Իրան

Թաւրիզում Թուրքիայի հիւպատոսութեան «ապասրբականացումը»

«ԱԼԻՔ» – X-ում քաղաքական ենթատեքստ ունեցող պարսկագիրների շրջանակներում լայն տարածում են գտել Թաւրիզում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց տեղի ունեցած բողոքի ցոյցի մասին լուսանկարներն ու տեսանիւթերը, որտեղ ցուցարարները Անկարայի ու Բաքւի նախագահների երգիծանկարով պաստառները պարզած դատապարտելի են համարում Իսրայէլի հետ այդ երկուսի կնքած գործարքները:

Էհսան Մովահեդեանն իր հրապարակած թւիթում նշել է. «Այն բանից յետոյ, երբ երկու երկրների հիւպատոսութեան դիմաց Բաքւի եւ Թուրքիայի կողմից Իսրայէլ նաւթի արտահանման դէմ ուղղւած բազմաթիւ հասարակական հաւաքներ ու բողոքի ցոյցեր են չեղարկւել, կամ տեղափոխւել այլ վայր, վերջապէս ականատեսը եղանք թաւրիզցի երիտասարդների ինքնաբուխ ներկայութեանը թուրքական հիւպատոսութեան դիմաց»։

Փորձագէտը յաւելել է, որ կարգախօսները պտտւում էին Բաքւի եւ Թուրքիայի կողմից օկուպացւած տարածքներ նաւթի արտահանման եւ Իսրայէլի յանցագործութիւնների դատապարտման շուրջ։

Մէկ այլ գրառմամբ է հանդէս եկել «Կովկասի ձայն» տելեգրամեան ալիքը. «…Կարծես թէ վերացել է Թաւրիզում Թուրքիայի հիւպատոսութեան սրբութիւնը, եւ դրա դէմ բողոքի ցոյց է տեղի ունենում, փառք Աստծոյ»։

Աղբիւրը յաւելել է, որ հանրահաւաքի աւարտին ոստիկանների միջամտութեամբ ուսանողների ներկայութիւնը դառն աւարտ է ունեցել:

Մեկնաբանութիւնների բաժնում քիչ չեն այն օգտատէրերը, ովքեր նշել են, որ սպասում են Բաքւի հիւպատոսութեան դիմաց հաւաքին՝ որպէս սիոնիստներին նաւթի արտահանման աղբիւր, ինչը կարող է լինել նաեւ Իրանում ուսանողական շարժման վերածնունդը՝ օրհնւած պաղեստինցի նահատակների հոգիներով։

«Կովկասի ձայն» ալիքը նշելով, որ արդար պահանջատիրութեան փոխարէն որդեգրած լռութիւնն ու պասիւութիւնը հաստատ բերելու է նոր կորուստների ու յանգեցնելու է նահանջների, յիշեցման կարգով յաւելել է. «Կարծես երէկ լինէր, երբ Խաթամին վերադարձաւ Բաքւից ու շրջաբերական ուղարկեց մամուլին, որում ասւում էր, որ մենք այլեւս չպէտք է օգտագործենք «Մազանդարան ծով» կամ «Կասպից» (Կասպից ծով) պատմական անւանումը: Քոչւոր այդ խազարականներին յաջողւեց մեզ թելադրել իրենցը: Հիւսիսկովկասեան այդ թաթարները մեզ ընդունել տւին, որ իրանցիներին սպանդի ենթարկած այդ քոչւորների անունով կոչենք մեր պատմական ջրերը»:

Մեր պաշտօնեաններից ոմանց անժամանակ յայտարարութիւնները կամ լռութիւնը ինքնին կարող է չարիք բերել մեր ազգային շահերին:

«Իրանական քաղաքակրթութեան տիրոյթ կոչւող այս տարածաշրջանում, յատկապէս Ադրբեջանի Հանրապետութիւն կոչւող երկրում փորձ է արւում «զտումների» ծրագրի միջոցով ջնջել իրանական պատմական հետքերը տեղացիների լեզւից ու աւանդոյթներից: Նոյն կապակցութեամբ վերջերս YouTube-ում արգելափակւեցին պարսկերէն լեզուն Բաքւի երեխաներին ուսուցանող մի քանի օգտահաշիւներ: Hosseinion-ը այս ալիքներով պարսկերէնի ուսուցման հետաքրքիր մեթոդ էր իրականացնում»,- նշել է «Կովկասի ձայն» ալիքը:

«Գազայում պատերազմի սկսւելուն պէս YouTube-ը փակեց Hosseinion-ի բոլոր հաշիւները, առանց որեւէ պատճառ նշելու կամ արդարացման: Սակայն անմիջապէս տեղի ունեցաւ մի հետաքրքիր բան: Շատ օգտատէրեր ինքնաբուխ կերպով դարձան Hosseinion-ի ձայնն այս հարթակում»,- յաւելել է ալիքը:

Տելեգրամային այդ ալիքի ադմին՝ դոկտ. Մոհամմադ Մոթլաղը յաւելել է. «Չմոռանանք, որ Իսրայէլի մարտական ​​մեքենային վառելիք մատակարարելու Բաքւի պատմութեան մասին առաջին անգամ բարձրաձայնել է Hosseinion-ը»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button