Հայաստան - Արցախ

Հոգեբան Արկադի Մեհրաբեան. «2023 թ.-ը պատերազմից յետոյ ժողովրդի մօտ առաջացած ապատիան չբեկեց»

2023 թւականը յագեցած էր իրադարձութիւններով՝ թէ՛ Արցախեան հիմնահարցի ոլորտում, թէ՛ ներքին հասարակական-քաղաքական կեանքում։ Ինչ ազդեցութիւն է թողնում անցնող տարին հայ ժողովրդի հոգեբանութեան եւ հասարակութեան հաւաքական գործելակերպի վրայ։ Panorama.am-ը հոգեթերապեւտ, հոգեբան «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբեանին խնդրեց ամփոփել անցնալ տարին։

Ա. Մեհրաբեան– Անցնող տարում մենք ականատես եղանք Արցախի ժողովրդի նկատմամբ հերթական ագրեսիային եւ հայաթափմանը, ինչը, բնականաբար, բացասաբար ազդեց հայ ժողովրդի հոգեբանութեան վրայ: Ապատիա, հիասթափութիւն, անտարբերութիւն, դրանք աւելի են խորանում, աւելի լայն մասսաներ ընդգրկելով: 30 տարւայ կտրւածքով, եթէ մարդիկ ակտիւութիւն էին ցուցաբերում, փորձում էին ինչ-որ բան փոխել այս երկրում, դրական առաջընթացներ ապահովել եւ տոկոսային յարաբերութեամբ, եթէ նախկինում նրանք 70% էին կազմում, ապա հիմա 3-4% են, ոչ աւել, բալորը՝ բացի ակտիւ քաղաքականութիւնով զբաղւողների, որոնք, միգուցէ, իրենք էլ կեղծ են, ցոյց են տալիս, թէ իբր ուզում են ինչ-որ բան փոխել, ես դրա վրայ էլ եմ կասկածում, մնացած ժողովրդի շրջանում 95-97%-ը ոչ մի առնչութիւն չի ուզում ունենալ: Այդ պատճառով ունենք այս վիճակը:

Panorama.am- Տարեվերջին հայ 32 ռազմագերիների ազատ արձակումը եւ հայ-ադրբեջանական համատեղ յայտարարութիւնը, ինչ-որ բան կը փոխի՞ հասարակութեան կեանքում։

Ա. Մեհրաբեան– Տարւայ վերջում գերիների ազատ արձակումը եւ այդ յայտարարութիւնը, թեթեւ դրւագային կարող է մի փոքր ազդի, ուրիշ ոչ մի բան: Առաւել եւս այդ յայտարարութիւնը ոչինչ չի տալու, մարդիկ այնքան են յոգնել նման յայտարարութիւնները լսելուց: Համեմատութիւնը միգուցէ շատ կոպիտ լինի, բայց այսպէս ասեմ, որ ցայտուն լինի: Ենթադրենք մենք կորցնում ենք հինգ հազար դոլար՝ անիմաստ, կորցնում ենք տունը, քանի որ բանկը վերցրել է մեր ձեռքից, որը ուրիշի համար էինք գրաւ դրել, այդքան էլ մեղաւորութիւն չունէինք, լաւութիւն էինք արել եւ դրա համար պատժւեցինք ու բազմաթիւ փորձանքներ է գալիս մեր գլխին եւ դրա փոխարէն հարեւանը 32 դոլար պարտք է լինում եւ վերադարձնում է: Այն ինչքանո՞վ ուրախութիւն կը պատճառի, միգուցէ մի յոյսի նշոյլ ազդեցութիւն ունենայ, չեմ կարծում, որ այն խոշոր դրական տեղաշարժ կունենայ հոգեվիճակի վրայ՝ որպէս ազդեցութիւն:

Գերիների ընտանիքների, հարազատների, ապրումակցող անձանց մօտ կառաջանան դրական էմոցիաներ, բայց միեւնոյնն է, այն դրւագային է, եթէ դուք հարցնում էք, թէ այն ինչ ֆունդամենտալ ազդեցութիւն կունենայ, ապա՝ ֆունդամենտալ ոչ մի փոփոխութիւն մեր ժողովրդի հոգեվիճակի վրայ չի ունենալու: Գործնականում այն ի՞նչ է փոխում մեր կամ հայրենիքի կեանքում, Արցախից բռնագաղթածների կեանքում, կամ պատերազմում զոհւածների հարազատների կեանքում՝ գրեթէ ոչինչ, զուտ դրւագային լաւ բան: Ասենք ամբողջ տարին մարդիկ բացասական էմոցիաներով ապրեն եւ մի հատիկ, մի օր տօնին ուրախանան, էս ա փոխելու ընդամէնը:

Panorama.am- Որոշ փորձագէտներ վերջին համատեղ յայտարարութեան մէջ տեսան դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հարցում, եթէ այդպէս լինի, այն ինչպէ՞ս կազդի ժողովրդի հոգեբանութեան վրայ, այս համատարած ապատիան կը թուլանա՞յ, որն ցցուն արտայայտւեց Երեւանի քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ։

