Թեհրան

Արա Շահվերդեանի նախընտրական քարոզարշաւը՝ Զէյթուն քաղաքամասում

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Փետրւարի 25-ի առաւօտեան Իսլամական խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 12-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանը Զէյթուն քաղաքամասում մասնակցեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կիրակնօրեայ ս. պատարագին, որից յետոյ եկեղեցու տարածքում գտնւող սրահում կազմակերպւել էր ժողովրդական հանդիպում:

Հանդիպման սկզբում Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի միջոցով կատարւեց Տէրունական աղօթք, որից յետոյ նա ժողովրդին հրաւիրեց խուռներամ շարքերով մասնակցելու մարտի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին: Օրւայ հաղորդավար՝ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի տեսչուհի Նադիա Այւազեանը ներկաներին ողջոյնի խօսքը փոխանցելով եւ գնահատելով պատգամաւոր Արա Շահվերդեանի անցեալ չորս տարիների աշխատանքները, հրաւիրեց նրան արտայայտւելու:

Պատգամաւորը ողջունելով Զէյթուն քաղաքամասի քաղաքացիներին եւ կրօնական ու ազգային կառոյցների ներկայացուցիչներին, գնահատանքով անդրադարձաւ Իրանի Իսլամական խորհրդարանի անցեալ շրջանների պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի մասին, ով Հայաստանից Իրան ժամանելով ուղեկցում է իրեն, ընտրապայքարի ժամանակ: Պատգամաւորը նախ անդրադարձաւ խորհրդարանում պատգամաւորի առաքելութեանը եւ համապարփակ գծերով ներկայացրեց իր կատարած աշխատանքները, ի մասնաւորի Զէյթուն քաղաքամասում, անդրադառնալով՝ «Շանթ-Մարիամեան» դպրոցի վերելակի հարցի լուծմանը, քաղաքամասում «Սպասարկութեան սեղան»-ի կազմակերպմանը, ուսումնադաստիարակչութեան նախարարի «Արարատ» դպրոց կատարած այցին եւ այդ բոլորի արդիւնքներին, ներկայացրեց իր առաջիկայ գործունէութեան ծրագիրը:

Նոյն օրը երեկոյեան ժամը 20:00-ին Արա Շահվերդեանը ներկայ գտնւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, որտեղ քաղաքամասի մեծ թւով հայրենակիցներ էին համախմբւել լսելու նրան: Օրւայ հաղորդավարն էր Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը: Նա համառօտ գծերով անդրադառնալով պատգամաւորի ներհամայնքային ոլորտում ունեցած հարուստ կենսագրական տւեալներին, հրաւիրեց արտայայտւելու Արա Շահվերդեանին:

Թեկնածուն իր ողջոյնի խօսքը փոխանցելով ներկաներին համապարփակ գծերով անդրադարձաւ իր պատգամաւորութեան շրջանի կատարած աշխատանքներին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ վերջին շրջանում խորհրդարանում հաստատւած այն օրէնքի մասին, որի համաձայն այսուհետեւ Իրանում կրօնական փոքրամասնութիւններից տարբեր ոլորտներում մասնագէտ անձինք հնարաւորութիւն կունենան նշանակւել, որպէս նախարարների տեղակալներ կամ գերատեսչութիւնների ղեկավարներ, որը ձեռքբերում է: Արա Շահվերդեանը նշեց, որ որեւէ ձեռքբերում արդիւնքն է Իսլամական խորհրդարանում իրանահայ համայնքի առաջին շրջանից սկսած պատգամաւորների անդուլ ջանքերի, որոնք աստիճանաբար արդիւնաւորւում են: Նա անդրադարձաւ նաեւ Իրան-Հայաստան սահմանին եւ մաքսատներում դիւրութիւններ ստեղծող մի շարք աշխատանքներին եւ Իրանի ԱԳՆ պատւիրակութեան կազմում իր Հայաստան կատարած այցերին ու հանդիպումներին, դրանք կարեւոր համարելով երկու երկրների յարաբերութիւնների զարգացման համար:

Հանդիպումը եզրափակւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանի ելոյթով:

Առնչւող Յօդւածներ

Back to top button