Թեհրան

Թեհրանում նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան Նոր Ջուղայի հիմնադրման 95 եւ Թեհրանի մասնաճիւղի 32 ամեակները

Իրանի հայկական համայնքը իր դարաւոր գոյութեան ընթացքում, հայահոծ քաղաքներում հիմք է դրել բազմաթիւ միութիւնների, որոնք երկար տարիներ է ինչ մշակութային ու մարզական ոլորտում աշխատանքներ են իրականացնում: Այդ միութիւններից է Փերիոյ Կրթասիրաց միութիւնը, որը հիմնադրւել է 1928 թւականի յունւարի 1-ին՝ Նոր Ջուղայում, իսկ 1991 թւականին՝ Թեհրանում:

Դեկտեմբերի 8-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան Նոր Ջուղայի հիմնադրման 95, իսկ Թեհրանի մասնաճիւղի հիմնադրման 32-ամեակը: Ծրագրի մեկնարկին հանդիսատեսները դիտեցին տեսաֆիլմ, որը պատկերում էր 2014 թւականին, Երեւանում կայացած Փերիոյ Կրթասիրաց միութեան օրերի անցկացման ծրագրերին:

Յոբելեանների առիթով կազմակերպիչ յանձնախմբի կողմից բացման եւ ողջոյնի խօսքով եւ ասմունքային կատարմամբ հանդէս եկաւ վաստակաշատ ուսուցչուհի Հրանուշ Սարգսեանը, բեմ հրաւիրելով Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին ընթերցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը: Օրւայ հաղորդավար Հրանուշ Սարգսեանը ընթերցեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ մերթընդմերթ յղւած այլ ուղերձները:

Հանդիսութիւնը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով, ելոյթներով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի երգչախումբը ղեկավարութեամբ՝ Հելենա Աղասարեանի, իսկ մեներգերով հանդէս եկան Ռուբէն Իսայեանը, Հելենա եւ Սեւադա Աղասարեանները, իսկ առանձին երգով՝ Մելանի Աւանէսեանը:

Հայկական պարերով հանդէս եկան Նոր Ջուղայից ժամանած Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախմբի սաները ղեկավարութեամբ՝ Ալինա Գրիգորեանի: Նշւեց, որ պարախումբը Թեհրանից բացի, ելոյթներով հանդէս է եկել նաեւ Հայաստանում եւ արտերկրում:

Հանդիսութեանը հրաւիրւել էր Նոր Ջուղայից Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանը: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ Նոր Ջուղայի 95-ամեայ Փերիոյ Կրթասիրաց միութեան անցած ուղու եւ ներկայիս շարունակող մարզա-մշակութային աշխատանքների մասին, իր երախտագիտութիւնը յայտնելով Թեհրանի մասնաճիւղին՝ հրաւէրի համար, մաղթելով առաւել բարգաւաճ աշխատանք:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Փերիոյ Կրթասիրաց միութեան Թեհրանի մասնաճիւղի նախագահ Գասպար Ամիրխանեանը: Նա իր ելոյթի ընթացքում իր գնահատանքի խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ազգային իշխանութեանն ու մարմիններին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեանը՝ սրահը տրամադրելու, եւ բոլոր հիւրերին ու նրանց, ովքեր միջոցառումը իրականացնելու հարցով չեն խնայել իրենց ջանքերը: Նա, ապա հակիրճ բացատրութիւններ փոխանցեց միութեան վերջին տարիների աշխատանքների մասին, այդ թւում Հայաստանում, 2014 թւականին անցկացւած Փերիոյ օրերի նշումը եւ ՀՀ ժամանակի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ձեռամբ միութեանը յանձնւած գնահատագրին, Ստեփանոս Երէց Հազարջրիբեցու պատմագրքի հրատարակութեանը, որը գրւել էր 1780-ական թւականներին եւ գրքի վերահրատարակումը իրականացել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի օժանդակութեամբ եւ մի շարք միութենականների նիւթական աջակցութեամբ, իսկ գրքի շնորհանդէսը կատարւել է նախ Թեհրանում Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, ապա Երեւանի Մաշտոցի անւան մատենադարանում, իսկ երրորդ շնորհանդէսը՝ 2018 թւականի ապրիլին Արցախի Գանձասարի վանքի մատենադարանում: Միւս ձեռնարկը Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակի առիթով Թեհրանի Հայ հասարակական միութեան (Հայ ակումբի) սրահում կազմակերպւած միջոցառումն էր՝ ոչ հայ լսարանի համար: Նա նաեւ ողջունեց միութեան մարզական յաջողութիւնները, եւ Իրանի 54-րդ Համահայկական մարզական խաղերին, միութեան բասկետբոլի տղայոց խմբի շահած առաջնութիւնը, որով խումբը արժանացաւ ոսկէ մեդալին: Նա, ապա անդրադարձաւ Թեհրանի հայկական քաղաքամասերում գտնւող միութիւնների հետ համագործակցութեամբ իրականացւած մի շարք ազգային-հասարակական ծրագրերին: Նա նաեւ գնահատեց միութեան կանանց բաժանմունքի աշխատանքները: Իր ելոյթի աւարտին վարչութեան նախագահը բեմ հրաւիրեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանին, ակադեմիկոս պրոֆ. Մկրտիչ Թումանեանին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայկազ Շիրւանեանին, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահին, որոնց ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին միութեան հիմնադիրներից, եւ գործունեայ անդամներից մի քանիսին: Ապա Կենտրոնական վարչութեան նախագահուհու ձեռամբ գնահատագիր յանձնւեց Թեհրանի մասնաճիւղի վարչութեան նախագահ Գասպար Ամիրխանեանին:

Ընթացքում հրաւիրւեց միութեան հիմնադիրներից՝ Վաղարշակ Տ. Յովհաննիսեանը, ով փոխանցեց իր ողջոյնի խօսքերը:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա իր խօսքը սկսեց մէջբերում կատարելով Գարեգին Նժդեհի հետեւեալ արտայայտութիւնը՝ «Այն մշակոյթը, որ ազգային չէ մշակոյթ չէ եւ այն ազգը, որ մշակոյթ չունի ազգ չէ»: Նա ընդգծեց, որ Սփիւռքում հայ ժողովրդի գոյատեւման կարեւորագոյն կռւաններն են՝ եկեղեցին, դպրոցն ու միութիւնները, որոնց յարկի տակ հայկականութիւնն է փոխանցւում եւ կարեւորեց միութիւնների դերը այս առումով: Նա ողջունեց Փերիոյ Կրթասիրաց Կենտրոնական միութեան եւ Թերհրանի մասնաճիւղի ամեակները եւ կատարւած աշխատանքները:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button