Ա. Մեհրաբեան– Վերջին ընտրութիւնները ցոյց տւեցին, որ ո՛չ իշխանութիւնը, ո՛չ ընդդիմութիւնը, եւ ո՛չ մէկը չունի ժողովրդի աջակցութիւնը, քանի որ տեսլական էլ չկայ: Ժողովրդին ինչ տեսլական ներկայացրել են՝ խաբել են: Ընդդիմութիւնը նախկինում է խաբել, հիմա էլ ոչինչ չի կարողանում անել, ուրիշ նոր ուժեր էլ չկան, որոնք հաւատք կը ներշնչեն: Գործուն լուրջ փոփոխութիւններ մինչեւ չլինի, չեմ կարծում, թէ բան փոխւի: Գնալ ընտրութեան, թէ չգնալ, ժողովուրդն էլ կարող է ընդհանրապէս չմասնակցեն:

Երեւանի ընտրութիւններին եթէ ինչ-որ մի տոկոս մասնակցեց, առաջիկայ ընտրութիւններին հնարաւոր է աւելի քիչ մասնակցեն: Ինչը լուրջ մտահոգութիւնների տեղիք կը տայ ոչ միայն մեր շրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Դրսից կը նայեն, կասեն՝ ես մարդիկ չեն ուզում ո՛չ երկիր ունենալ, ո՛չ պետութիւն: Շատերն ասում են՝ ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում, այն իմը չէ, բայց դու ստիպւած ես: Մեր ժողովուրդը ցոյց տւեց, որ ինքը չի զբաղւում դրանով, իր երկրի կառավարումն իր մտահոգութիւնների շրջանակներում չէ, ոչ մէկը չգնաց ընտրութիւնների: Իհարկէ հասկանալի են պատճառները, չկան այն մարդիկ, որոնք իրենց վստահութիւն կը ներշնչեն, դա էլ կայ, բայց կարելի է պայքարի այլ ձեւ ընտրել, կամ հնարաւոր է սա պայքարի ձեւ է՝ ընտրութեան չգնալը:

Panorama.am- 2023 թւականը բեկե՞ց մեր հասարակութեան մէջ եղած այն ապատիան, որը ձեւաւորւել է 44-օրեայ պատերազմի եւ դրան յաջորդած իրադարձութիւնների հետեւանքով։

Ա. Մեհրաբեան- 2023 թ.-ն 44-օրեայ պատերազմից յետոյ ժողովրդի մօտ առաջացած ապատիան չբեկեց: Բեկելու համար բեկումնային իրադարձութիւններ են պէտք՝ ուզում է 3 տարի անցնի, ուզում է՝ 23 կամ 223 տարի: Եթէ բեկումնային՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին փոփոխութիւն չեղաւ, չի լինի:

Այդ նոյն արտաքին ուժերը, որ այդպէս մեծ-մեծ խօսում են՝ էս անենք, էն անենք, իրենք կոնկրետ 2020 թւականին մեր գլխին ջարդեցին այդ պատերազմը: Իրենք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին այս խնդրի տէրերը եւ իրենք էլ ասում էին, որ այս հարցը չի կարող պատերազմով լուծւի, ռազմական լուծում չունի։ Է դրեցին խաբեցին, հիմա ժողովուրդն ինչ անի: Ես ոչ թէ մեղադրելով եմ խօսում ժողովրդի ապատիայի մասին, այլ այն օբիեկտիւ ապատիա է, այսինքն՝ ներքին ռեսուրսների վրայ յոյս չկայ, արտաքին ռեսուրսներն էլ տեսել ենք, որ խաբել են: Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու բերցին տեռորիստական յարձակման մատնեցին:

Նորից եմ կրկնում՝ բեկման համար բեկումնային իրադարձութիւն է պէտք։ Նոյն Արեւմուտքը, եթէ բերի 10000 զինւոր կամ մեծ ուժեր, ապա այդ ժամանակ կարող է մարդկանց մօտ արթնանայ յոյս, որ խօսքերից բացի, ինչ որ ռէալ քայլեր է արւում: Այդ երեք տանկը կամ ութ հատ հրանօթ տալը չեմ կարծում, որ ինչ-որ մէկի մօտ յոյսի նշոյլ է արթնացնում, թէ վերջ, երկիրն արդէն պաշտպանւած է, կամ մենք արդէն անվտանգութեան գօտիներ ունենք: Ո՛չ, բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ ցուցադրական բաներ են, որոնք, միգուցէ, այլ նպատակներ ունեն:

Տարին մարտահրաւէրներով լի տարի էր, ուղղակի պէտք է չկոտրւենք, եթէ մնացել ենք, ապրում ենք այստեղ, ապա պէտք է պայքարենք, իւրաքանչիւր հայի պէտք է մանկապարտէզից դպրոց սովորեցնել, որ եթէ մենք Հայաստանում ենք, պէտք է անվերջ պայքարի մէջ լինենք: Եթէ չէ՝ պէտք է թողնենք գնանք: Եթէ ամէն մէկն իր կաշւի, իր անձի ու ընտանիքի հոգածութեան համար է ապրելու, թող գնայ լաւ բարեկեցիկ երկրում ապրի, որտեղ չի լինի պայքար։ Բայց եթէ ինքը այստեղ ապրելու է ու չի պայքարելու, այն շատ սխալ է։

Պէտք է փոխենք գաղափարախօսութիւնը՝ գոնէ անհատների մակարդակով: Փոքր ժամանակւանից մարդկանց սովորեցնենք, որ մեր առաջին բանը մեր երկրի անվտանգութիւնն ու պայքարն է եւ՝ վերջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button