Հայ ԴատՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մենք Եւրոմիութիւնից ակնկալում ենք շօշափելի քայլեր

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի մեկնաբանութիւնը` Եւրոխորհրդարանի վերջին բանաձեւերում Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը վերաբերող դրոյթների վերաբերեալ

Եւրոխորհրդարանը փետրւարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներ։ Ի սկզբանէ յիշեալ զեկոյցները եղել են յունւարի 16-ի լիագումար նիստի օրակարգում, սակայն քւէարկութիւնը յետաձգւել է փետրւարի 28:

Եւրոխորհրդարանի երկու զեկոյցներն էլ կարեւոր դրոյթներ են պարունակում Ղարաբաղեան հակամարտութեան, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացւած էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպէս նաեւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ։

ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման զեկոյցը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ նախապէս ծրագրւած եւ չարդարացւած յարձակումը, կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին թոյլ տալ հայ բնակչութեան անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրաւունքների պաշտպանութեան ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաեւ պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութիւնը՝ ԻՒՆԵՍԿՕ-ի չափանիշերին եւ Ադրբեջանի միջազգային պարտաւորութիւններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքւի յարձակումը որակում է որպէս միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների, 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան, ինչպէս նաեւ ԵՄ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում ձեռք բերւած պարտաւորութիւնների կոպիտ եւ ակնյայտ խախտում։

Եւրոխորհրդարանի լիագումար նիստը նաեւ ընդգծում է, որ իրավիճակի վերաբերեալ խորհրդարանի բազմաթիւ նախազգուշացումները չեն յանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականութեան որեւէ փոփոխութեան։ Խորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ յարաբերութիւնների ցանկացած խորացում պէտք է պայմանաւորւի մարդու իրաւունքների յարգման հարցում այդ երկրի զգալի առաջընթացով, մասնաւորապէս՝ օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ հիմնարար ազատութիւնների, ներառեալ էթնիկ փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։

Եւրոխորհրդարանն այնուհետեւ Եւրոմիութեանը կոչ է անում անյապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագիրը։

Ի թիւս այլնի, Եւրոխորհրդարանը աջակցութիւն է յայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեանը կոչ է անում ուշադիր հետեւել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշւէտւութիւն տրամադրել խորհրդարանին եւ ակտիւօրէն նպաստել հակամարտութեան կարգաւորման ջանքերին: Խորհրդարանը նաեւ արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղութեան եւրոպական հիմնադրամի միջոցով, մասնաւորապէս՝ հիբրիդային սպառնալիքների դէմ պաշտպանունակութիւնն ուժեղացնելու նպատակով:

ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ զեկոյցը նաեւ պարունակում է դրոյթներ, որոնք համընկնում են միւս զեկոյցի դրոյթների հետ: Բացի դրանցից, այս զեկոյցով խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային եւ անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դէմ, ներառեալ, բայց չսահմանափակւելով նախագահ Ալիեւի քաղաքական եւ ռազմական շրջապատով, ինչպէս նաեւ ցանկացած դէպքում բացառել Ադրբեջանից նաւթի եւ գազի ներկրումը։

Մեկնաբանելով յիշեալ զեկոյցների ընդունումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նկատել է.

«Եւրոխորհրդարանը հաւատարիմ է մնում իր գործառոյթին որպէս ժողովրդավարութեան պալատ՝ յստակ եւ օբիեկտիւ դիրքորոշում ընդունելով Ադրբեջանի թշնամական քաղաքականութեան վերաբերեալ, ինչպէս Արցախի, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք երախտապարտ ենք մեր ընտրւած խորհրդարանականների մեծամասնութեանը՝ իրենց անաչառութեան համար: Այնուամենայնիւ, մենք պէտք է արձանագրենք, որ, ցաւօք, ԵՄ գործադիր իշխանութիւնը վարել եւ վարում է այլ քաղաքականութիւն՝ ի թիւս այլնի գովաբանելով Ադրբեջանի նաւթային դիկտատորին որպէս «վստահելի գործընկեր»։ Ի վերջոյ, գործադիրն է ձեւաւորում իրականութիւնը: Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը եւ նրա յանձնախմբերը կը շարունակեն իրենց ամենօրեայ աշխատանքը ԵՄ ընտրւած ներկայացուցիչների հետ եւ կը շարունակեն ԵՄ գործադիրին իր քաղաքականութեան համար պատասխանատւութեան ենթարկելու աշխատանքները։ Մենք Եւրոմիութիւնից ակնկալում ենք շօշափելի քայլեր։ Եւրոխորհրդարանի բանաձեւերը հիմք են հանդիսանում այդ քայլերի համար»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
29․02․2024 թ․

Arfd.am

Armein mar. 2

Առնչւող Յօդւածներ

Back to top button