Թեհրան

ԿՈՉ՝ Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին

Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն առաջիկայ ուրբաթ մարտի 1-ին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական խորհրդարանի եւ Բանիմացների խորհրդի ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:

Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդէպ ի՛ր պարտականութիւններն ու պարտաւորութիւններն ունի:

Մենք որպէս Հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական խորհրդարանի եւ Բանիմացների խորհրդի ընտրութիւններին ի վկայութիւն մեր համայնքի ուժին, զօրութեան ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցութեան իրանեան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական կեանքի առաւել զարգացման, բարգաւաճման ընթացքին:

Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. ուստի եկէք արժեւորենք մեր քաղաքացիական իրաւունքը խուռներամ մասնակցութեամբ խորհրդարանական ընտրութիւններին:

Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զաւակներին, մանաւանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրութիւններին իբրեւ հաւատարիմ եւ յանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:

Ողջ լերուք ի Տէր եւ զօրացեալք Ս. Հոգւով:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

26 փետրւարի 2024
Թեհրան

Առնչւող Յօդւածներ

Back to top button