Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իր երկիրն ու ժողովրդին չպաշտպանող ղեկավարն անընդունելի է

«Հրապարակ» զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը յայտարարեց, որ իրենք բոլոր հնարաւոր միջոցներով Արցախին կաջակցեն, սակայն արդիւնքը տեսնում ենք՝ հերթական ռազմական ագրեսիա, բռնագաղթ։ Այժմ էլ խոստանում է օգնել Հայաստանին։ Հնարաւո՞ր է, որ այս յայտարարութիւններն էլ սոսկ յայտարարութիւն մնան։

– Մենք ճնշում գործադրեցինք նախագահ Մակրոնի վրայ, քանի որ մեր յարաբերութիւններն ուղիղ են, եւ մենք բանակցեցինք Ֆրանսիայի հետ, որ Ֆրանսիայի դիրքորոշումը միջազգային հանրութեան մօտ լինի պրոհայկական եւ պրոարցախեան։ Յաջողեցինք, որովհետեւ գիտէք, որ Ֆրանսիան մի քանի անգամ պահանջեց, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն օրակարգում ներառի Արցախի հարցը, եւ երկու անգամ տեղի ունեցաւ այդ նիստը։ Ֆրանսիայի դիրքորոշումը շատ դրական է եւ այդ դիրքորոշումն էր, որ մենք սպասում էինք։ Ֆրանսիան միայնակ է միջազգային հանրութեան, յատկապէս Եւրոպայի մէջ միայնակ է, որովհետեւ թուրքական եւ ադրբեջանական լաբբին շատ լուրջ աշխատում է։ Ֆրանսիան փորձում է իր շուրջը հաւաքել մի շարք դաշնակից երկրների, որպէսզի կարողանայ աւելի հեռուն գնալ։ Ուրեմն փաստենք, որ Ֆրանսիան պրոհայկական է, մենակ է, հետեւաբար, չի կարող ՄԱԿ-ի կամ միջազգային հանրութեան վրայ մեծ ազդեցութիւն ունենալ՝ դժբախտաբար։

Իսկ Ֆրանսիան կարո՞ղ է, որպէս բարեկամ երկիր, Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառել։

– Կարող է լինել․ կախւած է այն հանգամանքից, թէ Ադրբեջանը մինչեւ ուր կը գնայ։ Այսինքն՝ եթէ իսկապէս Ադրբեջանը վռնդի հայութեանն Արցախից, եթէ Ադրբեջանը կոտորած անի հայ բնակչութեան դէմ, ապա նրա դէմ պատժամիջոցներ կը կիրառի եւ յետ կուղարկի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին Բաքու, քայլեր կը կարողանայ ձեռնարկել, եթէ Ադրբեջանը շատ հեռուն գնայ։

Դուք հաւատո՞ւմ էք, որ Ֆրանսիան իսկապէս այդ քայլերին կը գնայ։ Էլ չեմ ասում՝ կոտորածից յետոյ նման քայլերն ի՞նչ իմաստ ունեն։

– Այդ քայլերին կարող է գնալ, եթէ, ինչպէս ասացի, Ադրբեջանը շատ հեռուն գնայ։ Եթէ դա պատահի, մենք հաւատում ենք, որ Ֆրանսիան կարող է այդ քայլերին դիմել։

Արցախում ռազմական ագրեսիայի արդիւնքում զոհերի մէջ կան երեխաներ, քաղաքացիական անձինք, կանայք, հարիւրաւոր անհետ կորած մարդիկ։ Հիմա բռնագաղթ է տեղի ունենում։ Դա բաւարար հիմք չէ՞ր՝ այդ քայլերին դիմելու համար։

