Հայաստան - Արցախ

Արմէն Աշոտեան. ««Զանգեզուրի միջանցք»-ը Փաշինեանի գործունէութեան արդիւնք է. նոր ապացոյցներ»

«Զանգեզուրի միջանցք»-ը զուտ Փաշինեանի «դիւանագիտական ջանքերի» արդիւնք է, որը երբեւէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտի ստորագրումը վերջնիս կողմից: Այս մասին ասւում է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի յօդւածում, որը հրապարակւել է «Նուբարաշէն» ՔԿՀ-ից։

«Ալիեւի տարեսկզբեան հարցազրոյցը նոր լիցք հաղորդեց, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ քննարկումներին: Որքան էլ Փաշինեանը եւ իր թիմը փորձում էին ծածկադմփոց անել այդ խնդիրը, որքան էլ իրենց բնորոշ ստախօսութեամբ եւ ցինիկութեամբ յայտարարում էին, որ «հարցը փակւած է», Ադրբեջանի նախագահի բաւականին բաց եւ շատ ագրեսիւ խօսքը սառը ցնցուղ էր իշխանական քարոզիչներին դեռեւս հաւատացողների գլխին:

Հայաստանի տարածքով պանթուրքական նախագիծը, որով իրար պիտի միանային թուրքական ծագում ունեցող ժողովուրդները՝ Փոքր Ասիա, Հարաւային Կովկաս, Միջին եւ Կենտրոնական Ասիա ուղեծրով, որպէս թուրք ինտելեկտուալների երազանք՝ նոր չէ եւ ծնւել է 20-րդ դարի սկզբին, սակայն Հարաւային Կովկասի խորհրդայնացումը կանխեց նրա իրականացմանն ուղղւած ջանքերը, եւ «թուրքական գօտու» երազանքը յայտնւեց կաբինետների փոշոտ դարակներում:

Սովետական Միութեան փլուզումը շանս էր պանթուրքական ծրագիրը կեանքի կոչելու համար, սակայն Արցախեան ազատամարտում հայ ժողովրդի տարած յաղթանակը կրկին որեւէ շանս չթողեց համայն աշխարհի թուրքական ընդհանուր տարածք ստեղծելու համար:

2018 թ.-ին Փաշինեանի իշխանազաւթումից յետոյ Թուրքիայի եւ նրան սատարող գէոպոլիտիկ կենտրոնների համար հնարաւորութիւնների նոր պատուհան բացւեց: Սարքած եւ ողբերգական 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակից Ալիեւը լաւագոյնս օգտւեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ խցկելով դանդաղ ազդեցութեան սոյն ռումբը:

«Նախկինների» վրայ սեփական մեղքերը եւ դաւաճանութիւնները բարդելու փորձերի մէջ Փաշինեանը փորձում էր մտցնել նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը՝ պնդելով, թէ Արցախեան կարգաւորման բոլոր առաջարկները մշտապէս ներառել են բոլոր կոմունիկացիաների բացման հարցը: Սակայն ո՛չ Տէր-Պետրոսեանի, ո՛չ Քոչարեանի, ո՛չ Սարգսեանի թողած բանակցային ժառանգութեան մէջ չի եղել եւ ոչ մի դրոյթ, կամ առիթ, կամ ձեւակերպում, որի շնորհիւ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող էին վերագործարկել իրենց վաղեմի երազանքը:

Ասածս ապացուցելու համար ձեզ եմ ներկայացնում Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (պանթուրքական նախագծի միակ ինստիտուցիոնալ մարմինն է) կողմից ստեղծման օրւանից առ այսօր ընդունւած փաստաթղթերի վերլուծութիւնը, որը կրկին միանշանակօրէն վկայում է, որ Նիկոլ Փաշինեանը «Զանգեզուրեան միջանցք»-ի վերակենդանացնողն է՝ Էրդողանի եւ Ալիեւի հետ միասին:

Թուրքական պետութիւնների կազմակերպութիւնը (ԹՊԿ) ստեղծւել է որպէս «Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ» 2009 թւականին Նախիջեւանի պայմանագրի հիման վրայ եւ դրանից յետոյ ընդունել է 13 հռչակագիր:

