Հայաստան - Արցախ

Արթուր Խաչատրեան. «ՔՊ-ն Հայաստանի սպառնալիքը տեսնում է ոչ թէ Ադրբեջանից, Թուրքիայից, այլ՝ Հայաստանի քաղաքացիներից»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութիւնը չի փոխի իր դիրքորոշումը եւ դէմ կարտայայտւի 2024 թւականի բիւջէի նախագծին, քանզի այդ բիւջէն իներցիոն է եւ համապատասխան չէ Հայաստանին սպառնացող մարտահրաւէրներին, իսկ Կառավարութեան իրականացրած տնտեսական քաղաքականութիւնը պայմանաւորւած է այս Կառավարութեան կամքից եւ վերահսկողութիւնից դուրս գտնւող գործընթացներով, մասնաւորապէս՝ ռուս-ուկրաինական պատերազմով։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով 2024 թւականի բիւջէի նախագծի հանդէպ իրենց բացասական դիրքորոշման պատճառների մասին, նման տեսակէտ յայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը։

«Օրինակ՝ Պաշտպանութեան նախարարութեան բիւջէն 2024 թւականին այս իշխանութիւնն աւելացնում է ընդամէնը 7 տոկոսով, իսկ ոստիկանութեան բիւջէն՝ 18 տոկոսով։ Այս իշխանութեան այդ քայլը գալիս է փաստելու՝ նրանք Հայաստանին սպառնացող վտանգը տեսնում են ոչ թէ թուրքերից եւ ադրբեջանցիներից, այլ՝ Հայաստանի քաղաքացիներից»,- ասաց Խաչատրեանը՝ Պաշտպանութեան նախարարութեան բիւջէն աննախադէպ ծաւալով բարձրացնելու մասին յայտարարութիւններ արած ՔՊ-ականներին յիշեցնելով՝ 2020 թւականին Հայաստանի բանակի ռազմական պոտենցիալի մեծ մասը կորցրած իշխանութիւնն իրաւունք չունի նման տեմպերով գնալ բանակի զարգացմանը։

«Բանակի հարցում կամաց-կամաց գնալը քիչ է, աւելի լաւ է ոստիկանութեան բիւջէն կրճատի, բայց մեծացնի բանակին յատկացւող գումարները։ Ինչ վերաբերում է հիմնաւորմանը՝ ոստիկանութեան բիւջէն աւելացնելով՝ ՀՀ ներքին կայունութիւնն ապահովելու մասին նրանց ասածներին, ապա հարց է առաջանում՝ եթէ Փաշինեանը ժողովրդի վարչապետն է, Գիւմրիում պեռաշկի ուտելով է քայլում փողոցում, ինչո՞ւ է պահանջում, որ իր տեղաշարժը մի կէտից միւս կէտ ապահովեն հարիւրաւոր ոստիկաններ։ Բա ժողովրդի վարչապետին յարի՞ր է հարիւրաւոր ոստիկաններով շրջելը։ Իրականութիւնն այն է, որ Փաշինեանը հասկանում է՝ իր իշխանութիւնը պահում է ոստիկանութեան միջոցով, դրա համար էլ նրանց բիւջէն այդ ծաւալով աւելացնում է»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը՝ շեշտելով՝ Փաշինեանը խամաճիկային Կառավարութեան ղեկավար է, ուստի ունի անհրաժեշտութիւն հէնց ոստիկանութիւնն ամրապնդելու համար։

Առնչւող Յօդւածներ

Back to top button