Մշակութային

Վանդալիզմ՝ ազգային-մշակութային ցեղասպանութիւն

Վանդալիզմ է կոչւում որեւէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակոյթը ոչնչացնելու նպատակով իրականացւած գործողութիւնները: Ըստ ցեղասպանագէտների՝ մշակութային ցեղասպանութիւնը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինը՝ վերապրողների հոգու սպանութիւն եւ նրանց հոգեբանական բռնութեան ենթարկելու փորձ, երկրորդը՝ այն հետապնդում է բնաջնջւած բնիկ բնակչութեան գոյութեան պատմական հետքերի վերացումը կամ դրանց իւրացումը՝ ցեղասպանութեան հեղինակների կողմից։ Այլ կերպ ասած՝ մշակութային ցեղասպանութիւնը կոչւած է պայքարելու պատմական յիշողութեան, ազգային ինքնութեան, մարդկային արժանապատւութեան եւ արդարութեան դէմ:

Վանդալիզմ տերմինը ստեղծւել է 1794 թւականին Ֆրանսիայի Բլուա քաղաքի եպիսկոպոս Հանրի Գրեգուարի կողմից՝ նկարագրելու Ֆրանսիական յեղափոխութիւնից յետոյ արւեստի ստեղծագործութիւնների ոչնչացումը։ Տերմինը շատ արագ ընդհանրացաւ ամբողջ Եւրոպայում:

Վանդալիզմի հոմանիշերից է բարբարոսութիւն, որը ներառում է անձնական կամ հանրային սեփականութեան կամայական վնասում կամ ոչնչացումը՝ առանց սեփականատիրոջ թոյլտւութեան։ Տերմինի ծագումը կապւած է Լուսաւորութեան դարաշրջանի հետ, երբ կործանարարները արեւելագերմանացի վանդալներ էին՝ հին գերմանական ժողովուրդ, որոնք կապւած են 455 թւականին Գենսերիկ թագաւորի օրօք Հռոմի կողոպտելու եւ կործանման հետ: Նրանք միտումնաւոր վնասել են արձանները, ինչի պատճառով էլ նրանց անունը կապւում է արւեստի վանդալիզմի հետ՝ հանրահռչակելով նրանց բարբարոսական խումբ՝ ոչնչացման ճաշակով: Նրանք հաւանաբար աւելի կործանարար չէին, քան հին ժամանակների միւս զաւթիչները, բայց Հռոմի կործանումը յաճախ մեղադրում են վանդալներին:

1933 թւականին Մադրիդում կայացած քրէական իրաւունքի միաւորման միջազգային կոնֆերանսին ուղղւած առաջարկով Ռաֆայէլ Լեմկինը նախատեսում է ստեղծել նոր միջազգային յանցագործութիւն՝ Յանցագործութիւններ իրենց իսկ ազգերի օրէնքի դէմ անւամբ, (delicta juris gentium), (Crimes against the law of nations itself.), բարբարոսութեան եւ վանդալիզմի յանցագործութիւնը, որը բաղկացած է այդ խմբերի մշակութային եւ գեղարւեստական ստեղծագործութիւնների ոչնչացումից։ Այն ժամանակ նրա առաջարկը չընդունւեց:

Սակայն Ռ. Լեմկինը շարունակեց իր աշխատանքը եւ 1944-ին ներկայացրեց ցեղասպանութիւն եզրոյթը, որն ակնկալւում էր աւելի մեծ ազդեցութիւն պէտք է ունենար, քան բարբարոսութեան եւ վանդալիզմի յանցագործութիւնը, որը ոչ միայն ազգային կամ կրօնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակոյթի ոչնչացումը: 1951 թւականին Լեմկինը միայն մասնակիօրէն է հասնում իր նպատակին, ներկայացնելով ցեղասպանութեան կոնւենցիայի համաձայնագրի նախնական բանաձեւը, որով ցեղասպանութիւն յանցագործութեան կանխման եւ պատժման կոնւենցիան ուժի մէջ է մտնում, երբ 20 երկիր վաւերացնում է այն։

Վանդալիզմի հոմանիշերից են նաեւ.՝ աւերածութիւն, փչացում, ջարդել-փշրել, կործանում, խեղաթիւրում, գրաֆիտի, աղբի վերածել եւ…

Մասնաւորաբար քաղաքացիները վանդալիզմ են գործում, երբ դիտաւորեալ վնասում են ուրիշների գոյքը կամ ընդհանուրը: Դրա լուրջ ձեւերը կարող են տեղի ունենալ հասարակական անկարգութիւնների ժամանակ, դիտաւորեալ ոչնչացնելով հանրային եւ մասնաւոր սեփականութիւնը:

Վանդալիզմը ծառայում է բազմաթիւ նպատակների նրանց համար, ովքեր զբաղւում են դրանով եւ բխում են տարբեր շարժառիթներից:

Վանդալիզմի եօթ տարբեր տեսակներն են.

