Թեհրան

Թեհրանի հայոց թեմի ազգային կրթօջախներից «Արաքս» դպրոցը բոլորեց իր հիմնադրման 70-ամեակը

Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման կարեւորագոյն կռւաններից է հայոց դպրոցը, որի յարկի տակ հայկական ոգով սնւում ու դաստիարակւում են սերունդներ: Դարաւոր պատմութեամբ Թեհրանի հայոց թեմում հիմքն է դրւել բազմաթիւ դպրոցների, որոնք իրարայաջորդ սերունդներին ուսուցանել են մեր ոսկեղնիկը, փոխանցելով այնինչը՝ եղել է հայկական, կրօն, պատմութիւն, գրականութիւն ու մշակոյթ: Ահաւասիկ Թեհրանի հայոց թեմի հայոց ազգային դպրոցներից է՝ «Արաքս» դպրոցը, որի հիմնադրման 70-ամեակին նւիրւած ծրագրերի շարանից առաջինը նշւել է թւականիս դեկտեմբերի 7-ին հէնց դպրոցի յարկի տակ:

Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրի բացման հանդիսութեանը, կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք փոխանցեց Կարինէ Մանուչերեանը եւ հրաւիրեց 70-ամեակի յանձնախմբի ատենապետ Իռէն Աբնուսեանին իր խօսքը փոխանցելու:

Իռէն Աբնուսեանը անդրադառնալով նման յոբելենական հանդիսութիւնները նշելու նպատակների մասին յստակեցրեց. «Իւրայատուկ տարեթիւը նշելը եւ մեծարելը նպաստում է անցած ուղին վերապրել, վերյիշել եւ մատուցել նոր սերնդին, այն նպատակով, որ լաւագոյնս գնահատւի մեր նախնիների միջոցով հիմնադրւած կառոյցների արժէքները»: Նա նշեց, որ յոբելենական տարին պարփակելու է զանազան միջոցառումներ:

Ծրագրի ընթացքում իր խօսքը փոխանցեց հայոց ազգային «Արաքս» աղջկանց դպրոցի ներկայի տեսչուհի Անի Մանուկեանը: Իր ելոյթի ընթացքում նա ողջունելով հիւրերին, նշեց. «Դպրոցը այն ապրող եւ անընդհատ վերարտադրող կենդանի համակարգն է, որում ապրում, դաստիարակւում եւ կրթւում են սերունդները: 70-ամեայ «Արաքս» դպրոցի հիմնադրումը եւ կրթադաստիարակչական ասպարէզում նրա վերիվայրումները եւ ամէն մէկ նահանջից յետոյ փիւնիկի նման նրա մոխիրներից վեր յառնելը, նման է մեր ազգի ճակատագրին, եւ 70-ամեակի խորհրդանիշն էլ հէնց այդ պատճառով փիւնիկի կերպարն է ընտրւել»: Նա ապա համապարփակ գծերով անդրադարձաւ հայոց դպրոցի նպատակների մասին, որն է՝ կրթել ու դաստիարակել հայ նոր սերնդին, ով կառչած լինի հայկական արժէքներին եւ ներկայացրեց դպրոցի արդի հնարաւորութիւնները: Դպրոցի տեսչուհին իր ելոյթի ընթացքում իր շնորհակալական խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին իր հայրական հովանաւորութեան համար, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովին, Թեմական, Կրթական ու Կրօնական խորհուրդներին, «ԱԼԻՔ» օրաթերթին եւ բոլոր նրանց, որոնց անվերապահ բարոյական ու նիւթական աջակցութիւններով հնարաւոր դարձաւ նշել յոբելենական ծրագրերի շարանը եւ առաջ մղել աշխատանքները:

Հանդիսութեանը հրաւիրւեց խօսք փոխանցելու Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը: Իր ելոյթի ընթացքում նա, որպէս դպրոցի ժամանակի սան գլուխ խոնարհեց դպրոցի անցեալի տեսուչների, ինչպէս Հրայր Շահնազարեանի, հանգուցեալ Սիրանուշ Աղաջանեանի եւ այն ուսուցիչների դիմաց, որոնք ժամանակին սնել ու դաստիարակել են սերունդներին հայեցի ոգով: Հանդիսութեանը իրենց սրտաբուխ խօսքերը փոխանցեցին դպրոցի անցեալի վաստակաշատ ուսուցչուհիներ, փոխտեսուչներ, ծնողական խորհուրդների անդամներ եւ ներկայիս փոխտեսչուհի՝ Իւետ Մուրադեանը: Ընթացքում պատկերասփռւում էր սահիկներ, որոնք ներկայացնում էին դպրոցի անցած ուղին:

Յոբելեանը մարմնաւորւեց գեղեցիկ մտայղացմամբ, որի ընթացքում դպրոցի դասարաններից մէկում ներկայացւել էր ցուցահանդէս, որտեղ ներկաները ծանօթացան անցեալի հայոց լեզւի, պատմութեան ու կրօնի դասագրքերին, դպրոցի գրադարանների գրքերին, տարրալուծարանի սարքերին, գրասեղաններին, իսկ պատերի վրայ ամրացւած էին անցեալը եւ ներկան պատկերող լուսանկարներ, աշակերտների նկարչութիւններ եւ ինչու չէ ժամանակին թեմիս դպրոցների եւ աշակերտների ցանկերը ներկայացնող ցուցատախտակ:

Օրւայ միջոցառումը ամփոփւեց հիւրաբար Թեհրան ժամանած Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանի եզրափակիչ խօսքով: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը կարեւորութեամբ անդրադառնալով հայոց դպրոցի հայապահպանման անժխտելի դերակատարութեանը, ընդգծեց. «Տիպար հայը ընդելուզւած եւ կազմւած կըլլայ ճշմարիտ հաւատով եւ հայեցի դաստիարակութեամբ եւ այս երկուսը տեղի կունենան տիպար հայի էութեան մէջ»: Նա նշեց, որ հէնց այնպէս, որ Տրդատ թագաւորը, Գրիգոր Լուսաւորչի միջոցով մկրտւեց Արաքս գետի ջրով, «Արաքս» դպրոցում եւս հայեցի ոգով դաստիարակւել են սերունդներ:

Յոբելենական ծրագրին ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու հայկական կրթօջախների ներկայացուցիչներ, անցեալի եւ ներկայի ուսուցիչներ եւ ծնողական խորհրդի անդամներ:

Միջոցառումը զուգորդւած էր ընդունելութեամբ:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button