր բերած իւրաքանչիւր ճիւղն ու շիւղը, հայի տան կտուրը նախընտրելով երկգմբէթ սարի՝ յաւերժական Արարատի դիմաց:

Սուրբծննդեան տէրունի պատգամը յատկապէս մեր ժողովրդի զաւակներին ուղղւած, չյուսահատւելու կոչ է: Երկնքի եւ երկրի Տէրը եթէ իջեւան չունեցաւ այս աշխարհում, սակայն նա պատրաստ է իր լայն հովանին տարածել մեր հայրենիքի եւ ազգի կեանքի երկնակամարի վերեւ, յատկապէս տեսնելուց յետոյ մեր ազգային հաւաքական կամքը եւ բռնցքւած սիրտը:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Աղօթաձայն Օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Տօն Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան
5 յունւարի, 2024
Ազգային առաջնորդարան – Թաւրիզ

Առնչւող Յօդւածներ

Back to top button