  1. Ձեռքբերւող վանդալիզմ՝ թալան եւ մանր գողութիւն:
  2. Հասակակիցների ճնշում՝ դեռահասները տնից հեռու աւելի շատ ժամանակ են անցկացնում հասակակիցների հետ եւ նրանց արարքը՝ կառուցող կամ կործանարար, կախւած է նրանց շփումներից: Օրէնքին չենթարկւելը աւելի հետաքրքիր կարող է թւալ:
  3. Մարտավարական վանդալիզմ՝ փող կամ գոյք ձեռք բերելուց բացի, ինչ-որ նպատակ առաջ տանելու համար, օրինակ՝ դուռը կոտրել՝ որեւէ մէկին ձերբակալելու համար:
  4. Գաղափարախօսական վանդալիզմ՝ իրականացւում է բացայայտ գաղափարական գործի առաջխաղացման կամ ուղերձ հաղորդելու համար:
  5. Վրէժխնդիր վանդալիզմ՝ վրէժխնդրութեան համար:
  6. Մանկական վանդալիզմ՝ մանկական խաղերի հետեւանքով առաջացած վնաս:
  7. Չարամիտ վանդալիզմ՝ վնաս, որն առաջացել է հիասթափութեան եւ զայրոյթի բռնի արտահոսքի հետեւանքով, որը յաճախ տեղի է ունենում հասարակական վայրերում:

Վանդալիզմի տեսակներից է, այլանդակումը, որն է ինչ-որ բանի արտաքին տեսքը կամ մակերեսը վնասելը: Վնասի առարկան կարող է լինել ճարտարապետութիւնը, գրքերը, նկարները, քանդակագործութիւնը կամ արւեստի այլ ձեւեր։ Դրա օրինակներն են՝

– Առարկայի նշանադրութիւն կամ մի մասի հեռացում.՝ յատկապէս պատկերներ, լինեն դրանք որեւէ էջում, պատկերազարդում կամ որպէս քանդակ, որը նախատեսւած է դիտողների ուշադրութիւնը գրաւելու համար։

– Գրքի շապիկի շեղբաւորում:

– Պատկերասրահում գտնւող նկարի վրայ ներկ շաղ տալը:

– Քանդակւած կիսանդրիի որեւէ մասը ջարդելը:

– Քանդակազարդ զինանշանների վնասում կամ պատռում:

– Վեբ կայքեր եւ հրապարակային ցանցերի բովանդակութեան փոփոխութիւն՝ անիմաստ կամ տարօրինակ յղումներ ներառելու համար:

Որոշ երկրներում վանդալիզմի համար խիստ պատիժ է նախատեսւած: Օրինակ Սինգապուրում, վանդալիզմ կատարողը կարող է ենթարկւել մինչեւ 3 տարի ժամկէտով ազատազրկման եւ կամ պատժւել փայտով ծեծի: Բրիտանիայում վանդալիզմը մեկնաբանւում է, որպէս բնապահպանական յանցագործութիւն եւ կարող է պատժւել «Հակասոցիալական վարքագծի կարգով»: (Anti-social Behavior Order):

* * * * * * * * * * * * * *

Հայ ժողովրդի դէմ իրականացւածը վանդալիզմի գործադրման վառ օրինակն է:

Հայոց Ցեղասպանութեան յաջորդած տարիներին, Թուրքիայում նպատակադրւած ոչնչացւել են Արեւմտեան Հայաստանի լքւած եկեղեցիներն ու վանքերը, հազարաւոր միջնադարեան ձեռագիր մատեանները, զաւթւել է եկեղեցական գոյքը, հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինւել են թուրքականով, ծրագրաւորւած ոչնչացւել են հարիւրաւոր ճարտարապետական յուշարձաններ կամ չէզոքացւել է դրանց հայկական ինքնութիւնը:

Հայկական ճարտարապետական շինութիւնները հետեւողականօրէն պայթեցւել են, որպէս թիրախ օգտագործւել թուրքական բանակի զօրավարժութիւնների ժամանակ:

Հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի դէմ Թուրքիայի բարբարոսական այդ գործելակերպը շարունակւում է նաեւ մեր օրերում, Ադրբեջանի միջոցով: Վկան՝ Նախիջեւանը…

Նախիջեւանում, յատկապէս Ջուղա քաղաքում, 1997-2006 թւականներին պաշտօնական Բաքուն պետական մակարդակով կազմակերպւած լայնածաւալ մշակութային ցեղասպանութիւն կազմակերպեց, որի արդիւնքում իսպառ վերացան շուրջ 28 հազար մշակութային շինութիւններ, այդ թւում՝ շուրջ 6 հազար միջնադարեան բացառիկ խաչքարեր։

Վերջին բնաջնջման դէպքը եղել է 2005-2006 թւականներին, երբ ոչնչացւել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարաւոր խաչքարերի հետ։

