Խմբագրական

Եւ եղաւ լոյս, յաւերժական լոյս

Այսօր յունւարի 24-ն է, Պարոյր Սեւակի ծննդեան օրը: Հայ գրականութեան ամենաբարձր եւ անհաս գագաթներից մէկն այսօր դարձաւ 100 տարեկան:

Պարոյր Սեւակը յիրաւի դարձել է 1950-60-ական թւականների հայ պոէզիայի տիրակալը, որն ինչպէս գրականագէտ Դաւիթ Գասպարեանն է ասում, իր մէջ համատեղել է «հայ եւ համաշխարհային պոէզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դէպի գրականութեան յաւերժական անյայտը, որը մարդն է՝ իմանալի-բացայայտւած, բայց առաւել չափով անիմանալի-չբացայայտւած՝ իր ոգեղէն անսպառ գոյութեամբ»:

Սեւակի ստեղծագործութիւնների շնորհիւ իրար յաջորդող մի քանի սերունդների մօտ ձեւաւորւել եւ զարգացել է ազգային մտածողութեան մի այնպիսի արժեհամակարգ, որի հիմքում ընկած են բարոյական, հոգեւոր, իմացական, ազգային, մշակութային եւ գեղագիտական արժէքներ: Արժեհամակարգ, որի շնորհիւ արմատաւորւել են այնպիսի վեհ գաղափարներ, ինչպիսիք են սէրը հայրենիքի, ազգի, ընտանիքի եւ անսահման ազատութեան նկատմամբ:

Սեւակը մեծ ու բարդ, չափազանց մեծ ու բարդ երեւոյթ է, ինչն էլ նրա իւրաքանչիւր տառը, բառը, յանգը, տողն ու ստեղծագործութիւնը վերածում է նոյնպիսի խոշորագոյն եւ բարդ երեւոյթի, որն անհրաժեշտ է դիտել սեւակեան անհասանելի թռիչքների, անյատակ սուզումների եւ, մանաւանդ, նրա խոհափիլիսոփայական մտածողութեան անեզր տիեզերականութեան մէջ:

Սեւակին ընկալելու համար պէտք է լինել մարդ: Ազգային հոգեկերտւածքով, մտածող եւ ցաւող մարդ, Սեւակի «ԱՓԻ ՄԷՋ» տեղաւորւող մարդ: Պէտք է չլինել խուլ, լսելու համար նրա «ՉԼՌՈՂ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ» յաւիտենական ղօղանջը: Պէտք է հոգում կրել գոնէ մի քիչ լոյս, հէնց այն լոյսից, որը «ԵՂԱՒ նրա հոգում»:

Սեւակին հասկանալու համար պէտք է տարբերւող լինել: Շարժւել հոսանքին հակառակ: Չտրւել ամբոխայինին, կառչել արժէքայինից ու սկզբունքներից, խորշել միջակութիւնից, մերժել պարզունակը, հարթն ու հեշտ տրւողը: Սրանք պարտադիր պայմաններ են, քանի որ Սեւակն ինքն էր այդպիսին, ով քայլեց ու գնաց «խիզախման ճանապարհով՝ յանուն դժւարի ու բարդի ժխտելով հեշտն ու պարզը, գոհութեան կողքին դնելով մեծ դժգոհութիւնը, համակերպութեանը հակադրելով ընդդիմութիւնը, անտարբերութեանը՝ վառւող հոգին» (մէջբերումը՝ Դաւիթ Գասպարեանից):

Եւ վերջապէս՝ խաւարի մեր օրերում, երբ հայոց աշխարհում տիրողը Նեռի չարապետութիւնն է, իսկ երկնակամարում սաւառնողները՝ դժոխքի «հրեշտակները», երբ հակարէժքը դարձել է արժէք, իսկ արժէքայինը՝ առ ոչինչ, երբ հոգեղէնը մերժւած է, իսկ նիւթականը՝ անասնականը՝ առաջնային, երբ իրական հաւատքը փորձում են փոխարինել ոսկէ հորթի պաշտամունքով, երբ մարդուն պարպում են ինքնութիւնից ու նկարագրից, փշրում են նրա ողնաշարը, մեզ առաւել քան երբեւէ անհրաժեշտ է սեւակեան անապակ կաթնաղբիւրից մի ումպ խիզախում, մի կում սկզբունքայնութիւն, եւ մի քանի կաթիլ հոգեղէն հաւատք՝ ինքներս մեզ կրկին հաւատալու, մեր եսը վերականգնելու համար:

Սա պէտք է դառնայ խաւարը քշող, չարը խափանող մեր թալիսմանը: Դէպի դրախտ վերադարձի մեր ուղին լուսաւորող փարոսը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button