Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Տաւուշի հետ կապւած «առաջին ծաղիկները» 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ արդէն տեսանելի էին»

«ԱԼԻՔ» – Տաւուշի հետ կապւած իրադարձութիւնները սաղմնաւորւել են 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Տաւուշում ընթացող գործընթացներին:

«Այն ինչ կատարւում է Տաւուշի շուրջ միայն արտաքուստ է սահմանազատում/սահմանագծում յիշեցնում, որովհետեւ եթէ իրականում երկու երկրները մտնէին նման գործընթացի մէջ, ապա ոչ թէ պէտք է յայտարարւէր, թէ աշխատանքը Տաւուշից են սկսում, այլ կը ներկայացւէր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտէզը:

Այս գործընթացի հետ կապւած հանրային սուր արձագանգը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ եւս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում՝ մի կողմից ամէն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, միւս կողմից՝ դրանց չափազանց ուշ արձագանգելու տեսանկիւնից:

Նոյն Տաւուշի հետ կապւած «առաջին ծաղիկները» 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ արդէն տեսանելի էին, մանաւանդ, երբ սկզբնական շրջանում ադրբեջանցիները փորձել էին այն նոյնիսկ եռակողմ յայտարարութեան տեքստ մտցնել, բայց այն ժամանակ փաշինեանական իշխանութիւնից այլ սպասելիքներ եւ զիջումներ էին ակնկալում ու սրանց դէմքը միացեալ ուժերով փրկեցին:

Անցնող 3-4 տարիների ընթացքում այս խնդրի մասին որոշ գործիչներ, փորձագէտներ, լրագրողներ բազմիցս են խօսել, իսկ մի ամիս առաջ Փաշինեանն արդէն բաց տեքստով է խոստովանել, բայց չգիտես թէ ինչու շատերի համար էր միայն երէկւայ ապրիլի 19 իրադարձութիւններն էին շոկային:

Նոյն Արցախի թեման է՝ որոշ առանձնայատկութիւններով, երբ 2018 թւականից արդէն պարզ էր, թէ ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խօսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում»:

Իր յանձնողական քաղաքականութիւնն իրացնելու ճանապարհին իշխանութիւնը բոլոր միջոցներով ոչ իշխանական դաշտում անտարբերութիւն, անվստահութիւն եւ պառակտում է մտցնում, ոմանք գիտակցւած կամ չգիտակցւած մտնում են այդ դաշտ, իսկ հետեւանքն այն է, որ ամէն նոր հանգրւանային փուլում հասարակութեան ակտիւ, առողջ եւ կարող խմբերը մօտենում են անպատրաստ, խոցելի եւ վիրաւոր:

Կարելի է՞ այս հանգամանքները հաշւի առնելով ամէն ինչ աւարտւած համարել:

Իհարկէ, ոչ: Պայքարի ու դիմադրութեան ռեսուրսն ու պոտենցիալը սպառւած չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին եւ տեղում կիրառելու խնդիր կայ, ինչը պէտք է հիմնւած լինի ոչ թէ յուզականութեան կամ ձեւականութեան, այլ պրագմատիկ հաշւարկների վրայ»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button