Այնտեղ գտնւող խաչքարերը ջարդւած են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնութեամբ, իսկ գերեզմանոցի ազատւած տարածքը վերածւել է հրաձգարանի:

Պատմութիւնը կրկնւում է…

Այժմ, երբ Արցախն ընկել ու հայաթափւել է, Ադրբեջանը բացառիկ հնարաւորութիւն է ստացել իրականացնելու մշակութային ցեղասպանութիւն, այն վայրում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է հազարամեակների բնիկ ներկայութիւն, եւ որը համարւել է հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի բնօրրաններից մէկը:

Ադրբեջանի նպատակն ու ցանկութիւնն է՝ հայութեան բարոյալքում, ինքնութեան պարպում, որպէսզի հայ ժողովուրդը վերջնականապէս եւ անվերադարձ մոռանայ Արցախի մասին: Ադրբեջանը Արցախի հայաթափումն ու արցախահայութեան հայրենազրկումն իրագործելուց բացի, խորը ցաւ եւ հոգեկան անկում է պատճառել ողջ հայութեանը։

Դեդօն ու Բաբօն, Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Ծիծեռնավանքը եւ հազարաւոր այլ պատմական ու մշակութային եզակի յուշարձաններ կանգնած են իսպառ վերացման կամ ինքնութեան խեղման վտանգի առջեւ, որը ծանր ու անդառնալի հարւած է լինելու հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի համար:

2020 թւականից՝ 44-օրեայ պատերազմից յետոյ, Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է վանդալիզմի՝ մշակութային ցեղասպանութեան անհերքելի գործողութիւններ զանազան գործելակերպով: Ադրբեջանի հրթիռակոծութիւնների հետեւանքով տուժած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առաջին տեսագրութիւններում երեւում է, որ գլխաւոր մուտքի սիւների վրայ տեղադրւած հրեշտակների արձանիկները հանւել են եւ եկեղեցու գմբէթի վեղարը վերցւել է՝ 2 տարի թողնելով անձրեւի, ձեան եւ բաց երկնքի տակ:

Այնուհետեւ ցուցադրաբար եկեղեցու շուրջ տախտակէ ծածկ է տեղադրւել, իբր Ղազանչեցոց եկեղեցին վերականգնւում է:

Բարբարոս վանդալութիւնը հայկական արժէքների նկատմամբ շարունակւում է.՝ Ամարասի Գրիգոր Լուսաւորչի թոռան գերեզմանը պղծւում է, Արցախի ԱԺ շէնքից պոկում են գերբը, ինչպէս նաեւ քանդում «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-ի հայերէն տառերը, Արցախի Հանրապետութեան խորհրդանիշ համարւող «Տատիկ-պապիկ»-ի յուշարձանի վրայ Ադրբեջանի դրօշն են փակցնում եւ…

Եթէ չկանխենք գործընթացն այսօր, ապա մի քանի տասնամեակ անց «քաղաքակիրթ աշխարհը» ոչ միայն չի յիշի Արցախի հայկական պատկանելիութեան մասին, այլեւ Հայ ժողովրդի հազարամեայ անցեալը կը մատնւի աղաւաղումի:

Ադրբեջանի հերթական վանդալիզմին զուգահեռ՝ Հայաստանի ներկայ ապազգային իշխանութիւնն եւս դպրոցական դասագրքերում փոփոխութիւն մտցնելով խեղաթիւրում է «հայոց պատմութիւնը» վերագրելով «առասպելի», վերացնում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական դարաշրջանը եւ «խաղաղութեան դարաշրջան, խաղաղութեան խաչմերուկ եւ…» նման շինծու եւ աւերիչ բառակապակցութիւններով ինքնակամ իրականացնում է Հայ ժողովրդի արիւնարբու թշնամու երազանքը:

Սա լուրջ մարտահրաւէր է հայ ժողովրդի համար, մէկտեղելով իր բոլոր ջանքերը՝ կանխելու հայկական քաղաքակրթութեան դէմ հերթական մշակութային ցեղասպանութիւնն, այս անգամ՝ Արցախում: Պէտք է ծրագրաւորւած ու նպատակային կերպով ստիպել ՄԱԿ-ի մասնագիտացւած կառոյցներին եւ միջազգային համապատասխան կազմակերպութիւններին, գործնական յստակ քայլեր ձեռկնարկել՝ 2020 թւականից ի վեր ադրբեջանցիների կողմից Արցախում ծաւալւած մշակութային ցեղասպանութիւնը կանխելու համար:

Սա ողջ հայութեան համար ոչ պակաս օրակարգային առաջնահերթութիւն է, պայքար ընդդէմ բարբարոս վանդալիզմին, եթէ, իհարկէ, ցանկանում ենք մի օր վերադարձնել Արցախը:

ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ
10.11.2023
Թեհրան

Առնչւող Յօդւածներ

Back to top button