Հայաստան - ԱրցախՄշակութային

Հայկ Ղազարեան. «Ոչ մէկն իր տեղում չէ. բոլորը սկսել են Արցախ նկարել, բայց Արցախի համար մատը մատին չտւեցին»

Քաղաքականութիւնն ու արւեստը շատ արւեստագէտներ փորձում են տարանջատել, բայց 37-ամեայ նկարիչ Հայկ Ղազարեանն իր արւեստում միաւորում է այս երկու բեւեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արւեստն ազդեցիկ է եւ կարող է երկխօսել մարդու հետ, մարտահրաւէր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողութիւնների ընթացքը:

Հայկ Ղազարեանը ծնւել է արւեստագէտի ընտանիքում. նրան վրձին բռնել է սովորեցրել հայրը՝ նկարիչ Մելիք Ղազարեանը:

«Նկարել եմ մանկուց: Պրոֆեսիոնալ ուղին սկսել եմ Թերլեմեզեանի անւան գեղարւեստի պետական կոլէջից, ապա նաեւ՝ Մանկավարժական համալսարանի Գեղարւեստի ֆակուլտետը: Մինչ այդ՝ արդէն հօրս շնորհիւ լիարժէք նկարել գիտէի, տիրապետում էի տեխնիկային: Մանկավարժական համալսարանում 2-րդ կուրսում ուսումս կիսատ եմ թողել ու զօրակոչւել ՀՀ ԶՈՒ: 2 տարի անց վերադարձել ու շարունակել եմ կրթութիւնս»,- 168.am-ի հետ զրոյցում պատմել է Հայկ Ղազարեանը:

Նա նկատել է, որ համալսարանն աւարտելուց յետոյ շատ չի նկարել ու միայն 2018 թւականի յայտնի իրադարձութիւններից յետոյ է հասկացել, որ իր արւեստով պարտաւոր է մարդկանց հետ խօսել:

2018 թւականին նկարել եմ Նիկոլ Փաշինեանի արհաւիրքը

«Մինչեւ 2018 թւականը ե՛ւ Հայաստանն էր ուրիշ, ե՛ւ ես էի ուրիշ, ե՛ւ նկարներս, բայց «յեղափոխութիւնից յետոյ» նկարեցի այն, ինչ տեսայ: Հէնց 2018 թւականի յունիսին եմ նկարել կարեւորագոյն նկարներիցս մէկը, որում պատկերել եմ Նիկոլ Փաշինեանի արհաւիրքը: Նկարում պատկերածն այսօր արդէն, ցաւօք, տեղի ունեցաւ. այդ նկարում Նիկոլ Փաշինեանին մուրճով եմ պատկերել, ու նա այդ մուրճով քաղաքացիների առաջ կանգնեց 2021 թւականին, նաեւ Արցախի կորուստն է այդ նկարում պատկերւած, Եռաբլուրի շատացած տապանաքարերը, Արցախի նախագահների գերեվարումը…:

2018 թւականի յուլիսի կէսերին հրապարակել եմ այն, ու դրա պատճառով իմ շրջապատում շատ մարդիկ դադարեցրին ինձ հետ շփումը, քանի որ Նիկոլ Փաշինեանին համարում էին փրկիչ, Քրիստոս, բայց ես գիտէի, որ դա այդպէս չէ»,- պատմել է նկարիչը:

Հայկ Ղազարեանն այսօր էլ շարունակում է իր արւեստով անդրադառնալ քաղաքական տարբեր իրողութիւնների: Թէ ինչպէս են ծնւում այդ նկար-կանխատեսումները՝ հարցին նկարչի արձագանգը հակիրճ էր. «Կանգնում եմ կտաւի առաջ, այդ նկարները գալիս են»:

Արւեստագէտը թէեւ Հայաստանի համար պայծառ ապագայ է նկարել, բայց չի շտապում հրապարակել, որովհետեւ պայքարող տեսակների պակասից յուսահատւած է:

«Ոչ մէկն իր տեղում չէ: ՀՀ-ում ապրող ոչ մի հայ պատրաստ չէ դիմադրելու, մարդիկ համախմբման համար սպասում են առաջնորդի. ես իմ երեխային փրկելու համար ո՞ր առաջնորդի խօսքին պէտք է սպասեմ: Ես իմ արւեստով փորձում եմ խօսել ու բացատրել մարդկանց,- յաւելել է նա, ապա դիմել նախ արւեստագէտներին, ապա նաեւ մեր կողքին ապրող մարդկանց,- նախ հեռանալու կոչով դիմում եմ այն արւեստագէտներին, որոնք միշտ սպասել են, թէ ով կը գայ իշխանութեան, որ գնան նրանց մօտ ինչ-ինչ բաներ խնդրելու. թող բարի լինեն յետ քաշւեն ու ճանապարհ տան երիտասարդներին, քանի որ նրանք եւս այս երկրի կործանման հիմքում են կանգնած: Նրանք ոչինչ չարեցին, ոչինչ չփոխանցեցին մարդկանց, իսկ նկարիչն Աստծոյ խօսքը փոխանցողն է, պատկերողն է նրա, ինչն ուրիշներին տեսանելի չէ: Մասիս նկարելով՝ արւեստագէտ չեն դառնում, հիմա էլ սկսել են բոլորն Արցախը նկարել, բայց Արցախի համար մատը մատին չտւեցին:

Իսկ ազգին ուզում եմ յիշեցնել, որ պէտք չէ ծառայամտօրէն վերաբերւել փողկապ կրող մարդկանց, քանի որ ցանկացած քաղծառայող հանրութեանը ծառայելու համար է, եւ ոչ թէ՝ հակառակը, ուզում եմ ասել, որ հերիք է սպասեն, որ ինչ-որ մէկն իրենց փոխարէն որոշում պէտք է կայացնի, որ գոլդ համարներով իրենց կանանց ու երեխաներին չեն փրկի»:

Հայկ Ղազարեանն իր արւեստը համարում է հայելի, որում երեւոյթներն ու մարդիկ արտացոլւում են մարդկային ընկալումների համեմատ, եւ յոյս ունի, որ մի օր իր նկարներում արեւոտ սպասումներն աւելի շատ կը լինեն:

Առնչւող Յօդւածներ

Back to top button