– Դուք պիտի հասկանաք՝ երբ մենք պահանջում ենք Ֆրանսիայից այս լուրջ քայլերը ձեռնարկել, Ֆրանսիան ասում է՝ կանենք, բայց Հայաստանն ինքը չի անում։ Այսինքն՝ Հայաստանը չի պաշտպանում Արցախը, այլեւ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ չի պաշտպանելու Արցախը, եւ կարծես թէ Փաշինեանը հպարտ է, որ Հայաստանը չի պաշտպանելու Արցախը։ Ուրեմն, երբ որ մենք աշխատում ենք Սփիւռքի մէջ՝ ի նպաստ Արցախի, եւ երբ որ 44-օրեայ պատերազմի ժամանակ մեզ ասում են՝ ինչո՞ւ էք մեզնից պահանջում, որ ճանաչենք Արցախի Հանրապետութիւնը, այն դէպքում, երբ ՀՀ-ն՝ ինքը, մերժում է ճանաչել։ Հիմա, երբ ասում են՝ օգնէք Արցախին, ասում ենք՝ օգնենք, բայց ինչի՞ էք մեզ ասում, երբ Հայաստանը՝ ինքը, մերժում է օգնել Արցախին։ Մենք լուրջ պրոբլեմ ունենք, դուք լուրջ պրոբլեմ ունէք Հայաստանում։ Պահելով այս ղեկավարութիւնը՝ ոչ միայն Արցախը կը թաղւի․ Արցախից յետոյ Հայաստանի հերթն է գալու։ Գիտէ՞ք ինչու․ որովհետեւ Ալիեւը յայտարարեց, որ Հայաստանի հերթը պիտի գայ, եւ երբ Ալիեւը խօսում է Հայաստանի մասին, խօսում է Արեւմտեան Ադրբեջանի մասին։ Ուրեմն, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը պիտի ուշադրութիւն դարձնի այս հանգամանքին՝ Արցախի հարցը չէ միայն։ Այս կառավարութիւնը, որ չի պաշտպանում Հայաստանն ու հայ ընտանիքներին, չի պաշտպանի, եթէ Ադրբեջանը մտնի Հայաստան։ Դուք այս մասին պիտի մտածէք ու գետնի վրայ քննարկում կազմակերպէք՝ հարցնելով, թէ ինչին է ծառայում Փաշինեանի կառավարութիւնը, եթէ չի պաշտպանում Հայաստանը։ Կառավարութեան առաջին պարտականութիւնն է՝ պաշտպանել իր ժողովուրդն ու իր սահմանները, չի պաշտպանում սահմանները՝ չի պաշտպանի ժողովրդին։

Սփիւռքի հնարաւորութիւններն ինչպիսի՞ն են՝ Հայաստանում այդ դիսկուրսը զարգացնելու համար։ Սփիւռքը կարո՞ղ է ազդել ներհայաստանեան գործընթացների վրայ։

– Սփիւռքը յայտարարեց իր հակասութեան մասին, Փաշինեանի կառավարութեանն ընդդիմանալու մասին, բայց երբ որ շատ յայտարարութիւններ ենք անում, արգելում են մեր մուտքը Հայաստան։ Այս «ժողովրդավարական եւ ազատ» կառավարութիւնները, իշխանութիւններն ընդդիմութեանը չեն սիրում։ Սակայն պէտք է շարունակել, քանի որ բոլորս էլ նոյն ազգին ենք պատկանում, եւ մեր ազգը պէտք է միաձայն խօսի։ Այսօր դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել, դրա համար պէտք է արթնանալ, մանաւանդ Հայաստանի ժողովուրդը պէտք է արթնանայ։

Իսկ Արցախի հա՞րցը․․․ շատերն ասում են, որ Արցախն այլեւս կորսւած է մեզ համար։

– Դժւար է հիմա պատասխանել այդ հարցին, քանի որ շատ զգայուն հարց է, պէտք է մի քիչ սպասենք՝ անպատասխանատու յայտարարութիւններ չեմ ուզում անել։

Հայաստանը որքա՞ն ժամանակ ունի՝ իշխանութիւն փոխելու եւ քայլեր ձեռնարկելու համար։

– Արագ պիտի անէք, որովհետեւ վաղն ուշ կը լինի։ Արագ։ Նոյնիսկ մեր դաշնակից երկրներն անհանգիստ են։ Մոլդովայում ժողովը, որ տեղի ունեցաւ, երբ Մակրոն, Փաշինեան, Շոլց, Ալիեւ, Շառլ Միշէլ հանդիպումը եղաւ, Ալիեւը շատ ուժեղ էր, Շառլ Միշէլը զորավիգ էր Ալիեւին, Փաշինեանը լուռ էր, եւ միայն Մակրոնն էր պաշտպանում Հայաստանը։ Ընդունելի չէ մի ղեկավար, որն իր երկիրն ու իր ժողովրդին չի պաշտպանում, չեմ հասկանում, թէ ինչպէս է այդ ժողովուրդը պահում իրեն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button