Մշակութային

«Հին աստւածներ»-ը՝ «ԱԼԻՔ»-ի ոսպնեակից

Հատիս – Ընդամէնը մի քանի ամիս է անցնում Հ. Մ. «Սիփան» միւթեան «Նայիրի» սրահում պիէսի ընթերցման տեսքով Լեւոն Շանթի «Հին աստւածներ» դրամայի բեմական ընթերցումից, երբ անւանի դերասան եւ ռեժիսոր Բիայնա Մահմուդեանն արդէն պատրաստ է «Հին աստւածներ»-ը բեմականացնել, այս այնգամ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահի բեմում:

Ներկայացումը լինելու է պարսկերէն՝ պարսկախօս հանդիսատեսի համար:

Բիայնան այս մասին յայտնելով «ԱԼԻՔ»-ին յաւելեց, որ պիէսի թարգմանութիւնը հէնց իր կատարած աշխատանքն էր: «Չնայած ինձ յաջողւել էր Նոր Ջուղայի արխիւներից գտնել «Հին աստւածներ»-ի պարսկերէն թարգմանութեան մի տարբերակ, սակայն որոշեցի ինքս անել այդ աշխատանքը, քանի որ այդպէս յաջողեցրի փոխառութիւնների ու սեղմագրութիւնների արդիւնքում ինքս ինձ հնարաւորութիւն տալ ներկայացումը տեղաւորել մեր օրերի հանդիսատեսի համբերութեան եւ մէկ շնչով ներկայացումների սահմաններում»:

Բիայնան փորձերի ու դերասանական կազմի ընտրութեան մասին հարցին պատասխանեց. «Դժւար էր այդքան շատ դերասաններ գտնելը պատմութեան կերպարների համար: Սա եւս պատճառներից մէկն էր պատմութեան որոշ մասերից վազ անցնելու գործում»:

Պարսիկ հանդիսատեսին հէ՛նց «Հին աստւածներ»-ը ներկայացնելու մասին հարցին պատասխանելով Բիայնան նշեց, որ այն նախատեսւած էր Իրանի թատերական փառատօներից մէկին մասնակցելու համար: «Առաջարկութիւնը՝ Իրանի «Ծիսական աւանդոյթների փառատօն»-ի գլխաւոր տնօրէն պրն. Դուլայիինն էր: Արագ անցանք գործի ու պատրաստւեցինք «Հին աստւածներ»-ը ներկայացնել, քանի որ նոր էինք այն բեմական ընթերցման տարել եւ ինչպէս ասւում է՝ մուդի մէջ էինք: Սակայն փորձերի ընթացքում պարզ դարձաւ, որ փառատօնը կազմակերպւած է տարբեր քաղաքներ տանելու համար, եւ մի խօսքով Թեհրանում չէր: Դա արդէն անհնար էր դարձնում գործը, քանի որ մեծ թւով դերասանական խումբ՝ քաղաքից քաղաք տանելն այսօրւայ դրութեամբ անհնարին գործ էր: Հրաժարւեցինք փառատօնից, բայց միաժամանակ փորձերը շարունակեցինք հէնց այսօրւայ համար»:

Բիայնա Մահմուդեանը յաւելեց, որ «Հին աստւածներ»-ը պարսիկ հանդիսատեսին ներկայացնելով կարելի է նոր պատուհան բացել իրանցի թատերասէր լսարանի առաջ, որի միջոցով մասամբ ծանօթանալու է մեր հայկական իրականութեանը, գրականութեան գլուխգործոցներից մէկին, ինչպէս նաեւ թատերական կարողութիւններին: «Մտածեցի, որ օգնելու է նաեւ այն փաստը, որ դերասանական կազմը հայերէն ընթերցումներից ու պարապմուքներից յետոյ, մի քանի քայլ առաջ է եւ արդէն հասցրել է իր հագով անել կերպարը: Դա եւս առիթ տւեց, որ ինքնավստահ առաջ գնալ…»:

Նշենք, որ «Հին աստւածներ»-ը ներկայացմանը հրապարակւած յայտագրի համաձայն բեմ են դուրս գալու հետեւեալ դերակատարները.

Թարգմանիչ եւ ռեժիսոր

Բիայնա Մահմուդեանը, Էրւին Գալստեանը, Զօրիկ Շահբազեանը, Շարիս Մալքոմ Աբգարը, Գառնի Շահմուրադեանը, Գամեր Աբնուսեանը, Վեդի Բարզեգար Նազարին, Մելան Սեֆեանը, Անուշիկ Աւդալեանը, Գայիանէ Շահնազարեանը, Էմելիա Խուդավերդեանը եւ Քարոլին Խոդադեանը: Իսկ զգեստների ձեւաւորումը՝ Անուշ Յովհաննիսեանինն է:

Նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքինն է պատասխանատւութեամբ՝ Արգին Մատթէոսեանի:

Ներկայացման պատմութիւնը…

«Սեւանայ լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցւում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարութեան աւարտին, որ ի վերջոյ կարողանայ նւիրւել Աստծոյ Երկնաւոր իշխանութեան փառաբանմանը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկւած լիճը շրջում է լաստը եւ միայն երիտասարդ աբեղայի անձնազոհութեան շնորհիւ իշխանի դուստրը փրկւում է խեղդւելուց։

Այդ օրւանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու եւ մարմնի խաղաղութիւնը: Իշխանի դուստրը՝ Սեդան է ում ընթերցողը չի տեսնում։ Դրամայում յայտնւող Սեդան աբեղայի երեւակայութեան ծնունդն է, նրա երկրորդ էութիւնը, ինչպէս վանահօր երկրորդ էութիւնն է ճերմակաւորը։

Աբեղան մոլորւած է։ Նա օգնութիւն է խնդրում վանահօրից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ եւ հոգու թռիչք ունեցող մի հոգեւորականի, ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից հեռանալն ու տառապելը մեծ ցաւ է պատճառում նրան։ Վանահօր վիճակն աւելի է ծանրանում, երբ իշխանուհին խօսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարւած սիրոյ մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել…»:

Լուսանկարները՝ Հատիսի

Առնչւող Յօդւածներ

Back to top button