Հայաստան - ԱրցախՄշակութային

Շուշիի գորգերի ոդիսականը շարունակւում է. Արցախում ադրբեջանական ոչնչացումից փրկւելով՝ Հայաստանում հիմնական տեղ չեն տրամադրում

2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշիի թանգարանի տնօրէն Վարդան Ասծատրեանը կարողացաւ ադրբեջանական ոչնչացումից փրկել թանգարանի գորգերն ու խեցեգործական իրերը։ Այդ նմուշները տեղափոխւեցին Հայաստան, սակայն մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որեւէ տարածք չի տրամադրւում՝ գորգերը մի թանգարանից տեղափոխւում են մէկ այլ թանգարան, մի տարածքից՝ մէկ այլ տարածք։

168.am-ի հետ զրոյցում Վարդան Ասծատրեանն ասաց, որ Շուշիի գորգերի հետագայ ճակատագիրը դեռ անորոշ է, չի յաջողւում ընդհանուր յայտարարի գալ ԿԳՄՍ նախարարութեան հետ, թէպէտ ինքը փորձում է պետական գերատեսչութեան հետ կառուցողական առաջարկներ ներկայացնել ու աշխատել։ Ասում է՝ այս ամէնը տեսնում են նաեւ հարեւան երկրներում, ամօթ է, եւ դրա համար էլ փորձում է այնպիսի պահւածք դրսեւորել, որ աղմուկը շատ մեծ չլինի։

«Գորգերի պահպանման ու դրանք որեւէ վայրում պահելու մասին իմ պատկերացումներն ուրիշ են, նախարարութեանը՝ ուրիշ։ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրէդ Քոչարեանն իր մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Շուշիի գորգերը մասնաւոր են, պետական հոգածութեան տակ տեղ չունեն։ Կրկնում եմ՝ ոլորտի պատասխանատուն ասել է, որ Շուշիի թանգարանի հաւաքածուն մասնաւոր է, հետեւաբար՝ ԿԳՄՍՆ-ն դրա հետ կապ չունի։ Ես էլ պատասխանել եմ, որ ոլորտի պատասխանատուն պէտք է իմանայ, որ աշխարհի յայտնի թանգարանները ստեղծւել են մասնաւոր հաւաքածուների հիման վրայ, եւ Հայաստանի պատմութեան թանգարանը, Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանը, եւ այլն։ Զարմանում եմ, որ ոլորտի պատասխանատուն այդ թեմային չի տիրապետում»,- նշեց Վարդան Ասծատրեանը։

Գորգերը պահւում էին Վանաձորի թանգարանում, որտեղ, ըստ մեր զրուցակցի, պէտք է յունւարին տեղի ունենար խեցեղէնի ցուցադրութիւն։ Վարդան Ասծատրեանն անակնկալի է եկել, երբ իրեն Վանաձորից զանգել եւ ասել են, թէ պէտք է հանի գորգերը։ Նախատեսւած էր, որ այս շաբաթ պէտք է այնտեղ տեղափոխէր նաեւ Շուշիի թանգարանի խեցեղէնը՝ ցուցադրութեան համար։

«Ինձ ասացին, որ վարչակազմից են յանձնարարել, որպէսզի գորգերը հանենք։

Շուշի թանգարանի փրկւած գորգերը թւագրւում են 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբ։ Փրկւել է 170 գորգ, 30-ից աւելի խեցեղէն՝ թւագրւող Ն.Ք.։

Ալիեւը Շուշին օկուպացնելուց յետոյ, երբ հայկական գորգեր է նւիրում մերձաւորներին, դրանք նոր գործած գորգեր են, պարզապէս հայկական վիշապագորգերի կրկնօրինակներ են»,-յաւելեց Վարդան Ասծատրեանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակի մասին բոլորն էլ տեղեակ են, մասնաւորապէս, հայաստանեան բոլոր հիմնադրամները, սակայն որեւէ տեղից որեւէ արձագանգ չկայ։

«Ես հիմա ամէն ինչ անում եմ, որպէսզի այդ գորգերը չվնասւեն։ Վանաձորի թանգարանում ինձ շատ են օգնել, բոլոր գորգերը համարակալել են, լուսանկարներ են արել, փոքր կատալոգ արել, դրա համար շատ շնորհակալ եմ թանգարանի աշխատակիցներին։ Քանի որ Ալֆրէդ Քոչարեանն ասել էր, որ գորգերին պետական հոգածութիւն չի լինելու, ես գորգերը վերցրել ու տարել եմ մասնաւոր հատւած, թէ որտեղ, այս պահին չեմ կարող բարձրաձայնել։ Երեք տարի է՝ գորգերը պահում էի պետական տարբեր թանգարաններում՝ ի պահ էր տւած եւ ցուցադրւել է։

Այստեղ ամբողջ խնդիրը մասնաւորի կարգավիճակն է, դա տեխնիկական բնոյթ է կրում, ցանկացած թանգարանում կարեւորը բովանդակութիւնն է։ Իսկ սա ակնյայտ փաստ էր, Շուշիում 10 տարի թանգարանը գործել է, աշխարհում յայտնի էր։ Դրա համար եմ զարմանում, թէ ինչո՞ւ է ոլորտի պատասխանատուն նման յայտարարութիւն արել։ Գուցէ հասկանան, որ սա ճիշտ պատճառաբանութիւն չէ, այստեղ կարեւորը գորգերն են, որը հայ ժողովրդի պատմամշակութային արժէքներից է, որի սկզբնաղբիւրները յստակ են, ամենակարեւորը՝ յայտնի էր, թէ որ գիւղերից են»,- շեշտեց Վարդան Ասծատրեանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ եթէ լինեն կառուցողական առաջարկներ, ապա պատրաստ է այդ գորգերը ցուցադրել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ արտերկրում դրանց ցուցադրումը լաւ տեղեկատւական առիթ է՝ Արցախի մասին պատմելու համար։

Առնչւող Յօդւածներ

Back to top button