Հայաստան - ԱրցախՄշակութային

Գագիկ Գիւրջեան. «Արցախի ժառանգութիւնը փրկելու համար միջազգային հարթակներում լուրջ քայլեր են պէտք. մեզ մօտ պետութիւն եւ հ/կ համագործակցութիւնը կաղում է»

Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան միջազգային կազմակերպութիւնն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատւածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը յայտնի է՝ որպէս Երեւանեան դարպասների մօտի գերեզմանոց։

Ծառերի միջեւ կայ առնւազն 78 տապանաքար հայերէն տապանագրերով, որոնք թւագրւում են 1802-1913 թւականներին։ Դեռեւս յայտնի չէ, թէ դրանցից քանիսն են վնասւել։

Այս ամենից զատ, Ադրբեջանն Արցախն ամբողջութեամբ օկուպացնելուց յետոյ շարունակում է ոչնչացնել հայկական պատմամշակութային յուշակոթողները, եկեղեցիների վրայից հեռացնում է բոլոր խաչերը, մաքրում հայկական արձանագրութիւնները։ Նպատակն է՝ Արցախից իսպառ վերացնել հայկական հետքը: 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանը թոյլ չի տալիս ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել Արցախ՝ տեղում ծանօթանալու յուշարձանների վիճակին։

168.am-ի հետ զրոյցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Յուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտէ) գործադիր տնօրէն Գագիկ Գիւրջեանն անդրադարձաւ Արցախում ադրբեջանական մշակութային վանդալիզմին, ինչպէս նաեւ հայկական կողմից իրականացւող անհրաժեշտ քայլերին: Նրա փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպութիւնները մշտապէս բարձրացնում են այս խնդիրը միջազգային հարթակներում։ Աւելին՝ Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի վրայ ճանապարհ կառուցելու Ադրբեջանի վանդալիզմի մասին կրկին ի լուր աշխարհի բարձրաձայնել են։

«Հասարակական կազմակերպութիւնների կողմից բարձրացւած հարցերին պէտք է մեր Արտաքին գործերի նախարարութիւնը, ԻՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, այդ խնդիրներին լուծում տայ։

Հիմա, օրինակ, ԻԿՕՄՈՍ-ը, որը ԻՒՆԵՍԿՕ-ի խորհրդատւական օրգանն է, եւ որի ազգային կոմիտէն մենք ենք, հարց ենք բարձրացնում՝ Արցախի պատմամշակութային ժառանգութեան հետ կապւած խնդիրների վերաբերեալ։ Կոչն արդէն հնչել է, ԻԿՕՄՈՍ-ն ունի եւրոպական մասնաճիւղ եւ Եւրոխորհրդում այդ խնդրի մասին բարձրաձայնել է։ Եւրոխորհրդից էլ կոչ են արել, որ սա դարձնենք պաշտօնական փաստաթուղթ։ Հիմա մենք՝ որպէս հ/կ, դիմում ենք, բայց յղում ենք անում մեր ԱԳՆ-ի կողմից ԻՒՆԵՍԿՕ-ին բարձրացւած հարցին»,- նշեց Գագիկ Գիւրջեանը։

Ըստ նրա՝ խնդիրն այնպէս են բարձրացրել, որ Արցախ ուղարկւի մոնիտորինգային խումբ, որպէսզի տեղում ծանօթանան, որովհետեւ աւելի լաւ է մէկ անգամ տեսնեն, քան հարիւր անգամ լսեն։

«Նման հարցերում մեզ մօտ պետութիւն եւ հ/կ համագործակցութիւնը կաղում է։ Դրական արդիւնք ունենալու համար պէտք է ակտիւացւի պետական կառոյցներ-հասարակական կազմակերպութիւններ համատեղ գործելու պրոցեսը։ Որքան էլ հասարակական կազմակերպութիւնները խնդրի մասին բարձրաձայնեն, միեւնոյն է, ԻՒՆԵՍԿՕ-ն, որը ՄԱԿ ստորաբաժանում է, աւելի շատ ապաւինում է պետական աղբիւրներին։ Կրկնում եմ՝ որպէսզի միջազգային կառոյցների կողմից լուրջ քայլեր ձեռնարկւեն, անհրաժեշտ է պետական կառոյց-հ/կ սերտ համագործակցութիւն»,- յաւելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդեօք միջազգային կառոյցներին առհասարակ հետաքրքրո՞ւմ է Արցախի պատմամշակութային յուշակոթողների ճակատագիրը, եւ այդ խնդիրներին ինչպէ՞ս են արձագանգում, Գագիկ Գիւրջեանը պատասխանեց՝ ամէն ինչ պայմանաւորւած է այն հանգամանքով, թէ որտեղ է բարձրաձայնւում խնդիրը։

Օրինակ, 1,5 ամիս առաջ Սիդնէում տեղի ունեցած ԻԿՕՄՈՍ-ի գլխաւոր ասամբլեան, որտեղ հայկական կողմն առաջ է քաշել հարցադրում՝ ուխտագնացութիւններ իրականացնել Արցախի Հանրապետութեան պատմամշակութային վայրեր, եւ մասնաւորապէս նշւել են Դադիվանքն ու Ամարասը, որոնք մինչեւ ադրբեջանական օկուպացիան եղել են ուխտագնացութեան ակտիւ վայրեր։

«Այս ամէնը դրական արձագանգ էր ունեցել, միջազգային ԻԿՕՄՈՍ-ի նախագահն առաջարկել էր, որպէսզի դիմենք «Կապոյտ վահան» միջազգային կազմակերպութեանը, դիմել ենք, որպէսզի ճանաչեն աշխարհի 7 վտանգւած ժառանգութեան մաս»,- շեշտեց Գ. Գիւրջեանը։

ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների՝ Արցախի Հանրապետութիւն հնարաւոր այցի մասին էլ Գագիկ Գիւրջեանը մտավախութիւն յայտնեց, որ եթէ նրանք պէտք է Արցախ մտնեն Ադրբեջանով, ապա ադրբեջանցիները տեղում նրանց իրենց կեղծ թէզերով կը նախապատրաստեն։

«Գանձասարը կամ միւս եկեղեցիներն Ադրբեջանը համարում է ուդիական կամ աղւանական, այս թէզը նրանք կը սրսկեն ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին։ Ամէն ինչ կախւած է նրանից, թէ ինչ կազմով ու ինչ մակարդակով կը լինի այդ այցը։ Եթէ պէտք է տանեն ու ներկայացնեն, թէ դրանք ուդիական են, ապա վստահ եմ՝ կը համոզեն, դրա համար լուրջ մասնագէտներ պէտք է այցելեն»,- եզրափակեց Գագիկ Գիւրջեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button