Մշակութային

Irish Cinephile. «Աւրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկւել է 2023-ի 25 լաւագոյն ֆիլմերի շարքում

Ըստ Irish Cinephile կինօ եւ հեռուստատեսային նորութիւնների եւ անդրադարձների լրատւականի՝ ռեժիսոր Իննա Սահակեանի «Աւրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկւել է 2023 թւականի 25 լաւագոյն ֆիլմերի շարքում: Այս մասին յայտնում են Ազգային կինոկենտրոնից։

«Ֆիլմն անիմացիոն/արխիւային հիբրիդային վաւերագրութիւն է, որը մեզ ներկայացնում է մարդկային յուզիչ պատմութիւն՝ կենտրոնանալով Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Արշալոյս/Աւրորա Մարդիգանեանի անցած ճանապարհի վրայ՝ պատմելով, թէ ինչպէս նա դարձաւ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ»,- ասւել է ֆիլմի մասին։

«Աւրորայի լուսաբացը» ֆիլմի հնդկաստանեան պրեմիերան կը կայանայ յունւարի 20-ին եւ յունւարի 21-ին:

Հայ-գերմանա-լիտւական համատեղ արտադրութեան ֆիլմի (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը եւ սցենարիստը Իննա Սահակեանն է, պրոդիւսերներ` Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ: Ֆիլմը տեղծւել է «Զօրեան» ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիւի հիման վրայ:

Ֆիլմի մասին

Աւրորա Մարդիգանեանն ընդամէնը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսաւ ու ապրեց Հայոց Ցեղասպանութեան ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան յաջողւում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կեանքի ողբերգութեան պատմութիւնը դարձաւ մշակութային իսկական սենսացիա: Աւրորայի կեանքի պատմութեան հիման վրայ նկարահանւած ֆիլմը, որտեղ ինքը հանդէս է գալիս գլխաւոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմութեան մէջ ամենամեծ բարեգործական արշաւի դէմքը: Նրա կեանքի ոդիսականը պատմում է, թէ ինչպէս է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարւածներին, անցնում ցաւի ու դառնութեան միջով՝ չկորցնելով կեանքում ամենակարեւորը՝ մարդ մնալու կարողութիւնը:

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button