Ի սկզբանէ այս կազմակերպութեան յայտարարութիւններում հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ անդրադարձը բաւականին զուսպ էր եւ աչքի չէր ընկնում ընդգծւած ադրբեջանամէտ ձեւակերպումներով:

2009 թւականի Նախիջեւանի պայմանագրում կողմերը վերահաստատել են իրենց հաւատարմութիւնը տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքներին:

2011 թւականին Ալմաթիի հռչակագրում կազմակերպութիւնն իր աջակցութիւնն է յայտնել Ադրբեջանի ինքնիշխանութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ սահմանների անձեռնմխելիութեանը:

Թէ՛ 2009 թ.-ի, թէ՛ 2011 թ.-ի, թէ՛ դրանից յետոյ՝ մինչեւ 2021 թւականն ընդունւած փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք», «օկուպացւած տարածքներ» եւ այլ նմանատիպ ձեւակերպումներ չկան: Այսինքն՝ «Սերժի վախտ» անգամ ամենապրոթուրքական կազմակերպութեան պաշտօնական յայտարարութիւններում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին որեւէ յիշատակում չկայ:

Այսպէս շարունակւում է մինչեւ 2021 թւականի Ստամբուլեան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ պաշտօնապէս յայտնւում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին յիշատակում՝ «Կազմակերպութիւնը ընդգծում է «Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպէս ծագող հնարաւորութիւն՝ խթանելու առաւել լաւ փոխկապակցւածութիւն միջկասպեան միջազգային Արեւելք-Արեւմուտք միջանցքի շրջանակներում եւ կոչ է անում անդամ երկրներին աջակցել Ադրբեջանի կառավարութեան ջանքերին՝ դրա շուտափոյթ գործարկման ուղղութեամբ» (կէտ 40-րդ):

Դրանից յետոյ այդ միջանցքի մասին յիշատակումն այլեւս դառնում է թուրքական կազմակերպութեան կողմից ընդունւած փաստաթղթերի անբաժան մասը (Սամարղանդ 2022, Անկարա 2023 եւ այլն):

Կարող ենք եզրակացնել, որ նախքան 44-օրեայ պատերազմն Ադրբեջանին չի յաջողւել այնպէս անել, որ ամենաադրբեջանամէտ եւ թուրքամէտ այս կազմակերպութիւնը նոյնիսկ իր պաշտօնական հաղորդագրութիւններում հանդէս գայ ընդգծւած պրոադրբեջանական տեքստերով: Այս կազմակերպութիւնն ընդգծւած ադրբեջանամէտ տեքստեր սկսեց ընդունել միայն 44-օրեայ պատերազմից յետոյ, իսկ Ալիեւի յօրինած «Զանգեզուրի միջանցք»-ը կազմակերպութեան պաշտօնական փաստաթղթերում յայտնւեց միայն 2021թ. ամռանը՝ արտահերթ ընտրութիւնների արդիւնքում Փաշինեանի վերարտադրութիւնից յետոյ:

Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք»-ը զուտ Փաշինեանի «դիւանագիտական ջանքերի» արդիւնք է, որը երբեւէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտի ստորագրումը վերջնիս կողմից: Եթէ այս թեման, ինչպէս նաեւ Արցախի հարցում կողմնակալ դիրքորոշումը բացակայել է նոյնիսկ թուրքական երկրների կազմակերպութեան օրակարգից, ակնյայտ է, որ այլ միջազգային կառոյցներում մթնոլորտը դժւար առաւել ադրբեջանանպաստ լինէր:

Այսինքն՝ միջազգային հանրութեան կողմից ՀՀ նկատմամբ անհամաչափ ճնշումների, Արցախը վաղուց ադրբեջանական ճանաչելու, «Զանգեզուրի միջանցք»-ի եւ այլնի մասին գործող իշխանութիւնների յայտարարութիւններն անհիմն են եւ միտւած են կոծկելու սեփական յանցագործ ձախողումները»:

Yerevan.today

Առնչւող Յօդւածներ

Back to top button